Ըստ «Փաստինֆո»- ի, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քիչ առաջ մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով սոցիալական ապահովության, նպաստների, թոշակների ֆինանսավորման հարցի քննարկումը:
Ըստ նախագծի, գալիք տարի սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 303, 2 մլրդ դրամ, ինչը 2012 թ.-ի պետական բյուջեով հաստատվածից պակաս է 4,1 մլրդ դրամով:
Մասնավորապես, «Աշխատանքային կենսաթոշակներ» ծրագրով նախատեսվում է 167,5 մլրդ դրամի չափով ծախս` 2012 թ.-ի 169,1 մլրդ դրամի դիմաց: Ծախսերի նվազումը պայմանավորված է կենսաթոշակառուների թվաքանակի 4 117-ով նվազմամբ: 2012 թ.-ին կենսաթոշակառուների թվաքանակն եղել է 449 355:
Աշխատանքային հիմնական կենսաթոշակի չափը կպահպանվի 13 000 դրամ և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` 450 դրամ: Արդյունքում` աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 31 345,8 դրամ` 2012 թ.-ի 31 254,5 դրամի դիմաց:
Շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների միջին ամսական կենսաթոշակի չափը 2013թ.-ին կկազմի 16 357,4 դրամ` 2012 թ.-ի 16 513,1 դրամի դիմաց, սոցիալական կենսաթոշակի միջին ամսական չափը` 16 221 դրամ` 2012 թ.-ի 16 226,1 դրամի դիմաց:
Դատավորի կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 431 998,6 դրամ` 2012 թ-ի 434 363,3 դրամի դիմաց:
2013 թ.-ին կառավարությունը գործազրկության նպաստի ծրագրի ծախսերը հաշվարկելիս հիմնվել է գործազուրկների թվաքանակի նվազման կանխատեսումների վրա: Այսպես` 2013թ.-ին գործազուրկների թվաքանակը նախատեսվել է 16 617` 2012 թ.-ի 20 850-ի փոխարեն: Գործազրկության նպաստի ամսական չափը կպահպանվի 18 հազար դրամի, թաղման նպաստի չափը` 200 հազար դրամի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ամսական չափը՝ 18 հազար դրամի մակարդակում: Ընտանեկան նպաստի միջին ամսական չափը կկազմի 29 537,8 դրամ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում