Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը Սերժ Սարգսյանին խորհուրդ է տալիս օրինակ վերցնել Վլադիմիր Պուտինից

Հունվար 10,2014 15:44

Անցյալ տարեվերջին, ինչպես եւ ակնկալվում էր, հաստատվեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության ճանապարհային քարտեզը: Փաստաթուղթը դեռ չի հրապարակվել, դրան ծանոթ չեն նույնիսկ իշխող ՀՀԿ-ի քաղաքական այրերը, հետեւաբար, ոչ ոք առայժմ չի ցանկանում քայլերի հաջորդականության, դրանց տրամաբանության, միտումների մասին վերլուծություններ անել կամ տեսակետներ հայտնել: Անգամ մարդիկ, ովքեր սկզբունքորեն ընդունելի են համարում Մաքսային միությանն անդամակցության քաղաքական որոշումը:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այս առնչությամբ կարծիք հայտնեց, որ ենթադրաբար ճանապարհային քարտեզն իր մեջ պետք է ամփոփի տեխնիկական հարցեր` ՄՄ հիմնադիր անդամների կողմից ձեւավորված համապատասխան փաստաթղթային բազային համապատասխան` հայկական կողմի պարտավորությունների կատարման մասին:

Մեր հարցին` չե՞ք կարծում, որ փաստաթուղթն, այնուհանդերձ, պետք է հրապարակվի, որպեսզի հանրությունը հասկանա քայլերի հաջորդականությունն ու տրամաբանությունը, պատկերացումներ կազմի սպասվելիք արդյունքների մասին, Արամ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ես ընդհանրապես կարծում եմ, որ իշխանությունները պարտավոր էին ներկայացնել իրենց քաղաքական որոշման հիմնավորումը, այդ որոշման առանձնահատկությունները, դրա առավելությունները: Եվ դա պետք է արվեր ոչ միայն պաշտոնական հաղորդագրության տեսքով, այլ համապատասխան հեռուստատեսային եւ մանրամասն ելույթներով, միգուցե ծավալուն ասուլիսով կամ ժողովրդի հետ անմիջական կապի մեջ լինելով: Այդպիսի խոշոր եւ կարեւորագույն որոշում կայացնելուց հետո, այդպես է կարգը, որպեսզի մարդիկ իմանան, թե ի՞նչ հեռանկար է իրենց սպասվում, ինչպիսի՞ հաջողություններ են ակնկալվում, որ մարդկանց այսօր կարողանանք երկրում պահել»:

Թափանցիկության առումով, մեր զրուցակիցն օրինակ է բերում հենց ՌԴ նախագահին:

Հետաքրքրվեցինք` ՀՀ իշխանությունների «ծածկադմփոց», ոչ հրապարակային գործելաոճը` թե ԵՄ-ին ասոցացման գործընթացում, թե հիմա` ՄՄ-ին ասոցացման գործընթացում, ի՞նչ է հուշում: Արամ Սարգսյանը կարծում է, որ այսօր ՀՀ-ի կառավարման համակարգում գտնվող մարդիկ կամ կառավարման տեսության հետ ընդհանրապես ծանոթ չեն, կամ էլ` դա իրենց ոճն է` իրենք իբր ստացել են հասարակության մեծամասնության քվեն, որին համապատասխան էլ համարում են, որ պետք է վարվեն. «Մենք գիտենք՝ ինչ ենք անում, իսկ ձեր խելքը չի բավարարում, որ հասկանաք, թե մենք ինչ ենք անում. մենք կանենք` դուք կտեսնեք: Սա է»: Երկրորդ տարբերակը, ՀԴԿ նախագահն առավել հավանական է համարում:

Առաջիկայում Դեմկուսը ոչ միայն կպահանջի, որ իշխանություններն առավել թափանցիկ գործեն, այլ սեփական մոտեցումները կներկայացնի գործընթացների վերաբերյալ` տարբեր քաղաքական ակցիաներով:

Արամ Սարգսյանը,մեղմ ասած, նորմալ երեւույթ չի համարում, որ հանրապետության նախագահի փոխարեն ինչ-որ մի փորձագետ է կարծիք ներկայացնում` ՄՄ-ին անդամակցության վերաբերյալ, քանի որ այդ կարծիքների ծանրակշռության տարբերություններն ակնհայտ են: Մանավանդ, որ լայն հասարակական քննարկումներ էլ չկան, մերթընդմերթ հնչող առանձին տեսակետներ են:

«Հանրապետությունում այսօր մենք ունենք աննախադեպ արտագաղթ, ես 90-ականները չեմ վերցնում, այնտեղ այլ պայմաններ էին, եւ մարդիկ հեռանում են, որովհետեւ իսկապես չեն տեսնում հեռանկարը կամ այլ խնդիրներ չեն կարողանում կարգավորել իրենց կյանքում: Հիմա անգամ հեռանում են մարդիկ, ովքեր քիչ թե շատ ապահովված են: Ամեն դեպքում,արտագաղթի պատճառներն ուսումնասիրված չեն ու իշխանությունը կարծես չի էլ շտապում»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ կամա թե ակամա արդեն սկսում ես մտածել, որ միտումնավոր է արվում, որպեսզի բողոքավոր զանգվածը հեռանա եւ իշխանությունն իր պատկերացմամբ, կարողանա առավել հեշտ կառավարել. «Հարյուրավոր հարցեր կան, որոնք այս պահին պատասխաններ չունեն: Անգամ վիճպետվարչության հրապարակած պաշտոնական տվյալներից կարելի է այնպիսի եզրակացությունների գալ, որ երկիրն ուղղակի արյունաքամ է լինում»:

Արամ Սարգսյանը վկայակոչում է ՀՀ-ում ՌԴ միգրացիոն կառույցների մոտ առկա հերթերը`«Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում. մարդկանց, որոնց այս պահին ընդունում են, գործերը հանձնելու համար հրավիրում են մայիսի վերջին. «Դե պատկերացրեք` մեկնողների քանակն ինչքան մեծ է: Այս պայմաններում, այսօրվա իշխանությունն իրավունք չունի գլուխը հանգիստ բարձին դնել ու քնել, էլ խոսք չի կարող գնալ նրա մասին, թե մենք գիտենք ինչ ենք անում: Իսկ մենք էլ տեսնում ենք ձեր արածի արդյունքը: Գոնե առնվազն ամիսը մեկ հանրապետության նախագահը պետք է հեռուստատեսությամբ հանդես գա` ներկայացնի իր եւ իր կառավարության անելիքները, ցույց տա արդյունքները»:

Ի դեպ, Արամ Սարգսյանը կարծում է, որ ՌԴ նախկին դեսպանը ՀՀ վարչապետին ճիշտ պատասխան տվեց` ասելով` լավ պահեք ձեր ժողովրդին, թող չգնա եւ մեզ մեղադրելու փոխարեն՝ որոշեք, թե ինչպես անել,որ ձեր ժողովուրդը ձեր երկրում մնա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031