Ըստ «Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂ կոմիտեի համակարգող
Կարեն Օհանջանյանի՝ սա է այսօրվա ԼՂՀ-ի «գլխավոր դեմքը»
– Պարոն Օհանջանյան, վերջերս հաճախ եք արտահայտվում Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին՝ արտագաղթի, դրա պատճառների մասին, ԼՂՀ նախագահի եւ նրա «ոչ պրոֆեսիոնալ» թիմակիցների մասին, նշում եք, որ ԼՂՀ ղեկավարությունը մտածում է «սեփական գրպանները լցնելու» մասին: Ի՞նչ է կատարվում Ղարաբաղում, տպավորություն է ստեղծվում, որ նախորդ իշխանությունների համեմատությամբ գործող իշխանությունները ավելի վա՞տ կառավարողներ են:
– Այնպես է ստացվել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այսօրվա տխուր իրավիճակի մասին վերջին շրջանում բարձրաձայնում եմ միայն ես, եւ սա նույնպես բնութագրում է ԼՂՀ-ի ժողովրդավարության մակարդակը, որտեղ ինքնագրաքննությունը դարձել է գրեթե յուրաքանչյուր քաղաքացու հիմնական կեցվածքը: Քաղաքացիական դիրքորոշման բացակայություն՝ սա է այսօրվա ԼՂՀ-ի գլխավոր դեմքը:
Ըստ էության, ԼՂՀ-ի ստեղծման, գաղափարախոսության ձեւավորման պահից, որում անմիջական մասնակցություն եմ ունեցել եւ եղել եմ ոչ վերջիններից, ես՝ որպես քաղաքացիական հասարակության եւ երկրի զարգացման ժողովրդավարական գաղափարախոսության հիմնադիր, ստիպված եմ ժամանակ առ ժամանակ հանդես գալ հիմնական, ընդ որում՝ նաեւ բարոյական հատկանիշներից նահանջող, չճանաչված երկրի իշխանությունների նկատմամբ քննադատությամբ: Ցավոք, ղարաբաղյան ներկայիս իշխանությունը նահանջել է ոչ միայն սկզբունքներից, որոնք հիմնադրվել էին Ղարաբաղյան շարժման փուլում, այլեւ այսօր իրենց ոչ պրոֆեսիոնալիզմով եւ վոլյունտարիստական քաղաքականությամբ լուրջ սպառնալիք է ԼՂՀ զարգացման եւ միջազգային հանրության կողմից ճանաչման ձգտող երկրի համար, որը նաեւ ազգային անվտանգության հարցեր է ներառում:
Գաղտնիք չէ, որ ղարաբաղյան ներկայիս իշխանությունը, այդ թվում եւ նախագահը՝ իր պրոֆեսիոնալիզմով, գիտելիքներով եւ բարոյական հատկանիշներով, զիջում է ԼՂՀ նախորդ վարչակազմին: Ես երկար եւ մանրակրկիտ չեմ ներկայացնելու գործող իշխանության բացթողումներն ու ընչաքաղցությունը, ընդամենը մի քանիսը կնշեմ: Երկրի պետական միջոցների անընկալելի եւ անխոհեմ ծախսեր են իրականացվում գյուղատնտեսության զարգացման վրա՝ ներառյալ «ալպյան» կովերի եւ այլ տեխնիկական միջոցներ են ձեռք բերվում՝ «գյուղատնտեսության կարիքների» համար, որոնք ԼՂՀ-ի պայմաններում կենսունակ չեն: Շինարարության ոլորտում մեծ գումարներ են ներդրվում՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, իսկ այդ մրցույթներում հաղթում են հիմնականում նախագահի եւ վարչապետի մերձավորները, այնուհետեւ ինչ որ կառուցվել է իշխանության մերձավորների կողմից, գնվում է ակնհայտորեն բարձր գներով՝ պետբյուջեից: Հասարակ գյուղացիների համար հնարավորությունների սահմանափակումներ են, իսկ կառավարության պաշտոնյաներն ու ռազմական ղեկավարությունը չնչին գումարներով սեփականություն են ձեռք բերում, ոչ գրագետ հարկային քաղաքականություն է տարվում, որի իրականացման նպատակն է բյուջեի բացերը կարկատելը, ինչը վերջնարդյունքում հանգեցնում է միջին եւ փոքր բիզնեսի ոչնչացմանը: Ձեռք են բերում շքեղ մեքենաներ՝ իշխանությունների եւ նրանց ընտանիքների սպասարկման համար, ինչը ղարաբաղցի հարկատուների վրա բավական թանկ է նստում, ազգային վիճակախաղերը՝ ուղղված կառավարության անդամների ապրանքների իրացմանը, եւ ամենասարսափելին ոչ գրագետ վարկային քաղաքականությունն է: Մասնավոր բանկերից փոխառությունները առնվազն գերազանցում են 100 միլիոն ԱՄՆ դոլարը՝ ԼՂՀ-ի չնչին բյուջեի պայմաններում: Դա նշանակում է, որ ԼՂՀ ղեկավարությունում վոլյունտարիստների պատճառով ղարաբաղցի հարկատուները տասնամյակներով ստիպված են լինելու «գոտիները ձգել»:
Կարդացեք նաև
ԼՂՀ ներկայիս իշխանությունը ընտանիքների մեծ մասին պահում է «վարկային ասեղի» վրա, որոնք հսկայական պարտքերը վճարելու համար ստիպված չնչին գումարներով վաճառում են ողջ ունեցվածքը եւ բոլորին ու ամեն ինչը անիծելով՝ լքում են Լեռնային Ղարաբաղը՝ լուրջ վնաս հասցնելով ԼՂՀ անվտանգությանը:
– ԼՂՀ հասարակական շրջանում ի՞նչ տրամադրություններ են, հավատ կա՞ Ղարաբաղի զարգացման, ԼՂՀ անկախության ճանաչման հարցում, եւ ինչպե՞ս են վերաբերվում իշխանությունները հասարակության մոտ առկա տրամադրություններին, օրինակ՝ հանդուրժո՞ւմ են իրենց հասցեին հնչող քննադատությունը:
– Չնայած այն ծանր վիճակին, որում հայտնվել է երկիրը՝ ողջ քաղաքացիական սեկտորի զարգացմամբ հանդերձ, այնուամենայնիվ, վերջին շրջանում ղեկավարության հասցեին ուղղված քննադատությունը քաղաքացիական ակտիվիստների կողմից, ինչը հասարակ քաղաքացիների աջակցությունն է ստանում, սկսել է իշխանության կողմից լրջորեն ընկալվել: Իշխանությունը գիտակցում է, որ կորցնում է վերահսկողությունը իր քաղաքացիների նկատմամբ: Դա ակնհայտորեն երեւաց վերջին նախագահական ընտրություններում, երբ ընդդիմադիր թեկնածուն՝ Վիտալի Բալասանյանը, փաստացի հաղթեց գործող նախագահին բոլոր խիտ բնակեցված քաղաքներում եւ ընտրատարածքներում: Այդ իսկ պատճառով ներկայիս ղեկավարությունը փորձում է որեւէ կերպ շտկել իրավիճակը, որպեսզի ինքնավերարտադրվի եւ ապագայում փորձի կողմնակիցներ գտնել հասարակության մեջ, ու տպավորություն է ստեղծում, թե արձագանքում է քաղաքացիական հասարակության առաջարկներին: Բայց քանի որ իշխանությունն ընտելացել է աշխատել իր համար՝ մեթոդներն էլ մնացել են նույնը եւ վստահություն չեն ներշնչում, դա է պատճառը, որ լուրջ երկխոսություն չկա հասարակության եւ իշխանության միջեւ:
– ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի գործով ձերբակալվածներ կան, լուրեր են շրջանառվում, որ նրանք Բալասանյանի թիմից են եղել: Այդ մահափորձը որեւէ կերպ կարո՞ղ է կապված լինել վերջին նախագահական ընտրությունների, ներքաղաքական իրավիճակի հետ՝ այն առումով, որ Բալասանյանը նախընտրական քարոզարշավում հանդես էր գալիս որպես ընդդիմադիր թեկնածու:
– Դժվար է կանխատեսումներ անել հանցագործության դրդապատճառների շուրջ: Հուսով եմ, որ հետաքննությունն անաչառ կլինի գոնե այս հարցում, ես ակնկալում եմ բաց եւ թափանցիկ հետաքննություն ու դատավարություն: Ինձ՝ որպես քաղաքացու, մտահոգում է պրոֆեսիոնալ կերպով պատրաստված պայթուցիկ սարքը, եւ հետաքննությունը պետք է պատասխան գտնի, թե ինչպես են քաղաքական գործիչ Վիտալի Բալասանյանի մահափորձի գործով ձերբակալվածների մոտ նման հնարավորություններ եղել: Այս մահափորձը կրկին անգամ ցույց է տալիս ղարաբաղյան իշխանությունների անգործությունն ու անաշխատունակությունը քաղաքացիների ազատ խոսքի եւ անվտանգության ապահովման հարցում: Իշխանությունը պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի ապագայում նման դեպքերի կրկնությունը բացառվի: Ղարաբաղյան անվտանգության մարմինները պետք է զբաղվեն ոչ թե իրենց քաղաքացիների ինտիմ խոսակցությունները գաղտնալսելով եւ անցանկալի քաղաքական գործիչների եւ քաղաքացիների դեմ կոմպրոմատների փնտրտուքով, այլ ապագայում այնպիսի պայմանների ստեղծմամբ, որոնք նման բաների կրկնությունը կբացառեն՝ ապահովելով սեփական քաղաքացիների արժանապատիվ ու անվտանգ կյանքը:
– Դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը եւ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը Ստեփանակերտում հանդիպեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Վերջերս շեշտադրվում է քաղաքացիական խաղաղարարության գործունեությունը՝ պաշտոնական բանակցությունների (Track-1) եւ քաղաքացիական խաղաղարարության (Track-2) միջեւ կապերի զարգացումը։ Ջ. Ուորլիքը հարցազրույցներից մեկում նշեց, որ Մինսկի խումբը պետք է բաց լինի, պետք է լսի ժողովրդին: Ինչ-որ փոփոխություն է նկատվում միջնորդների կողմից ԼՂ-ի նկատմամբ, Ձեր կարծիքով՝ այս ջանքերն առավելապես ուղղված են ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի՞ն, թե՞ ԼՂՀ-ն որպես առանձին միավոր ընկալելու քայլեր են:
– Վերջին չորս ամիսներին արդեն նկատելի են որոշակի տենդենցներ հակամարտության կարգավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների առավել ակտիվ ներգրավման հարցում: Ես մասնակցել եմ Ստեփանակերտում կայացած ձեր մատնանշած հանդիպմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի, ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ: Հանդիպումն անցավ բարյացակամ մթնոլորտում եւ հետապնդում էր ոչ միայն ճանաչողական նպատակ, այլեւ այն շարունակական բնույթ կունենա: Համանախագահները հստակ գիտակցում են, որ քաղաքական ցանկացած համաձայնագիր հակամարտության սկզբունքների շուրջ հնարավոր չէ առանց ղարաբաղյան կողմի: Ինձ համար կարեւոր էր այլ բան, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ակտիվ մասնակցություն ունենա ինչպես իշխանության ներկայացուցիչների կարողությունների, ունակությունների բարձրացման, այնպես էլ քաղաքացիական հասարակության, ինչը կնպաստի ղարաբաղյան կողմի սահուն ներգրավմանը կարգավորման գործընթացում: Այս հարցում փոխըմբռնում գրանցվեց:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ