Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

20 տարի հետո պարզվեց, որ կան «սխալմամբ փախստականներ»

Հունվար 10,2014 14:13

Ադրբեջանից բռնագաղթված հայ փախստականների անձնագրերի խնդիրը դեռ մնում է անլուծելի

Այն, որ երիտասարդ փախստական տղաները միասնական ուժով սկսեցին իրենց կարգավիճակի վերականգնման պայքարի ուղին, դա ակնհայտ է, սակայն նրանցից շատերը դեռ գտնվում են անորոշ վիճակում3

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության կողմից փախստականների նկատմամբ նրանց կարգավիճակի կասեցման ծրագիրը տղաներին դրել է անհարմար վիճակի մեջ եւ ստեղծված լարված վիճակը ոչ մի օրինական արդարացում չունի, քանի որ բոլորին է ակնհայտ, թե ովքեր են ստանում փախստականի կարգավիճակ եւ ո՞ր դեպքերում են դադարում ճանաչվել որպես փախստականներ:

Փաստացի, բոլոր փախստական տղաները եղել են բռնագաղթված անձինք, որոնք թողել են իրենց բնակարանները, իրենց ունեցվածքը եւ 1988-1992 թվականների ընթացքում ապաստան ստացել Հայաստանում: Նրանցից ոչ ոքի վիճակը տարիների ընթացքում էլ ավելի չի բարելավվել՝ կրել են բազում զրկանքներ, ապրել են սով, բնակվել հանրակացարանային պայմաններում եւ նրանցից շատերը մինչ այժմ էլ շարունակում են լինել հանրակացարանային բնակիչներ:
Ո՞ւմ է ձեռնտու դադարեցնել փախստականի կարգավիճակը, որն ունի փաստացի բոլոր փաստաթղթերը փախստական ճանաչվելու համար եւ ինչո՞ւ է փախստականին տրամադրվել կարգավիճակ, որի բռնագաղթվելուց միայն 20 տարի հետո որոշվել է, որ նա «սխալմամբ» է եղել փախստական:

Ո՞ւր է տանում Միգրացիոն ծառայության վարած քաղաքականությունը եւ ովքե՞ր են այդ անօրինականության շղթայի պատասխանատուները: Ճիշտ է, տղաներն իրենց անձնագրերի հարցը բողոքարկել են Հայաստանի վարչական, վարչական վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում, սակայն դատարաններում եւս նրանցից յուրաքանչյուրը ստացել է տարատեսակ վճիռներ՝ նույն հիմքով մեկ փախստականի հայցը մերժել են եւ նույն հիմքով մեկ այլ փախստականի հայցը՝ բավարարել: Փաստացի, Վլադիմիր Խաչատուրյանի հայցը Հայաստանի վարչական դատարանը բավարարել էր եւ նրան ճանաչել ՀՀ-ում որպես փախստական, իսկ մեկ այլ փախստականինը՝ Արտակ Մարդյանինը, մերժել:
Երկու փախստականի հայցի հիմքն էլ ուներ նույն բովանդակությունը՝ երկուսի փախստականի կարգավիճակի դադարեցման հիմքում ընկած էր նույն հիմքը, որ նրանց ծնողների քաղաքացիության ընդունման ժամանակ իրենց 18 տարին լրացած չի եղել: Ինչպե՞ս է հնարավոր, որ օրենքը մեկ փախստականի հայցում գործի այլ ձեւակերպումով, իսկ մեկ այլ փախստականի հայցում՝ այլ:

Սովորաբար, բոլոր քաղաքակիրթ երկրներում անձնագիր են ձեռք բերում 16 տարեկանում, այլ ոչ թե՝ 18: Այսինքն՝ երեխան ունի լիարժեք իրավունքներ ինքն ընտրելու իր քաղաքացիությունը, եթե 14 տարեկանից փոքր չէ, իսկ տվյալ պարագայում 18-ի հիմքով փախստականները բոլորն էլ եղել են 14 տարեկանից բարձր: Այն, որ 14-ի հիմքով տուժած փախստականներն այժմ առանց փաստաթղթերի են, դա նույնպես այն բացթողումն է, որն այդպես էլ չի լրացվում: 14-ի հիմքով Միգրացիոն ծառայությունը պնդում է, որ նրանք համարվում են ՀՀ քաղաքացիներ, իսկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը պատասխանում է, որ այդ տղաները Հայաստանի քաղաքացու անձնագրով փաստաթղթավորված չեն:

Իսկ ովքե՞ր են այդ հիմքով փախստականի կարգավիճակը կորցրած փախստականները, եթե նրանք մինչ օրս չունեն փաստաթղթեր եւ չունեն ՀՀ քաղաքացիություն, ինչպես նաեւ փախստականներ էլ չեն: Այդ դեպքում ստացվում է, որ նրանք քաղաքացիություն չունեցող անձինք են, սակայն նույնիսկ այդ դեպքում տղաները քաղաքացիություն չունեցող անձի փաստաթուղթ չունեն:

«Առավոտը» երկու տարի շարունակ անդրադառնում է փախստականների գործերով դատական նիստերին եւ այն, որ Միգրացիոն ծառայությունն աշխատում է օրենքի բացթողումներով, դա անհերքելի է: Պարզապես պետք է ներկա գտնվել դատաքննություններին՝ հասկանալու համար, թե որքանով է իր աշխատանքներին պատասխանատու Միգրացիոն պետական ծառայությունը: Հիմնականում որպես պատասխանող կողմ ներկա չեն լինում դատաքննություններին եւ իրենց աշխատանքը դատարանում սկսվում ու ավարտվում է մեկ գրությամբ՝ ուղղված դատարանին, որտեղ, սովորության համաձայն, նշում են, թե քննությունը շարունակվի առանց իրենց ներկայության: Դա արդեն իսկ խոսում է ծառայության «օրինապաշտ» լինելու մասին եւ այն մասին, թե որքան «արդարացի» որոշումներ են կայացրել՝ դադարեցնելով փախստականի կարգավիճակը:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031