Լրահոս
Օրվա լրահոսը

Ինգա Զառաֆյան. «Բիզնեսը ճնշում է բնապահպանության նախարարությանը» (Տեսանյութ)

Հունվար 10,2014 16:05

«Մենք ունենք էքստենսիվ ձեւով զարգացումներ տնտեսության մեջ, անխնա բնական պաշարների օգտագործում, շատ վատ մեխանիզմներ ունենք վերահսկման եւ վատացում շրջակա միջավայրի, պատասխանատվության բացակայություն` ամենաբարձր պաշտոնյաներից սկսած՝ մինչեւ ցածր օղակներ, ոչ ոք անգամ դրված ստորագրության համար պատասխանատվություն չի կրում»,-այսօր «Էկոլուր» ակումբում գնահատելով 2013 թվականի բնապահպանական ոլորտը, ասաց «Էկոլուր» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ինգա Զառաֆյանը:

Տիկին Զառաֆյանի ներկայացմամբ` բիզնես մոտեցումը ճնշում է բնապահպանության նախարարությանը.«Անցյալ տարի վարչապետի հայտարարությունը` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» նոր օրինագիծը մտել էր կառավարություն, սրա վրա աշխատել է մեծ աշխատանքային խումբ` բնապահպանության նախարարության կողմից ստեղծված, ակտիվիստներ, բնապահպաններ են եղել, եւ վարչապետն ասաց, որ դա չի նպաստում բիզնես ոլորտի բարելավմանը: Բնապահպանության նախարարությունը չի կարող նպաստել բիզնեսի վրա, նա պետք է կանխի, դրա համար ունենք այլ նախարարություններ: Արդյունքում օրինագիծը հետ գնաց, եւ վարչապետի կողմից հանվեց շրջակա միջավայրի վրա ազդեցությունն արգելող կետերը, նոր այդ տեսքով ընդունվեց: Սա պարտադրանք է նախարարության վրա, կա քաղաքական պատվեր»:

Ինգա Զառաֆյանի խոսքերով` բնապահպանական փորձաքննությունն ուղղակի կանաչ լույս է վառում տարբեր վտանգավոր նախագծերի համար, իսկ բնապահպանական տեսչությունն էլ ոչինչ չի անում: Տիկին Զառաֆյանի տվյալներով մի շարք վթարներ են եղել, իսկ տեսչությունը այդ ուղղությամբ մեղավորներ ոչ փնտրել է, ոչ պատժել:

«104 նախագիծ է ներկայացվել փորձաքննության, 52-ը վերաբերում էին հանքարդյունաբերությանը եւ հարակից օբյեկտներին: Առաջինը Լիճքի եւ Այգեձորի, Գլաձորի հանքավայրերը, Տաշտունի արտադրությունը, Մեղրաձորում ցիանային ֆաբրիկան, Թուխմանուկի պոչամբարը, ցիանային ֆաբրիկան Գոռայգում, որը հետո տեղափոխվեց Գնդեվազ, եւ նորից փոխվեց ու մնաց օդի մեջ: Փորձաքննությունը պահանջել է վերամշակել ցիանային արտադրության նախագիծը Մեղրաձորում, արդյունքում այդ ցիանը հանվեց Մեղրաձորից: Մերժվեց Թուխմանուկի պոչամբարի եւ Գլաձորի հանքավայրի շահագործման նախագիծը, մնացած 48-ը հաստատված են: 23 նախագծերը փոքր ՀԷԿ-երին է վերաբերում: Նույնիսկ ամենասկանդալայինները չեն մերժվել: Խաչաղբյուրի, Մարցի փոքր ՀԷԿ-երը, Դարանակը, Եղեգը, Գնդեվազն ու Ստեփանավանի փոքր ՀԷԿ-երը: Չնայած բնապահպանական ճակատը եւ տարբեր ակտիվ խմբեր պայքարել են, ուղարկել ենք դիմումներ դատախազություն` քրեական գործ հարուցելու համար, չնայած մեծ աղմուկներին, բոլոր նախագծերը հաստատված են եղել: Քանի տարվա ընթացքում մերժում չկա»,-ասաց Ինգա Զառաֆյանը:

Նա ներկայացրեց նաեւ 2013 թվականին հանքավայրերում տեղի ունեցած այնպիսի վթարներ, որոնք կամ մարդկային կյանքեր են խլել, կամ լուրջ վնասներ հասցրել շրջակա միջավայրին:

Ըստ տիկին Զառաֆյանի, վթարներ են եղել Գեղիի պղնձամոլիբդենայինում , իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում պոչատարի վրա 2 անգամ է վթար եղել. «Զանգեզուրի պոչատարը շատ վատ վիճակում է, բնապահպանության տեսչությունը փոխանակ ինքը բարձրացնի խնդիրը, ինքը թաքցնում է վթարները: 2 անգամ Արգիճի ջրատարի վրա այնպիսի վթար է եղել, որ բոլոր հարակից տարածքները լվացվել են, եւ արդյունքում ձկների էնդեմիկ տեսակները հայտնվել են այս ջրատարում եւ այստեղից միանգամից դուրս են քցվել դուրս, մարդիկ ձեռքով են հավաքել ձկներին: Ընկերությունը մոտ 100 դոլարի չափով բնակիչներին փոխհատուցում է տվել, իսկ բնապահպանական տեսչության կողմից` զրո արձագանք: Ալավերդիում էլ վթարի պատճառով թունավոր արտանետումներն ամբողջ քաղաքում էին տարածվել: Ստեփանավանում արտանետումներն աղտոտել են Ձորագետ գետը, իսկ պաշտոնապես հայտարարվել է, որ աղբյուրը հայտնաբերված չէ, բայց նախորդ տարիներից գիտենք, որ Սադամար ընկերությունն անընդհատ գետն աղտոտում է: 2 անգամ ձկների մասսայական ոչնչացում է եղել Դալար գետում, մյուսը` Հրազդանում»:

Ըստ տիկին Զառաֆյանի, նման դեպքերն անընդհատ են կրկնվում, սակայն ոլորտի պատասխանատուն` բնապահպանության նախարարությունը դրանց «դեմը չի առնում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031