Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» խմբակցությունում «Ժառանգության» փոքրամասնություն լինելու մեղավորը Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է

Հունվար 10,2014 15:28

«Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատը վայր դրեց, արդեն խմբակցությունում հավասարակշռությունը խախտվեց: Այսինքն` այս իրավիճակը զարմանալի չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության ներսում գոյություն ունեցող իրավիճակը, երբ «Ժառանգություն» խմբակցությունում «Ժառանգությունը» փոքրամասնություն է, այսպես արտահայտվեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին քարտուղար, հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

Մեր այն հստակեցմանը, թե «Ժառանգության» ներսում ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է, տիկին Հակոբյանն այսպես արձագանքեց. «Մանդատի վայր դնելը վերաբերմունք էր հասարակության քվեի նկատմամբ: Արդեն ամեն ինչ պարզ էր, և ոչ մի զարմանալու բան չկար: Մյուսները հետևանք են և մանր հարցեր: «Ժառանգությունը» միշտ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան հետ է կապվել, և խմբակցության նախկին պատգամավորները շատ լավ են աշխատել, ու ձևավորվել էր «Ժառանգության» կերպար, որը վերացավ: Այժմ այն, ինչ տեղի է ունենում, բնական հետևանք է: Ուրիշ բան չէր կարող տեղի ունենալ: Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ դուրս եկավ, էլ ի՞նչ կարող էր տեղի ունենալ»:

Տիկին Հակոբյանը ցանկանում է խորհրդարանում տեսնել Ստեփան Սաֆարյանին, քանի որ նրա «կերպարը ներդաշնակ է «Ժառանգությանը»:

«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը համարում է, որ «այն, որ «Ժառանգությունը» փոքրամասնություն է սեփական խմբակցության մեջ՝ բազմաթիվ սուբյեկտիվ պատճառների հետևանք է» ու նկատում. «Հիմնական թիրախը եղել է այն, որ խորհրդարանական ընտրություններում կուսակցության սոցիալական բազայի մաքսիմալ ընդլայնում իրականացվեր`ներառել հ/կ-ների սեկտոր, դաշնակից կուսակցություններ և այլն: Դրան միտված քաղաքականության արդյունքում տեսնում ենք այն, ինչ ունենք»:

Պարոն Խաչատրյանից հետաքրքրվեցինք` Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատը վայր դնելու քայլը պատճառներից չէ՞ խմբակցության այս ճգնաժամային իրավիճակի համար: Պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը գնում էր նախագահական ընտրությունների, և որպես պատգամավոր գնալը նա գերադասեց սոցիալական բազայի ընդլայնմամբ` հ/կ-ների սատարման տեսակետից: Դա մեկ միասնական գործընթաց էր` միտված «Ժառանգության» մաքսիմալ բարձր կարգավիճակ ստանալուն, կուսակցության հասարակական համալրմանը»:

Հարցին` հնարավոր համարո՞ւմ է, որ Ստեփան Սաֆարյանը կրկին հայտնվի խորհրդարանում, պարոն Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Ստեղծված քաղաքական իրավիճակում դժվար եմ պատկերացնում, որ ռադիկալ անցումներ տեղի ունենան, որ ինչ-որ մարդիկ ցած դնեն մանդատները`«Ժառանգության» մեծամասնությունը պահպանելու համար: Դա քիչ հավանական եմ համարում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031