Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Ամանորի կապակցությամբ հանդիպելով տեղի լրագրողներին ու շնորհավորելով վերջիններիս` որպես ընթերցող իր կարծիքն ու պատկերացրումները ներկայացրեց հրապարակվող նյութերի մասին: Ի դեպ, մարզպետը ոչ միայն հետևում է հեռուստաընկերությունների աշխատանքներին կամ ընթերցում է տպագիր թերթերը, այլ անխտիր ուսումնասիրում է բոլոր կայքերը, նրա խոսքերով .«ամեն ինչ տեսնում եմ, ամեն ինչից տեղյակ եմ»:
Ֆելիքս Ցոլակյանն ասաց. «Ես կուզենայի, որ բոլորիս համար լավ տարի լինի, հաջողություններ լինեն քաղաքում, նոր, ավելի լավ բաներ, որոնց մասին և լուսաբանելու հնարավորություն ունենայիք, և ցանկություն: Ես լրագրող չեմ, բայց գիտեմ, որ յուրաքանչյուր հայ կամ ի ծնե լրագրող է մի քիչ, կամ ի ծնե քաղաքական գործիչ է մի քիչ, այսինքն, ովքեր շարադրություն գրել իմացել են, էդպես մի բան կա, լավն ու վատը թողնենք: Ի՞նչ է իմ խնդրանքը, ես գիտեմ, որ շատ հարցերում իմ ասածը կարող է անընդունելի լինել ինչ-որ մարդկանց համար էստեղ, բայց ես կուզենայի, որ լիներ արդար, ազնիվ լուսաբանում: Դա օգտակար է: Մեկ-մեկ մի խոսք եմ ասում` հաստատ գիտեմ, էդ խոսքը վաղը մամուլում կարդալու եմ, հիշո՞ւմ եք քաղաքում, երբ որ սկսվեցին ասֆալտապատման աշխատանքները, բավականին թերություններ անընդհատ լուսաբանվում էին: Մի անգամ ջղայնացած էի, շինարարների վրա խոսում էի, ասում էի` ջրի մեջ ասֆալտ եք լցրել, գնացեք քանդեք, ամեն անգամ էլ արել եք, իմիջիայլոց, հետագայում կերևա որակը, ԳԱԼԱ հեռուստաընկերությունը այդ ժամանակ շատ լավ մեկնաբանում էր` էստեղ ջրի մեջ ասֆալտ լցրեցին, այնտեղ լցրեցին, ջղայնացած ասի`օղորմի ԳԱԼԱ-ի հորը, իրանք չլինեն, չենք իմանա: Վրաս ծիծաղեցին, բայց իրականում ես որպես գովեստ ասացի, որովհետև դա մեծ օգնություն էր: Հիմա ես ուզում եմ, որ Ձեր ամեն մի արածը նաև օգնություն լինի: Մենք չենք կարող էստեղ նստած իմանալ, թե ինչ է կատարվում էս ինչ տեղը », -ասաց մարզպետը:
Նա նաև ասաց, որ տրամադրված քննադատությունը սարսափելի երևույթ է և որ սխալ մեկնաբանող լրագրողը երրորդ նյութից իր պատիվը գցում է, հորդորեց լրագրողների աշխատել իրենց գրագիտության, արած գործի որակի վրա: Նա ասաց, որ ընդունում է օբյեկտիվ քննադատությունը, որքան էլ այն տհաճ լինի լսել, սակայն որևէ կերպ չի ընդունում անձնական վիրավորանքը, քանի որ, այն երբեք չի մոռացվում: Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հորդորեց նաև չուրախանալ ուրիշների դժբախտության վրա ու մեջբերեց մի օրինակ լրագրողներից մեկի պրակտիկայից:
«Ես տեսել եմ մի ժուռնալիստի Սևանի ճանապարհին, մեքենայով գալիս ենք նույն ճանապարհով, ես կանգնեցի, իմ հետևից կանգնեց նրա մեքենան, բոլորն էլ ճանաչում են, կարևոր չէ` ով է: Իջավ մեքենայից, հացի մի խանութ կա ճանապարհին, քարի հաց են վաճառում, ժուռնալիստն իջավ քարի հաց առնելու, ինձ հետ մարդ կար, նա էլ իջավ հաց առնելու, ես ասի` տեսար ո՞վ եկավ հետդ, ասաց `հա ու ծիծաղելով դուրս եկավ խանութից: Հարցրեցի` ի՞նչ է եղել, ասաց` տեսնեիք ժուռնալիստը ինչ էր խոսում հեռախոսով, տեսնեիք չէիք ճանաչի, խանութից զանգահարեց իր խմբագրություն ու ասեց` գիտե՞ք ինչ նյութ եմ բերում, արա, չեք պատկերացնի ինչ նյութ եմ բերում` տշել է, ծեծել է… Ժարգոնային բառերով խոսել է ու ի՞նչ է եղել .ընտանեկան մի պատմություն պետք է լուսաբանի, գնացել, տեսել է, որ էդ ընտանիքում վիճակը շատ վատ է, իրեն հրավիրել են, որ լուսաբանի, ինքն էլ իր ղեկավարին զանգել, ասում է` գիտեք` ինչ նյութ եմ բերում: Դե լավ, դրա վրա ինչո՞ւ ես ուրախանում, մարդ ու կնիկ են, կռվել, կռվել են, բա ուրախանալո՞ւ բան է, որ ուրախանում ես, բարիշացնել կարո՞ղ ես, բարիաշացրու, չես կարող բարիշացնել, հազար ներողություն, ի՞նչ ես գնացել էդքան պատմություն արել»,- զարմացած ասաց մարզպետը:
Կարդացեք նաև
Ֆելիքս Ցոլակյանը խոսեց նաև Գյումրիում 2013 թվականին արձանագրված հաջողություններից ու գյուղական խնդիրներից:
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գյումրու քաղաքապետը չի կարողանում ներգործել ներքաղաքային տրանսպորտի վարորդների վրա, գուցե մարզպետը թիկունք կանգնի քաղաքապետին` վարորդներ ու քաղաքապետ հակամարտությունում եւ երկուսով կարողանան կարգավորել մարզկենտրոն Գյումրու հիմնախնդիր դարձող այս, առայժմ, խնդիրը: