«Քննարկվեցին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումից բխող նախապատրաստական աշխատանքներին և հրապարակային ակցիաներին վերաբերող հարցեր: Նախաձեռնող խմբի կազմակերպած ակցիաներին իրենց մասնակցությունը կունենան ԱԺ չորս խմբակցությունները»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԱԺ ընդդիմադիր պատգամավորի և «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են հետագա պայքարի հետ կապված հարցեր:
Մեր հարցին` արդյոք ակցիաների ակտիվացում սպասվո՞ւմ է, պարոն Մինասյանը պատասխանեց. «Իհարկե, ակտիվացում լինելու է, քանի որ քաղաքացիական հասարակությունը և առհասարակ հասարակությունը ընդվզում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ: Եվ քանի որ ՍԴ-ն մինչև հունվարի 25-ը պիտի քննարկի օրենքի վիճարկվող դրույթների կասեցման հարցը, այդ ակցիաները լինելու են»: Պարոն Մինասյանը լավատես է, և ՍԴ-ից սպասելիքներ ունի:
Կարդացեք նաև
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են համագործակցության ձևաչափի հիմնական տարբերակները, այլընտրանքային ծրագրի ներկայացմանը վերաբերող հարցեր: Նա տեղեկացրեց, որ հունվարի 18-ին Ազատության հրապարակում, ժամը 14.00-ին կազմակերպվելու է հավաք-երթ` ընդդեմ կենսաթոշակային համակարգի:
Կապված ՍԴ առաջիկա որոշման հետ`Դավիթ Խաժակյանն ասաց, որ խնդրահարույց է այն, որ որոշումը հրապարակային չի լինելու, դրա համար նիստ նախատեսված չէ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ