«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր պատմեց, որ Հայաստանից բացակայում էր արտասահմանում բնակվող իր ընտանիքի մյուս անդամներին տեսնելու պատճառով:
Այդ ընթացքում հետեւել է Հայաստանում զարգացող իրադարձություններին եւ այդ ամենի մասին իր խոսքը կասի փետրվարին. «Պետք է շարունակեմ պայքարը եւ այդ պայքարը պայմանավորված չէ ոչ պաշտոնով, ոչ կեղծված ընտրություններով: Իհարկե, ցավ կա, որ համաժողովրդական վերելքը հանգուցալուծում չստացավ, ուղղակի այդ հանգուցալուծման առարկայական պայմաններն են անհրաժեշտ: Պետք է որպես ժողովուրդ հասունանանք»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչով էր պայմանավորված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի` մանդատը վայր դնելու որոշումը, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Պարոն Պողոսյանը շատ լավ պատգամավոր է եւ հույս ունեմ, որ կվերանայի իր որոշումը ու կմնա խմբակցությունում: Տարաձայնություն չկա: Մասնավոր տիրույթից է բխում նրա որոշումը»:
Հետո ասաց, որ առաջիկա օրերին կլուծվի նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին ժամանակավորապես փոխարինողի հարցը. «Զարուհին ժամանակավորապես է մեկնել, եթե հարկ լինի, պարբերաբար կվերադառնա: Որեւէ բամբասանք կամ դավադրություն, ստորգետնյա բաներ պետք չէ փնտրել: Խմբակցությունը որակյալ աշխատանք տարել եւ շարունակելու է տանել: Ներկայացուցչական կազմը կհստակեցվի փետրվարին: Թեւանը կվերանայի իր որոշումը, նայած թե ով ինչպես կարտահայտվի այս օրերին, ես հրապարակային կարտահայտվեմ փետրվարին»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե պարոն Պողոսյանի` մանդատը վայր դնելու որոշումը մնա անփոփոխ, կիսո՞ւմ եք Զարուհի Փոստանջյանի այն կարծիքը, որ ընտրացուցակում Թեւան Պողոսյանին հաջորդող «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանը պետք է զիջի իր տեղը Ստյոպա Սաֆարյանին, ասաց. «Կրկնում եմ, ամեն ինչ բնականոն կընթանա: Յուրաքանչյուրը իր քայլերով կներկայացնի իր սեփական բնութագրականը եւ կարժանանա իմ գնահատականին: Այս պահին ասելիք չունեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ