Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեկան քանի՞ միլիոն են գրպանել Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանը

Հունվար 10,2014 14:45

ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադեւոսյանը նրանց
հիշեցնում է համատեղ անցյալը

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերթընդմերթ հիշեցնում է իր մասին, ընդ որում՝ բավականին յուրօրինակ կերպով: Անցած տարվա իրադարձություններից ամենակարեւորին` Սերժ Սարգսյանի հայտարարությանը Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցության մասին, Ռոբերտ Քոչարյանը չանդրադարձավ: Չանդրադարձավ մեծ աղմուկ բարձրացրած Վերահսկիչ պալատի բացահայտումներին ու այդ առիթով զարգացած իրադարձություններին, խորացող սոցիալական ճգնաժամին, հասարակության համար օրախնդիր այլ հարցերի: Մինչդեռ երկրորդ նախագահը բավականին ջղագրգիռ արձագանքեց Տիգրան Սարգսյանի ծավալուն մամուլի ասուլիսի որոշ դրվագների: Ի՞նչ է հուշում այդ կեցվածքը:

– Անկեղծ ասեմ` վարչապետի ասուլիսին ծանոթ չեմ. ոչ լսել եմ, ոչ կարդացել: Ուղղակի սկզբունք ունեմ, որովհետեւ ես մոտավորապես գիտեմ, թե ինչ մակարդակի հարցազրույց կարող էր տալ ինքը, որքանով փաստարկված եւ համոզիչ լինել, որքանով կարող էր հետաքրքիր լինել հայ ունկնդրի համար: Քանի որ Տիգրան Սարգսյանի գործողություններն ամբողջովին ուղղված են հայ ժողովրդի դեմ, հետեւաբար ես ավելորդ եմ համարում այդպիսի անձնավորության ասուլիսը լսել:

Իսկ ձեր նշած անձի արձագանքն այդ ասուլիսին, հավանաբար, հասկացած թեմայի շուրջ արձագանք է, քանի որ ավելի բարդ թեմաների շուրջ նրանք բանավիճել կամ իրար վրա քար շպրտել չեն կարող: Նույն մակարդակի անձնավորություններ են, եւ կարծում եմ՝ նրանց ինտելեկտուալ հավասարարժեքությունը միանգամայն բավարար է, որպեսզի իրար քարկոծեն: Իսկ թե ի՞նչ թեմայի շուրջ է քարկոծել` հաստատ այդ նախագահ կոչվածի մոտ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում ունեցած մեծ եկամուտների պակասության սինդրոմ է առաջացել, եւ նա ցավով է արձագանքել Տիգրան Սարգսյանի ասուլիսին:
Համենայնդեպս, ես լուրջ չեմ ընդունում երկրորդ նախագահի անձը եւ կարծում եմ, որ դա այն անձնավորությունն է, որը վաղուց պետք է կանգնած լիներ միջազգային դատարանի առջեւ եւ պատասխան տար իր պաշտոնավարման տարիներին կատարած թալանի համար: Եթե նա քննադատում է գործող վարչապետին, ապա թող հիշի, որ Տիգրան Սարգսյանի շնորհիվ, երբ վերջինս Կենտրոնական բանկի նախագահն էր, դրամի արժեւորման գործողության հիման վրա ժողովրդի գրպանից տարեկան միլիարդներ էին կորզում: Ուրեմն իրար քարկոծելն այստեղ էլ լավ հասկանալի է:

– Այնուհանդերձ, այդ քննադատությամբ կրկին ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հավակնում է վերադառնալ մեծ քաղաքականություն` ՀՀ վարչապետի պաշտոնով: Դուք լուրջ համարո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի կողմից նման հավակնությունները:

– Այստեղ ընդամենն ամոթի եւ պատկառանքի խնդիր է: Ամոթ, պատկառանք, պատիվ ունեցող մարդը երբեք նման մտադրություն չէր կարող ունենալ: Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է: Ինչպե՞ս կարող է հանցագործի մտքով նման բան անցնել, առավել եւս՝ ժողովուրդն էլ դա նորմալ ընդունի:
Ես դա նորմալ չեմ համարում, որովհետեւ ես իմ հայրենիքին նայում եմ որպես մի պետության, որը պետք է ունենա զարգացման համամարդկային արժեքներին համարժեք ուղի, ոչ թե ամեն մի հանցագործի եւ թալանչու նորից փորձի վերակենդանացնել: Նա վերակենդանացման հնարավորություն չունի այլեւս, նա վաղուց քաղաքական դիակ է:

– Իշխանությունները կարծես բարեփոխումների ու լավ կյանքի խոստումներում կրկին բավական շռայլ գտնվեցին, մինչդեռ իրականությունն այլ բան է հուշում: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ բեռով ենք մտնում 2014 թվական:

– Որեւէ բարեփոխում ակնկալել այս իշխանություններից հնարավոր չէ եւ պետք էլ չէ: Բարեփոխման հիմնական հենարանը պետք է լիներ ժողովրդավարությունը: Չկա ժողովրդավարություն՝ չկա բարեփոխություն: Երբ կկարողանանք ստեղծել ժողովրդավարական համակարգ` դրանից էլ կբխեն մեր բոլոր հաջողությունները: Ես բացառում եմ որեւէ հաջողություն այս երկրում:

– Տարբեր քաղաքական ուժեր ամեն ինչ պայմանավորում են վարչապետի անձով եւ նրա ձախողումներով: Ձեր կարծիքով՝ Տիգրան Սարգսյանի փոփոխությունը Հայաստանում էական փոփոխությունների առիթ կտա՞:

– Ձուկը գլխից է հոտում: Ձկան գլուխը գիտեք՝ որտեղ է գտնվում` Բաղրամյան 26-ում:

– Նկատի ունենալով այն, որ 2014-ը ընտրական տարի չէ, ՀԱԿ-ի պասիվությունը շարունակվելո՞ւ է:

– Եթե առավել օբյեկտիվ գնահատականներ տալու լինենք, այլ ոչ թե այն ընդհանուր գնահատականները, որոնք հաճախ փորձում են հնչեցնել մեր ընդդիմախոսները, որպեսզի նսեմացնեն ՀԱԿ-ի գործունեությունը, հավատացեք, որ միակ քաղաքական ուժը, որը քաղաքական դաշտում ակտիվություն ունի, դա ՀԱԿ-ն է: Իհարկե, եթե համեմատության մեջ դիտարկենք 2008-ին հաջորդած տարիները, ՀԱԿ-ն ավելի պասիվ է գործում: Բայց ամեն ինչ պայմանավորված է իրավիճակներով: Կոնկրետ այսօրվա իրավիճակը նպաստավոր չէ քաղաքական լուրջ եւ ակտիվ պայքարի համար: Բայց 2014 թվականի փետրվար ամսից, ես կարծում եմ, մենք ավելի ակտիվ կլինենք, եւ ժամանակն է, որպեսզի այդ ակտիվությանն աջակցի հասարակությունը, որպեսզի կարողանանք օր առաջ այս իշխանություններից ազատվել:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Որքան էլ ցավալի լինի` արձանագրենք, որ ՀԱԿ-ը չի ուզում ազատվել այս իշխանություններից…. ՉԻ ՈՒԶՈՒՄ…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031