Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի շինարարական «բումը» հարստացրեց ոչ այնքան պետությանը, որքան մի խումբ մարդկանց»

Հունվար 10,2014 14:29

Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Քոչարյան-վարչապետ «մենամարտը», եւ հիմնականում կարծիքներ են հնչել, թե Քոչարյանը ցանկություն է հայտնում վերադառնալ իշխանություն: «Առավոտը» փորձեց Քոչարյան-վարչապետ այդ հարցուպատասխանում պարզել՝ իսկապե՞ս փուչիկ էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մատնանշած՝ Քոչարյանի ժամանակ աճ գրանցած շինարարությունը: Հիշեցնենք. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով փուչիկին, ասել էր. «Բնակչության մասսայական ելքը Հայաստանից (թվերը չեմ նշում, որպեսզի չփչացնեմ բոլորի տոնական տրամադրությունը): Հեռանում են նոր բնակարանների պոտենցիալ գնորդները՝ կրճատելով պահանջարկը անշարժ գույքի շուկայում: Դրա հետ մեկտեղ հեռացող ընտանիքների բնակարանների մի մասը անխուսափելիորեն հայտնվում է երկրորդական շուկայում՝ ձեւավորելով առաջարկի ավելցուկ: Անշարժ գույքի պահանջարկի եւ գնի անկումը լրջորեն խաթարել են շինարարության ոլորտի ներդրումային գրավչությունը: Թվարկված պատճառներով էլ չի գործում հետաձգված բնակարանային պահանջարկի էֆեկտը 2009 թվականի ճգնաժամի սուր փուլից հետո»:

«Առավոտը» տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանից հետաքրքրվեց՝ արդյոք Քոչարյանի ժամանակ մեծ տեմպերով իրականացվող շինարարությունը, բնակարանաշինությունը որ կատարվեց, նման ծավալի ու գների բնակարանների կարիքը կա՞ր Հայաստանում: Եվ արդյոք այդ բնակարանների չիրացման պատճառը արտագա՞ղթն է՝ հաշվի առնելով, որ արտագաղթողների մեծ մասը ոչ գնողունակ մասսան է: Եվ ինչո՞ւ այդ շրջանում ներդրումներն ուղղվեցին հենց շինարարության ոլորտ, ոչ թե ասենք՝ արդյունաբերության, որը տնտեսությունում երկարաժամկետ աճ կապահովեր:

– 1991 թվականին, երբ մենք մեզանից անկախ՝ դարձանք անկախ, մենք այն ժամանակ մի խնդիր ունեինք՝ Արցախի հարցը: Մենք անկախ պետություն կառուցելու խնդիր չունեինք, ծրագիր չունեինք, չէինք պատրաստվում. Խորհրդային Միությունը քանդվում էր, մենք էլ մեզանից անկախ՝ դարձանք անկախ: Դա նպաստեց նրան, որ 1991 թվականին ստեղծվեց շատ անարդյունավետ պետություն՝ կառավարման իմաստով, պետական կառավարման իմաստով՝ քարշ եկող, յոլա պետություն: Յոլա պետության կարգավիճակում, այդ պայմաններում խոսել, որ մեզ մոտ կլինեն զարգացումներ այս կամ այն ոլորտում, դա ռոմանտիզմ է: Լավագույն դեպքում կլինեն փուչիկներ:

– Հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում, ինչպես նշում են մասնագետները, կոռուպցիոն ռիսկերն ու փողերի լվացումը կատարվում են հենց շինարարության ոլորտում, Հայաստանն այս իմաստով կարո՞ղ էր զերծ մնալ նման ռիսկերից:

– Փուչիկներն ամբողջ աշխարհում ֆինանսական լուրջ շրջաններում շատ տարածված ձեւ են. վերցնում են ինչ-որ ոլորտ, այնտեղ առաջացնում են մարժային խաղեր՝ գնման եւ վաճառքի տարբերության մեծացման խնդիր, խաղեր են սկսում, որից հետո դա բերում է նրան, որ այդ ոլորտ ներհոսք են կատարվում փողեր, որպես կանոն՝ տաք փողեր՝ «hot money», եւ այդ փողերը մտնում են գերշահույթներ ստանալու համար: Որպես կանոն, դրանք այն ոլորտներն են, որոնք վերահսկելը շատ դժվար է: Օրինակ՝ շինարարությունը վերահսկել հարկային իմաստով, ընդհանրապես հենց զրո ցիկլից սկսած, կատլավան փորելուց՝ մինչեւ ներքին հարդարման աշխատանքները, շատ սարսափելի ծանր գործ է, եւ այստեղ հեշտ է ուղղակի թվեր նկարել. դա հիպերհարստացման ոլորտ է դառնում: Հենց այնպես չէ, որ 2007 թվականից սկսած՝ ճգնաժամը սկսեց հիփոթեքից, այնտեղ էլ սկսվեց մարժային խնդիր՝ գները սկսեցին թռնել, հիփոթեքը սկսեց աշխատել (բայց սա առանձին անդրադառնալու թեմա է), ու նման մի բան սկսվեց մեզ մոտ: Եվ բնական է, որ այդ շինարարական բումը, որ տեղի ունեցավ, դա ոչ այնքան նպաստում էր երկրի հարստացմանը, այլ այդ բումի մեջ ներգրավված տարբեր մարդկանց եւ ուժերին: Դրա համար զարմանալի չէ, որ երկնիշ թվով տնտեսական աճ ապահովող Հայաստանը, որ Չինաստանին էլ էր անցնում, իրականության մեջ նույն արտագաղթն այն ժամանակ էլ էր: Ուղղակի որոշ պարագաներում ֆինանսական եւ ընդհանուր տնտեսական վիճակը կայունացավ այն իմաստով, որ, այնուամենայնիվ, փող էր գալիս, մարդիկ աշխատում էին շինարարությունում, եւ որոշ չափով լուծվում էր այդ բարեկեցության խնդիրը: Բայց դա ընթացիկ բարեկեցություն էր, տվյալ պահին աշխատողի համար, բայց ոչ թե պետության բարեկեցություն:

Դրա համար 91 թվականից ով ուզում է խոսել ինչ-որ հաջողությունների մասին, դա ավելի շատ PR նպատակ հետապնդող բան է, դրա մեջ լուրջ բաներ մի փնտրեք: Հայաստանում 1991 թվականից սկսած՝ որեւէ ծրագրային նպատակ չի եղել ոչ մի ոլորտում՝ բացի Արցախից: Ձեր մատնանշած խնդիրներին հազարավորը կարող ենք ավելացնել, եւ եթե փորձենք այս կամ այն խնդիրն առանձին լուծել, տակից դուրս չենք գա: Հայաստանը մոտենում է վտանգավոր տատանումների փուլ, եւ այդ վտանգավոր տատանումների փուլը լավագույն դեպքում կարող է սկսվել մինչեւ 2016 թվականի աշունը, վատագույն դեպքում՝ 2014 թվականի աշունը: Մենք դրան պատրաստ չենք, գոնե լինի մինչեւ 16 թվականը: Եթե մենք շատ լուրջ չսկսենք ուղղակի վերափոխել մեր պետությունը շատ արագ ու բավականին կոշտ մեթոդներով, մենք կունենանք շատ լուրջ խնդիրներ, կորուստներ. սա գուշակություն չէ, սա գիտական հաշվարկ է, կառավարման մեթոդաբանություն:

– Ի՞նչ կորուստների մասին եք խոսում՝ պետականությա՞ն, որը վերջին շրջանում՝ Մաքսային միությանը անդամակցելով ու գազային համաձայնագրերի պայմանների հիման վրա նշում են մի շարք քաղաքական գործիչներ:

– Կառավարման տեսության մեջ կա այսպիս մեթոդաբանություն՝ այս կամ այն համակարգի ճգնաժամի կոր: Մենք հիմա մտած ենք ճգնաժամի մեջ, սա ոչ ոք չի հերքում, ճգնաժամն ունի իր օրինաչափությունները, ունի եւ առանձնահատկությունները: Հաշվի առնելով ճգնաժամի օրինաչափություններն ու Հայաստանի առանձնահատկությունները՝ երեւում է, կորի գնահատականով, որ Հայաստանը մտնում է տատանումների փուլ, թափ է տալու երկիրը. սա գիտական գնահատական է: Երբ ես 2009 թվականին կառուցեցի Հայաստանի ճգնաժամի կորը, առ այսօր ամեն ինչ գնում է այդ կորի տրամաբանությամբ: Սա ցույց է տալիս, որ պետք է զգույշ լինենք, կորը ցույց է տալիս միջակայքը, որտեղ տատանումները կարող են ուժեղ լինել, թե ինչ տեսքով կամ վնասներով կարող են լինել՝ չեմ կարող ասել, դա արդեն գուշակները կարող են ասել. վատագույն սցենարները, որ տատանումներն արագացված կգնան, եւ մինչեւ 2014 թվականի աշուն կունենանք տատանումների ազդեցությունը: Դրա համար այն քաղաքական ուժերն ու անձինք, որոնք ենթադրություններ են անում, պատրաստվում են հերթական ընտրություններին եւ այլն, հենց սա թող նկատի ունենան:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031