Լրահոս
Օրվա լրահոսը

Պոետի անցնող տարին

Հունվար 10,2014 13:45

Անցնող 2013-ը հագեցած տարի էր ամերիկաբնակ պոետ Սոնա Վանի կյանքում` ինչպես ստեղծագործական, այնպես էլ հանրային նախաձեռնությունների իրականացման առումով: Հարազատ ծննդավայր Երեւան նրա հերթական այցին այս անգամ նախորդել է, դեռեւս 2012թ. Սանկտ Պետերբուրգից գրական հանդիպում կայացնելու կապակցությամբ հղված հրավերին ի պատասխան, մշակույթի մեծ ավանդույթներ ունեցող այս քաղաք պոետի ժամանումը (հոկտեմբերի 11, 2013թ.): Հրավերը դարձավ առիթն ու սկզբնավորումը նրա վաղեմի ցանկության` իրականացնելու շրջագայություն հայ համայնքներ: Սոնա Վանը Ռուսաստանի հյուսիսային քաղաքում ռուսերեն իր առաջին ժողովածուի շնորհանդեսի շրջանակներում ունեցած արտակարգ ջերմ ու բովանդակալից հանդիպման ընթացքում ստացած չմարող տպավորություններով հանդերձ ուղեւորվեց Մոսկվա` կրկնելով պետերբուրգյան այցի ընթացքում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր թեմի, Հայ համայնքի եւ ռուս գրականության ու պոեզիայի երեւելի գործիչների հետ ջերմ ու բովանդակալից շփման երկուստեք վայելումը, որն արդեն Երեւան այցից հետո իր շարունակությունը գտավ նաեւ Արցախ եւ Ջավախք ուղեւորությունների օրերին:

Կրկին այց Երեւան: Սոնա Վանի գործուն մասնակցությամբ իրականացվում է, ի սկզբանե «Նարցիս» հանդեսի գլխավոր խմբագիր, այս գարնանը կյանքից վաղաժամ հեռացած, տաղանդաշատ բանաստեղծ, դրամատուրգ Վահան Վարդանյանի «Անդին» ժողովածուի շնորհանդեսը:

Ժողովածուի հեղինակ Վ. Վարդանյանի անուրանալի տաղանդի գնահատման, մեծարման, նրա մասին հուշերով շաղախված, հոգեցունց եւ հաճախ արտասվալից, հուզականությամբ լի շնորհանդեսի արարողության ժամանակ ներկայացվեց նաեւ Սոնա Վանի եւ գրչակից բարեկամ-ընկերների կողմից Վահանի` որպես երեւելի մարդ-քաղաքացու, ստեղծագործող անհատականության հիշատակին նվիրված, ջերմագին խոսքերով ամբողջապես կազմված «Նարցիսի» հատուկ համարը (1/2013թ.): Հանդեսը իրավամբ արձակի, պոեզիայի անվանի ներկայացուցիչների, գրականության հետ առնչություն ունեցող այլոց հավաքական, ցավոք, տխրագին մտքերի արգասիք, կարծես յուրօրինակ ժողովածու է` գեղարվեստական ըմբռնումներով ասելիքի ամենայն բարձր պրոֆեսիոնալ առումով: Հանդեսի այս օրինակը հավակնում է մի նոր ժանրի ստեղծման կամ արդեն իսկ եղածի կատարելագործման համար: Այն ամենեւին զերծ է կարծրատիպային աղերսներից, մռայլ մահախոսականի տիպային տեքստի ոճից:

Բազմաձայն (թվով 35 հեղինակների) զուսպ, միաժամանակ կենսահաստատ համանվագի մեջ Սոնա Վանի «Ռադիոծածկույթից դուրս» շարքի` Վահանին նվիրված 8 բանաստեղծություններից զատ, հանդեսում նաեւ առանձնանում է երեք մասից բաղկացած արձակ ստեղծագործություններից` հատկապես «Քեզ որոնելիս» 39 էջանոց խոշորածավալ՝ ապրող եւ հեռացող անհատականություն-գրչակիցների հետմահու, վիրտուալ զրույց-պատումը: Այս ստեղծագործությունը դրամատիկ բազմաձայնությամբ հարանվանվում է բանաստեղծուհու կերտած «Ես հավերժական սարդն եմ» ասք-երկի մեջ մարդկային գրեթե բոլոր ձայներով ինքնաբնութագրիչ, սեփական «արիայի խոսքերով» տաղերգվող քառատողին:

Ես մեցցո-սոպրանոն եմ թավշյա կույսի
ես լիրիկական տենորն եմ նորահարսի
ես զուսպ բարիտոնն եմ այրիացած կնոջ
ես խռպոտ բասն եմ կատարակտով տատիս:

Ընդամենը պետք է թերթել «Նարցիսի» այդ համարը, եւ ոչ միայն:
Եվ ահա, Կալիֆոռնիայից լուր ստացվեց, որ Սոնա Վանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով՝ հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:
Լոս Անջելեսի ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը Սոնա Վանին հանձնելով պետական բարձր պարգեւը՝ ողջունել է նրա հայրենանվեր նախաձեռնությունը՝ առաջիկայում հրատարակել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բազմալեզու ժողովածուների քառահատոր: Սոնա Վանը իր երախտագիտությունն է հայտնել: Նրա խոսքով՝ պատվաբեր եւ պատասխանատու է պետական պարգեւի արժանանալ, որի կրողն է նա դարձել իր արվեստով: «Ազգի ու պետության հիմքը լեզուն է, իսկ որի պահպանությունը՝ սուրբ պարտականություն»,- նշել է նա եւ մեդալի հանձնման արարողության ավարտին հյուպատոսին նվիրել իր ժողովածուներից նմուշներ:

ՍԱՄՎԵԼ ՍՄԲԱՏՅԱՆ
Լուսանկարը՝
www.armenianchurchwd.com -ի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031