Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կեղծ էլիտայի հիմնական սկզբունքը. «Հայոց աշխարհ»

Հունվար 11,2014 10:24

Աստվածային շնորհը, որ թույլ է տալիս պատահական բառերով հակիրճ արտահայտել ավելին, քան ցանկանում էիր, հասու է բնավ ոչ ամենքին, եւ եթե նման մարդ հայտնվում է հորիզոնում, թեկուզ անգամ Բելգիայում, ապա նրան պետք է շտապ դեպորտացիայի ենթարկել Հայաստան։ Այստեղ նման ձեւով արտահայտվելու հմտությունը մակրոտնտեսական կամ քաղաքագիտական գիտելիքներից շատ ավելի արժեքավոր է։
Բարեբախտաբար հայոց աշխարհում Աստծո շնորհով օժտված անհատների առանձնակի պակաս առայժմ չի զգացվում, որի համոզիչ ապացույցը դարձավ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունը. «Տո վաբշե ես ինչ կայֆեր էլ ուզեմ, անում եմ, փաթթած ունենամ բոլորին»։
Մեզանում ավանդաբար շատ են խոսում ու գրում հայրենի քաղաքական գործիչների բարեկրթության մասին։ Բացի վերոնշյալ մեջբերումից, այստեղ մենք հիշելու եւ ամաչելու բան ունենք։ Կոնկրետ օրինակները չափազանց շատ են, բայց դա չէ կարեւորը։
Այո, հայրենի բազմաթիվ պատգամավորներ վատ են դաստիարակված։ Բայց մի՞թե հաջորդ անգամ մեր ընտրածը ուրիշ կլինեն։ Եվ պատճառը բնավ այն չէ, թե «ԱԺ-ն ընդամենը մեր հասարակության հատվածն է»։ Դա չէ խնդիրը։ Ընտրելու բան չկա. սա՛ է դժբախտությունը։
Շատերն այսօր դատողություններ են անում քաղաքականության եւ իշխանության մեջ ինչ-որ նոր մարդկանց մասին։ Իսկ որտեղի՞ց են նրանք հայտնվելու։ Հայրենի էլիտան թարմ արյան ներհոսք չունի։ Անհնար է հիշել որեւէ նոր անուն՝ վառ եւ ինքնատիպ, գիտության, մշակույթի, քաղաքականության վերին հորիզոնականներում։ Տասնամյակի ընթացքում՝ ոչ մի նշանակալից բան։
Հայաստանի մտավոր էլիտան մանրացել եւ լուրջ ճգնաժամ է ապրում։ Այստեղից էլ քաղաքականության ոլորտում, որը պիտի կադրեր քաղի մտավոր էլիտայից, նույնքան տաղտկալի լճացում է տիրում։ Ինչ-որ նոր մարդիկ կարծես թե հայտնվում են, բայց այն աստիճան անդեմ ու այնպիսի թեթեւամիտ գաղափարներով, որ պարզապես ապշում ես։
Այնպիսի տպավորություն է, թե քաղաքական համակարգը աշխատում է միայն փոխարինման սկզբունքով։ Դրա համար էլ «բոլորին փաթթած ունեցող» պատգամավորի փոխարեն կարող է հայտնվել ոչ պակաս էկզոտիկ մեկ ուրիշը, իսկ հիստերիկ Պողոսի փոխարեն՝ թուքը շաղ տվող Պետրոսը։ Տվյալ դեպքում անունները նշանակություն չունեն։ Դրանց մեջ չէ էությունը, այլ այն, որ հայրենի էլիտայի վիճակը թույլ չի տալիս լուրջ փոփոխություններ ակնկալել։
Իհարկե, մեզանում շատ են խելացի եւ բարեխիղճ մարդիկ, բայց նրանք մեծ մասամբ խուսափում են որեւէ հրապարակային գործունեությունից։ Եվ ճիշտ էլ անում են. համակարգը անողորմաբար դուրս է մղում իր մեջ պատահաբար հայտնված բոլորին։ Դրա համար էլ ուրիշ ոչինչ չի մնում, բացի այսուհետ էլ սրանցով զմայլվելուց, թեեւ նման «գործիչների» կարելի է հանդիպել մայրաքաղաքի ամեն մի աղբանոցի մոտակայքում։
Ասենք, որտեղի՞ց պիտի հայտնվեն ուրիշները։ Վաղ թե ուշ ամեն ինչի համար հարկ է լինում հատուցել։ Այսօր մենք հատուցում ենք հասարակությանը քայքայած վերջին 20-25 տարիների քաղաքականության համար։
Եվ ի՞նչ կատարվեց։ Հասարակություն, որտեղ քաղաքացիական արժանապատվությունը բնավ ամենամեծ արժեքը չէ։ Թե կուզեք իմանալ, Հայաստանը կորցրել է իր էլիտային։ Այն, ինչ հիմա ունենք, ընդամենը սուռոգատ է։ Կեղծ էլիտա։

Գագիկ ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ թերթի» այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031