Արտերկրում կրթություն ստացած երիտասարդներից շատերը վերադառնալով հայրենիք՝ չեն կարողանում իրենց գիտելիքները իրացնել հայրենիքում: Ոմանք էլ ստիպված են լինում այլ աշխատանք կատարել:
Aravot.am-ի հետ զրույցում Բյուրակն Իշխանյանը փաստեց, որ կրթություն ստանալով Գերմանիայում, Հոլանդիայում եւ Ֆինլանդիայում՝ ներկայումս չի կարողանում գտնել այն աշխատանքը, որը եւ իր մասնագիտությամբ կլինի, եւ կկերակրի իրեն: «Կոնկրետ իմ դեպքում տեսնում եմ, որ ինձանից պահանջում են ավելի քիչ գիտելիքներ, քան ես ստացել եմ: Փաստորեն ստացվում է՝ իմ դրսի կրթությունն անիմաստ է: Այն աշխատանքը, որ հիմա կատարում եմ լրիվ դրույքով, հստակ կկարողանայի կատարել առանց դրսում կրթություն ստանալու: Այսինքն՝ Հայաստանում ստացած իմ կրթությունը լրիվ բավարար էր, ու պարտադիր չէր դրսի դիպլոմը»,- կարծում է Բյուրակնը:
Մյուս կողմից էլ հավելում է, որ դրսի կրթությունն իրեն օգնել է, որ մանկավարժական համալսարանում ժամավճարով դասավանդի: «Փաստորեն, կոպիտ ասած, դա, ինձ պահող կրթությունը չէր, որովհետեւ ինձ այնքան չեն վճարում, որ կարողանամ ապրել»,-փաստում է մեր զրուցակիցը, որը արտերկրում սովորել է կլինիկական լեզվաբանություն: «Լոգոպեդիայի նման մի բան է, նյարդալեզվաբանություն, որն ուսումնասիրում է, թե խոսքն ուղեղում ինչպե՞ս է ձեւավորվում, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում: Ընդ որում՝ սովորել եմ երեք տարբեր համալսարաններում»,-ասում է մեր զրուցակիցը:
Արտերկրից նոր մասնագիտացմամբ վերադառնալով՝ Բյուրակն Իշխանյանը հույս է ունեցել, թե հայրենիքում իրեն գրկաբաց կընդունեն, սակայն հանդիպել է լուրջ խոչընդոտների՝ աշխատանքի տեղավորման առումով: «Ուզում էի մարզում հոգեբույժ աշխատել, անգամ գնացի հասա Դիլիջան, որտեղ ասում էին՝ իբր թափուր տեղ ունեն, հետո այդպես էլ չհասկացա՝ ունեի՞ն, թե՞ չունեին: Ապա ուզում էի գիտությամբ զբաղվել, բայց որտեղ գիտության անուն էի տալիս, բոլորն ինձ թարս էին նայում, ու այդպես՝ գիտելիքներս օդի մեջ մնացին»,- փաստում է Բյուրակնը:
Հետաքրքրվեցինք՝ արտերկրում կրթություն ստացած իր ընկերների մոտ ինչ-որ բան ստացվե՞լ է:
«Ունեմ ընկերներ, որոնց մի մասը աշխատանք է գտել ու գոհ է, չնայած դա մի քիչ էլ մասնագիտոթյունից է կախված: Կան որոշ մասնագիտություններ, որոնք պահանջված են, գնահատվում են: Ինչ վերաբերում է գիտությանը, մեր երկրում գիտության անուն տալը ուղղակի ծիծաղելի է»,-պատասխանեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հայտնի բան է, ակնհայտ, որ Հայաստանում մարդկանց աշխատավերձերը ցածր են,: Այնքան ցածր որ հասվադեպ դեպքերում մարդիկ չեն կարողանում աշխատավրաձով նորմալ գոյություին պահպանել, բացի հատուկենտ ոլորտներից: Եվ դա կապ չունի կրթության հետ, որտեղ ես ստացել, ոնց ես սովորել, ինչ դիպլոմ ես ստացել, Հոլանդիայի թե Ստեփանակերտի: Հիմա հարց է առաջանում այս հոդվածի իմաստը որն է: կարճ ասած ասածդ ինչ է:
Ապրես, լավ ես արել Ֆրանսիայում ես սովորել, սովորել ես քո համար ես սովորել: Հայաստանում դոկտոր/պրոֆեսորներն էլ քիչ փող են ստանում, ու ավելի շատ գիտրլիք ունեն քան դուք ստացել եք Գերմանիայում:
Հարգելի Ընթերցող, ես էլ ճիշտն ասած չհասկացա թե ձեր ասածն ինչ էր: Ամեն բան կապ ունի թե՛ կրթության և թե՛՛ անհատականության հետ: Իսկ որակյալ կրթության մասին առհասարակ լռում եմ, շատերն են ինձանից առաջ այդ խնդիրը բարձրաձայնել: Թույլ տվեք հարցնել, իսկ երբվանի՞ց դուք ձեզ համարեցիք գիտելիքի չափման մասնագետ: Մարդկանց գիտելիքը տիտղեսներով չի չափվում, այլ շարունակական թարմացման հնարավորությամբ: Հենց դոկտոր-պրոֆեսորներն են, որ մեր իրականության մեջ չեն կարողանում ապահովել գիտության բարձր մակարդակը՝ ի շնորհիվ իրենց կաղապարված գիտելիքի և սերնդափոխության բացահայտ անկման (այն է՝ գիտելիքը փոխանցել չցանկանալու կամ չկարողանալու պատճառով): Ոլորտը չի որոշում աշխատավարձը, այլ ոլորտի ինովացիոն հնարավորությունը, որի շնորհիվ այսօր նույնիս Բուրկինա Ֆասոյում գրանցված կազմակերպությունն էլ կարող է համաշխարհային կապիտալին առաջարկ կատարի:
Հոդվածը ներկայացնում է երկու իրականությունների արանքում մնացած մարդու տեսանկյունը, և այդքանով հանդերձ արդեն հետաքրքիր է: Շնորհակալություն: