Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենի հետ մենք կորցրեցինք այն համարձակությունը, որը բացակայում է շատ մտավորականների մոտ». Արամ Սաթյան

Հունվար 10,2014 23:04

«Լռելը նշանակում է հանցագործություն, պետք է կարողանալ եւ՛ արտահայտվել, եւ՛ լսել: Արմենը հենց այդպիսի մարդ էր»,- այսպես հիշեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանին, ով մահացել է հունվարի 8-ին, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը:

Նրա խոսքերով մտավորականը պետք է լինի համարձակ, կարողանա արտահայտել իր մտքերը եւ ծառայել հասարակությանը, իսկ Արմեն Մազմանյանը համապատասխանում էր այդ չափանիշներին. «Արմենի հետ մենք կորցրեցինք այն համարձակությունը, որը բացակայում է շատ մտավորականների մոտ»:

Դերասան Արմեն Էլբակյանը խոստովանեց, որ Արմեն Մազմանյանի մասին խոսելը իր համար շատ ծանր եւ ցավալի է. «Արմեն Մազմանյանը խիստ սկզբունքային, իր տեսակետը ունեցող մի քաղաքացի էր, որը մինչեւ վերջ նվիրված ապրեց իր ստեղծագործությանը եւ այն գաղափարներին, որոնք ուներ, ինչի համար հարգանքի է արժանի: Շատ ցավում եմ, շատ ափսոս, շատ մեծ բան կորցրեցինք»:

Ռեժիսոր, դերասան Վիգեն Ստեփանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ տաղանդավոր արվեստագետները չեն կարող լինել պարզ, այդ իսկ պատճառով Արմեն Մազմանյանը շատ բարդ մարդ էր, բայց ուներ նպատակ եւ ծրագրեր, որոնք  եւ իրականացնում էր. «Արմեն Մազմանյանը մի երեւույթ է թատերական աշխարհում, որը հնարավոր չէր անտեսել եւ ասել «հա՛, դե լավ, ո՞վ ա, որ»: Չէ՛, նա շատ հստակ մի արվեստագետ էր, որ ստեղծեց իր տեսակը, դաստիարակեց սերունդներ, լավ սերունդներ, որոնք այսօր մեր լավագույն դերասանների շարքում են»:

Վիգեն Ստեփանյանը խոստովանեց, որ արդեն մեկ տարի է հրաժեշտ է տալիս իր ընկերներին եւ այդ փաստը շատ ցավալի է իր համար. «Ծանր է կորցնել քեզնից երիտասարդներին, մարդկանց, որոնց հետ մեծացել ես, որոնց հետ ճանապարհ ես անցել: Գնում են երեւանցիներ, գնում են արվեստագետներ: Վստահ եմ, ինչ-որ մարդիկ կգան ու կգրավեն մեր տեղը»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031