Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հրավերները շատ լինեին, խճճվեինք»

Հունվար 10,2014 13:55

Օպերային երգիչների «հաշվետվությունն» ու ցանկությունը

Ամփոփելով մշակութային տարին, առաջինը սովորաբար նշվում է ցանկացած երկրի համար թանկ հաճույք համարվող օպերային թատրոնի ձեռքբերումների մասին: Մեր օպերային թատրոնի անցած տարվա գլխավոր նվաճումը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ 16 մեներգիչների ելույթն էր Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում՝ տեղի նվագախմբի ընկերակցությամբ, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Մեներգիչներ՝ սոպրանո Լիլիթ Սողոմոնյանի, բարիտոն Գեւորգ Հակոբյանի եւ տենոր Հովհաննես Այվազյանի ստեղծագործական գործունեությունն արտերկրում հենց անցած տարեսկզբից այնքան հագեցած էր, որ նրանք, ինչպես հայտնեցին «Առավոտին», հազիվ հասցրին 2014-ը դիմավորել տանը:

Լիլիթ Սողոմոնյանը 2013-ի վերջին օրերին Իտալիայում էր՝ Մանտովայի քաղաքապետի հրավերով: Երգչուհին ասաց, որ այդ պատվին արժանացել է ժամանակին Իտալիայում օպերային երգիչների միջազգային մրցույթին մասնակցելու արդյունքում, երբ դարձել է դափնեկիր, շահել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը եւ ճանաչվել «Լավագույն Լեոնորա»՝ հանդես գալով այդ դերերգով Վերդիի «Տրուբադուրում»: Հիշյալ դերերգը կատարելիս, Լիլիթի խոսքերով՝ մեծ պատիվ էր կրել այն զարդերը, որոնցով ժամանակին բեմ է դուրս եկել մեծանուն Մարիա Կալասը:

Gevorg-Hakobyan

Գեւորգ Հակոբյանը
Ամոնասրոյի կերպարում:

Գեւորգ Հակոբյանը 2013-ի սկզբին հրավիրվել էր Իտալիա՝ Սոֆիա թագուհու անվան արվեստների պալատ, մասնակցելու Վերդիի «Երկու Ֆոսկարիները» օպերային ներկայացման մեջ՝ փոխարինելով Պլաչիդո Դոմինգոյին, իսկ տարեվերջին Մարիինյան թատրոն՝ մարմնավորելու Ամոնասրոյի կերպարը Վերդիի «Աիդայում»: Տարվա ընթացքում էլ Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան, Կազանի օպերային թատրոններում քանիցս հանդես է եկել Տոնիոյի (Լեոնկավալո՝ «Պայացներ»), Նաբուկոյի (Վերդի՝ «Նաբուկո»), Էսկամիլիոյի (Բիզե՝ «Կարմեն») դերերգերով, խաղընկեր ունենալով ճանաչված օպերաիյն աստղերի, այդ թվում՝ հռչակավոր Վլադիմիր Գալուզինին:

photo

Հովհաննես Այվազյանը
Կավարադոսի դերում:

 

Հովհաննես Այվազյանը անցած տարեսկզբին Մոնղոլիայում Կավարադոս է մարմնավորել Պուչինիի «Տոսկայում», հետո մեկնել Կանադա՝ Sinco օպերային թատրոն՝ կատարել Մանրիկոյի դերերգը «Տրուբադուրում», ապա Մարիինյան թատրոն, ուր Վերդիի ծննդյան 200-ամյակին նվիրված համերգում հանդես եկել աշխարհում ամենամեծ պահանջարկը վայելող սոպրանո Աննա Նետրեբկոյի հետ: Որոշ ժամանակ անց էլ հիշյալ սոպրանոյի հետ հայ երգիչը հանդես է եկել իտալացի ճանաչված օպերային ռեժիսոր Պիցցիի՝ Վերդիի «Տրուբադուր» ներկայացման մեջ: Երգչի խոսքերով՝ հիշարժան է նաեւ իր մասնակցությունը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդվարդ Թոփչյան) կողմից Շուշիում իրականացված նախագծին՝ Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» բացօթյա ներկայացումը եւ այլն:

Մեր հետաքրքրությանը՝ օպերային հայկական աստղերը ունե՞ն պրոդյուսերներ, Լիլիթ Սողոմոնյանը հավաստիացրեց, որ իր համար այդ դերը «ստանձնել» է ամուսինը՝ երգիչ, դերասան Կարեն Միրզոյանը: Գեւորգ Հակոբյանը նշեց հռչակավոր STAGE DOOR իտալական պրոդյուսերական կազմակերպության անունը, իսկ Հովհաննես Այվազյանը տվեց ռուսական SMOL ART գործակալության անունը: Հարցին, թե երկարաժամկետ աշխատանքային հրավեր ստանալու դեպքում ինչպես կվարվեն, մեր զրուցակիցները խոսքները մեկ արած, ժպիտով պատասխանեցին. «Հրավերներ թող միշտ լինեն եւ այնքա՜ն, որ խճճվենք դրանցում… Իսկ սեփական թատրոնից տարիներով բացակայելու մասին չենք էլ մտածում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031