2013 թվականին պաշտոնական տվյալներով, բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը արձանագրել է 897 խախտում, կազմել է 663 ակտ` 145.5 միլիոն դրամի չափով, 438 արձանագրություն 103 միլիոն դրամի փոխհատուցմամբ: Այս մասին այսօր «Էկոլուր» ակումբում ասաց «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ինգա Զառաֆյանը, որը նշեց, այդ տուգանքների մեծ մասն ընկնում է անտառհատումների, այսինքն` 1 ապօրինի հատվող ծառի փոխհատուցման գումարը 40-50 հազար դրամ է, իսկ հատկապես հանքարդյունաբերությունում վթարների համար նախատեսված տուգանքները 100-300 հազար դրամից չեն անցնում, սա այն դեպքում, երբ շրջակա միջավայրին լուրջ վտանգներ են սպառնում: Ըստ տիկին Զառաֆյանի, օրինակ` Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, որ ամբողջ ձորը պոչանքների տակ է, 100-300 հազար դրամ տուգանք է վճարել. ինչն այս ընկերության համար «կոպեկներ են»:
Մանրամասն` տեսանյութում
Տիկին Զառաֆյանն ասաց, որ Սեւանա լճին վերաբերող խնդիրներն ու Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագիծն այս տարի բնապահպանների խիստ ուշադրության տակ է լինելու, քանի որ այս երկուսի դեպքում էլ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը անդառնալի կարող է լինել. «Դեկտեմբերին 2 որոշում կար, բիզնես ծրագիր 74 ձկնաբուծարան բացելու, ըստ որի, 10 տարուց 50 հազար տոննա իշխան պիտի արտադրվի` արհեստական կերի դիմաց: Սա մեզ համար ահավոր նախագիծ է. Սեւանի մասին օրենքն արգելում է դա: Կառավարության մյուս նախագիծը ջրի բացթողումների մասին է, գիտեք, որ օրենքով Սեւանից ջրի բացթողումը սահմանափակվում է տարեկան 170 միլիոն խորանարդ մետրով, ջրպետկոմիտեն ուզում է 240 միլիոն ավելացնել, հիմնավորելով` Սեւ ջուր գետը, որը ոռոգում է Արարատյան դաշտավայրն, արդեն ջուր չունի: Մենք արդեն ունենք կատաստրոֆիկ վիճակ Արարատյան դաշտավայրում, սա նաեւ կառավարությունն է հաստատել, վիճակը մեղմացնելու համար Սեւանից պետք է ջուր վերցնեն, բայց դա չի կարելի»:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի նախագծին, տիկին Զառաֆյանն ասաց, որ ճիշտ է դեռ ակտիվ շահագործման չեն անցել, ինչը նախատեսված է եղել 2013 թվականին, սակայն այստեղ պետք է ոչ թե բնապահպանական, այլ քաղաքական մոտեցում. «Մենք հաշվարկել ենք, 8 համայնք ընկնում է այդ նախագծի ազդեցության տակ, իսկ որպես ազդակիր համայնք, ընդամենը 3-ն են ներառված, սա ուղղակի անընդունելի է: Թեղուտն արդեն անցել է ակտիվ գործունեության: 2013 թվականին արդեն Թեղուտի ու Շնողի բնակիչները, որոնք սկզբում գոհ են եղել, որ աշխատանք կունենան, արդեն դժգոհ են, ջուրը կորցրել են, այն աղտոտված: Թեղուտի նախագծից ոչ մի օգուտ գյուղացիք չեն ստանում: Թունավոր փոշին նստում է մշակվող այգիների վրա, ու գյուղացիք պտուղ-բանջարեղենից կարող են զրկվել»:
Մանրամասն` տեսանյութում
Aravot.am-ի հարցին, որ նախարարը տարեվերջյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով մեր հարցին, խոստացել էր, որ Ամուլսարի հանքի շահագործումը լինելու է լավագույնը` բնապահպանության տեսանկյունից, արդյոք նախարարի խոստումը կասկածի տա՞կ է դնում բնապահպանը, տիկին Զառաֆյանն ասաց. «Ես չեմ հավատում ուղղակի չհիմնավորված լավատեսական հայտարարություններին, լավատեսության համար դու պետք է հիմնավորում ունենաս, իսկ դա մենք չունենք: Այս տարի «Գեո թիմի» կողմից մի քանի նախագծեր են ներկայացված եղել, դրանք չեն անցել, ոչ հաստատվել են, ոչ լսումներ են եղել, ցիանային ֆաբրիկայի մասին նախագիծը օդի մեջ է: Ցիանային արտադրությունն, իրենք որքան էլ ասեն` անվտանգ է, Եվրոպան հրաժարվում է ցիանային արտադրությունից: Իսկ մենք ինչ ենք անում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ