Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Խեչոյանի մահը համազգային վիշտ է. Աբգար Ափինյան

Հունվար 10,2014 21:45
levon xechoyan

«Խեչոյանը մարդ էր եզակիորեն բարձր, ազատամարտիկ, մի հայրենասեր հայ, ով զենքը ձեռքին պատրաստ էր պաշտպանել իր հայրենիքը, իր երկիրը եւ իր կյանքի բոլոր օրերին Խեչոյանը դիրքերում էր՝ զգացողությունը, որ հետեւում ենք Լեւոն Խեչոյանի գործունեությանը առաջին հերթին դա է՝ ինքը դիրքերում է, ինքը պաշտպանում է հայրենիքը»,- այսպես Լեւոն Խեչոյանին նկարագրեց Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Արձակագիր, հրապարակախոս Լեւոն Խեչոյանը մահացել է հունվարի 8-ին, իսկ այսօր՝ հունվարի 10-ին, Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ նրա հոգեհանգստի արարողությունը:

Պարոն Ափինյանը հայտարարեց, որ Լեւոն Խեչոյանի մահը համազգային վիշտ է եւ բոլորը պետք է հասկանան, որ հայ ազգը կորցրել է մեծ գրողի. «Ի դեմս Լեւոն Խեչոյանի մենք կորցրեցինք մեր արձակի առաջին դեմքին: Երկար ժամանակ եղել է եւ ընկալվել է, իսկապես, մեր գրականության, ժամանակակից արձակի առաջին կարգի մեծություն, եւ ես այն կարծիքն ունեմ, որ երկար ժամանակ այդպես էլ ընկալվելու է, որովհետեւ նա միայն արձակի վարպետ չէր»:

Իսկ արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Լեւոն Խեչոյանը իր մոտ ընկերն ու գրչեղբայրն է եղել: Լեւոն Խեչոյանի հետ ծանոթացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում՝ «ինքը ազատամարտիկ էր, ես էլ ռեպորտաժներ էի պատրաստում, առաջին գծում հաճախ էի հանդիպում իրեն»: Իսկ պարոն Խեչոյանին նկարագրեց իբրեւ տաղանդավոր արձակագիր, սկզբունքային, ազնիվ եւ մեծ մարդ, որի նման քչերը կան.

«Շատ բան է թողել մեր սերունդներին, բայց իր հետ էլ շատ բան տարավ, որովհետեւ չհասցրեց, որովհետեւ իր ծաղկուն շրջանն էր, իր ամենաեռուն շրջանը, որ արդեն իմաստացած, արդեն կարող էր մեծ գործեր անել: Տվել է, իհարկե՛, բայց, ցավոք սրտի, հիվանդությունը տարավ նրան»:

Իսկ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը խոստովանեց, որ ցավում է. նման մեծություններին կենդանության օրոք քչերն են ճանաչում.

«Միգուցե՛, այս ողբերգական դեպքը կխթանի, որ մարդիկ գնան ու մեր կենդանի գրողների գրքերը կարդան ու հետո էլ չասեն՝ «ո՞ւմ հետ ենք ապրում»: Ճիշտ է հիվանդությունը չի ճանաչում ո՛չ տաղանդավոր մարդկանց, ո՛չ անտաղանդ մարդկանց, բայց եթե կյանքի օրոք ինքը տեսներ այդ հետաքրքրությունը, միգուցե՛, մենք նոր վեպեր կունենայինք»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031