Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինքնասպանության դիմող անձը մինչեւ վերջին պահը օգնություն է ակնկալում

Հունվար 10,2014 13:22

Այդ պատճառով էլ նրանք դուռը բաց եւ լույսը վառ են թողնում

Դիմացինի հանդեպ ուշադիր լինելով՝ մարդը կարող է նկատել նրա վարքի փոփոխությունները։ Եթե մարդը սկսում է մեկուսանալ շրջապատից, իր սիրելի մարդկանցից, սկսում է հրաժարվել իր հոբիներից՝ սա կարող է նշանակել, որ մարդը գտնվում է նախաինքնասպանության հոգեվիճակում։ Այդ հոգեվիճակը կարող է երկարաձգվել մինչեւ մեկուկես տարի։ «Առավոտի» հետ զրույցում այս մասին ասաց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական հետազոտման կենտրոնի տնօրեն, սուցիդոլոգ Կամո Վարդանյանը։ Պարոն Վարդանյանը գտնում է, որ շատ կարեւոր է ինքնասպանության դեպքերի ճիշտ մեկնաբանումը ԶԼՄ-ների կողմից։ Մասնագետը սխալ է համարում մինչեւ վերջ չճշտված տվյալների հրապարակումը, բացի այդ, ըստ նրա՝ արգելվում է խոսել ինքնասպանության ձեւի մասին, քանի որ դա կարող է խթան հանդիսանալ դեպրեսիայի, նախաինքնասպանության հոգեվիճակում գտնվող անձի համար, որպեսզի նա իրագործի իր ծրագրած ինքնասպանությունը. «Ինչպես նաեւ լուրերի հաղորդման ժամանակ չի կարելի տեղի ունեցած վթարի մանրամասները նշել. օրինակ՝ ինչ մակնիշի մեքենա է եղել, ինչ գույնի, որ փողոցում է եղել, օրվա որ հատվածում։ Քանի որ այն մարդը, որի մոտ համընկնում են այդ տվյալները, գտնվում է պոտենցիալ ագրեսիայի ազդեցության տակ»։

Ըստ պարոն Վարդանյանի՝ ուշադիր լինելով դիմացինի հանդեպ՝ մարդիկ նկատում են այդ փոփոխությունները։ Մասնագետի ներկայացմամբ՝ ինքնասպանության ձգտումները կարող են արտահայտվել տարբեր ձեւերով. օրինակ՝ մարդը կարող է անել այսպիսի արտահայտություն՝ «Ես հոգնել եմ կյանքից», «Ես այլեւս չեմ կարող դիմանալ», «Ես ուզում եմ քնել ու երբեք չարթնանալ» եւ այլն։ Այսինքն՝ անձի մոտ գերակշռում է դեպրեսիվ հոգեվիճակը։

Նշենք, որ այդ դեպքերի համար գրականության մեջ նշվում են շփման այնպիսի ձեւեր, որոնք կարող են իջեցնել ինքնասպանության ռիսկը: Ըստ որոշ մասնագետների՝ պետք է հետաքրքրություն ցուցաբերել դիմացինի կյանքի, ճակատագրի նկատմամբ, հարցեր ուղղել նրան եւ լսել, շատ կարեւոր է հասկանալ, թե որքանով է ինքնասպանության պլանը հստակ։ Պլանավորվա՞ծ են արդյոք ինքնասպանության ձեւը, տեղը, նախկինում եղե՞լ են նման դեպքեր։ Եվ ոչ մի դեպքում պետք չէ ասել՝ «Լսել չեմ ուզում դրա մասին», կամ «Մի՛ խոսիր մի բանի մասին, որը երբեք չես իրագործի» եւ նմամ այլ արտահայտություններ։

Նախաինքնասպանության հոգեվիճակում գտնվող մարդը իր հոգեկանն արտացոլում է տարբեր գրաֆիկական պատկերների միջոցով, ինչը Կ. Վարդանայանի պնդմամբ՝ ճիշտ կարող են մեկնաբանել միայն մասնագետները։ Ըստ Կ. Վարդանյանի՝ ինքնասպանություն գործել ցանկացողի համար ինքնասպանությունը վերջնական նպատակ չէ. նա օգնություն է ակնկալում, այդ պատճառով ակտը գործելիս նրանք դուռը բաց են թողում, լույսը վառ են պահում՝ սպասում են, որ ինչ-որ մեկը օգնության կհասնի։ Մասնագետի խոսքերով՝ կան ներազդման հատուկ միջոցներ, որոնց միջոցով ինֆորմացիա հայտնելիս հնարավոր է բավականին պակասեցնել ինքնասպանություն գործել ցանկացողների թիվը:

Տեսակետ կա, որ մարդիկ ինքնասպանության են դիմում սոցիալական վատ պայմանների պատճառով, սակայն, ըստ մասնագետների, միեւնույն է՝ սոցիալական պահանջմունքների բավարարումը չի հանգեցնում հոգեբանական խնդիրների լուծման։ Ինքնասպանությունների թվի նվազմանը կարող է հանգեցնել դիմացինի հանդեպ ուշադրությունը։

ԶԱՌԱ ԱՍԿԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031