Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անժխտելի է, որ չպատժված հանցագործությունը ծնում է նոր հանցագործություն

Հունվար 10,2014 14:05

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

Հարգելի պարոնայք, 2 տարի շարունակ Ձեզ հղած բազմաթիվ դիմումներիս որեւէ դրական արդյունքը չտեսնելով, ՀՀ դատարաններում արդարություն եւ արդարադատություն չգտնելով, ստիպված ենք Ձեզ դիմել բաց նամակով` հուսալով, որ գոնե այս ճանապարհով կկարողանանք դրդել պատկան մարմիններին զբաղվելու իրենց անմիջական պաշտոնեական պարտականություններով:

ՀՀ հարգելի նախագահ, Դուք բազմիցս հայտարարել եք, որ մեր երկրում անպատժելի մարդ չկա: Դա նշանակում է, որ հանցագործություն կատարած ցանկացած մարդ, ով խախտել է ՀՀ գործող օրենքը եւ ոտնահարել այլոց` օրենքով երաշխավորված իրավունքները, իր կատարած արարքի համար ենթակա է պատասխանատվության եւ պատժի` ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն: Բայց ցավով պետք է տեղեկացնենք Ձեզ, որ մայրաքաղաք Երեւանի Աղբյուր Սերոբի 52/3 տան սեփականատեր Վարդան Հովնիկյանը, ով համարձակ եւ ինքնավստահ ոտնահարում է այլ քաղաքացիների իրավունքները, կատարում ակնհայտ եւ առերեւույթ հանցագործություններ, մնում է անպատիժ: Հովնիկյանի համար այդ անպատժելիությունն ապահովում են Արաբկիրի ոստիկանության բաժինը, Արաբկիրի դատախազությունը, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության, ՀՀ վերաքննիչ քրեական եւ ՀՀ վճռաբեկ դատարանները: Վարդան Հովնիկյանը մնում է անպատժելի նաեւ գլխավոր դատախազության անգործության շնորհիվ:

Սեփականության իրավունքով մեր ընտանիքին է պատկանում Աղբյուր Սերոբի 52/1 տունը՝ կից 25 քմ հողատարածքով: Ներկայումս մեր ընտանիքը բնակվում է Դավիթաշեն թաղամասում, ուստի հնարավոր չէ այդ տունը մշտական ամենօրյա հսկողության տակ պահել: 25.04.2012թ. Վարդան Հովնիկյանն ապօրինի ծառահատման ենթարկեց սեփականության իրավունքով մեզ պատկանող հողատարածքում գտնվող, մեր ընտանիքի ջանքերով եւ միջոցներով ստեղծված կենսունակ, հաստաբուն թթենին: Արաբկիրի ոստիկանության (հետաքննիչ՝ Ռ. Եպիսկոպոսյան), դատախազության (դատախազ՝ Լ. Մանուկյան) եւ ՀՀ դատարանների (դատավորներ՝ Ա. Խաչատրյան, Ա. Պետրոսյան) միասնական ջանքերի շնորհիվ հանցագործությունը պարտակվեց, հանցագործը հովանավորվեց եւ մնաց անպատիժ: Անժխտելի է, որ չպատժված հանցագործությունը ծնում է նոր հանցագործություն: 01.07.2012թ. գիշերը Վարդանը հարբած վիճակում խուլիգանական հարձակում է կատարել մեր տան վրա. կոտրել-տեղահան է արել մուտքի դուռը եւ այն շպրտել տնից մի քանի մետր հեռու, ջարդել պատուհանների ապակիները, միջանցքի պահարանը, պատառոտել վարագույրը, տան մեջ շաղ տվել իր ծախու պարկով ավազը եւ այլն: Կատարված փաստի առթիվ Արաբկիրի ոստիկանության բաժնում հարուցվեց թիվ 14123212 քրեական գործը: Սակայն կրկին հանցագործը հովանավորվեց: Գործի վարույթն իրականացնող 3 քննիչները (Մ.Գրիգորյան, Վ. Իսախանյան, Դ. Թովմասյան) ցուցաբերեցին հանցավոր հովանավորչություն, իսկ դատախազ Կ. Բարսեղյանը բացահայտ աշխատում էր տուժողների դեմ` հօգուտ հանցագործի: Գործի քննությունը միտումնավոր կատարվեց թերի` չվերցվեցին մատնահետքերը, չկատարվեց պատին եւ պահարանի կտորների վրա Հովնիկյանի կողմից թողած արյան փորձաքննություն, գործի փաստական հանգամանքները կեղծվեցին եւ դրանց պատշաճ գնահատական չտրվեց, գործին մասնակից եւ վկա անձանց ցուցմունքները համարվեցին անարժանահավատ, իսկ հանցագործի ցուցմունքները` արժանահավատ: Քննիչ Դ. Թովմասյանի կողմից 23.12.2012թ. թիվ 14123212 քրեական գործի վարույթը կարճվեց: ՀՀ դատարանները (դատավորներ՝ Լ. Ավետիսյան, Մ. Պետրոսյան, Ա. Պետրոսյան) ոստիկանության հետ կրկին եղան միասնական: Վարդան Հովնիկյանը մնաց անպատիժ: 21.11.2013թ. դիմել ենք Երեւան քաղաքի դատախազին` ՀՀ ԿԱ ԿՊԿ Երեւանի առաջատար մասնագետ Վարազդատ Փիրումյանի կողմից լիազորությունների չարաշահման փաստի հետ կապված, ինչի արդյունքում Վարդան Հովնիկյանն իրավունք է ձեռք բերել մեր գույքի նկատմամբ եւ տիրացել մեր հողատարածքի 12 քմ հատվածին: Դիմումն ուղարկվել է Արաբկիրի ոստիկանության բաժին, որտեղ շարունակվում է Հովնիկյանի նկատմամբ հովանավորչությունը: Վստահ ենք, որ այս դեպքում եւս հանցագործությունը կպարտակվի եւ հանցագործները կմնան անպատիժ: Բազմիցս դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազություն` ահազանգելով կատարվածի մասին, սակայն այստեղ անգործություն է դրսեւորվել, իսկ գլխավոր դատախազի մոտ ընդունելության մասին բազմաթիվ դիմումներս մերժվել են: 17.07.2012թ. դիմել ենք ՀՀ վարչական դատարան եւ խնդրել անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետի 20.04.2005թ. թիվ 834 որոշումը եւ պետական գրանցումը կից հողատարածքի մասով: 11.06.2013թ. վարչական դատարանը (դատավոր՝ Ա. Միրզոյան) կասեցրել է թիվ ՎԴ/4518/05/12 վարչական գործի վարույթը եւ նշանակել փորձաքննություն: Անցել է 7 ամիս, սակայն առ այսօր փորձաքննությունը չի կատարվել: Հողազավթիչ Վ. Հովնիկյանը շարունակում է տիրապետել եւ օգտագործել սեփականության իրավունքով մեզ պատկանող 12 քմ հողատարածքը, իսկ մենք զրկվել ենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մեր գույքից անարգել օգտվելու իրավունքից: Պարոնայք, հավատացեք, սա իսկական ողբերգություն է հայի համար, ում պապական հողերը Կարսում զավթել է թուրքը: ՄԻՊ Կ. Անդրեասյանի զեկույցից հետո շատերը պահանջում էին կոնկրետ փաստեր: Մենք Ձեզ ենք ներկայացրել անուններ, ովքեր կանգնած են կոնկրետ հանցագործությունների հետեւում: Ակնկալում ենք եւ հույս ունենք, որ այս հրապարակումը կդառնա քննարկման առարկա եւ Ձեր կողմից ջանքեր կգործադրվեն արդարությունը վերականգնելու եւ հանցագործներին պատժելու ամար:

ԱՐՇԱԼՈՒՅՍ ԵՎ ԱՆԱՀԻՏ
ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զարուհի says:

    Հայտնում եմ, որ Վարդան Հովնիկյանը Արաբկիրի ոստիկանությունում անհիմն մեղադրանք է ներկայացրել, ինչպես նաև Արաբկիրև Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների դատարանում կեղծ մատնություն, որպեսզի հանցավոր ճանապարհով ձեռք բերի իմ բնակարանը, ես մեղադրում եմ նրան եւ նրա հանցակից ընկերներին նույնպես՝ Սեմյոն Ապրեսյանին, Գուրգեն Ծատուրյանին, Արդուշ Հովհաննիսյանին, Ռուդոլֆ Սահակյանին, Ռուբեն Գալստյանին իրենց իրավախորհրդատու եւ ուղղորդող Արմեն Ղազարյանի գլխավորությամբ,քննիչ՝ Դավիթ Մխիթարյան, դատավոր՝ Սուրիկ Ղազարյան: Նշեմ նաև, որ այս հանցավոր խմբի գործողությունների արդյունքում իրենց բնակարանն են կորցրել քույր եւ եղբայր Ռենա եւ Գարիկ Կարամյանցները, որոնց բողոքներն ու դիմումները նույնպես արդյունքի չեն հասնում: Դատաիրավական համակարգում այս խումբն ունի իր հանցակիցները:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031