Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայեցակարգ

Հունվար 10,2014 13:35

Արեւմտահայերէնի պահպանման եւ զարգացման

Նիւթը ներկայացւում է երկու խնդիրների լուծման առաջարկներով,
1. Արեւմտահայերէնի պահպանման հարցեր
2. Արեւմտահայերէնի միակերպ գրաւորի հարցեր

1. Արեւմտահայերէնի պահպանման հարցեր

Մուտք
Մեր գրական երեք լեզուաճիւղերից մէկի՝ արեւմտահայերէնի եւ այդ լեզուի շնորհիւ այդ լեզուն կրողի ինքնապահպանման ու դրանով սփիւռքի պահպանման հիմնախնդիրների առթիւ մեր օրերում արդէն ծաւալուած նոր գործընթացը դարձել է պետական քաղաքականութիւն: Դրա ապացոյցն է՝ ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի (ԳԱԱ) կառոյցում սփիւռքահայ անդամներ ընտրելը եւ սփիւռքի հարցերով բաժին հիմնելը, նոյն ԳԱԱ Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հաստատոէթեան (ինստիտուտի)՝ արեւմտահայերէնի բաժանմունքի եւ դրան կից՝ սփիւռքահայերից կազմուած խմբակի ստեղծումը, Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական բաժնում արեւմտահայերէնի ամբիոնի բացումը, սփիւռքի նախարարութեան կողմից տարբեր բնագաւառների վերաբերող համահայկական կառոյցների ստեղծումը (եւ դրանց հետ միասին՝ համաժողովները): Միաժամանակ սկսուել է անթաքոյց կերպով պաշտօնապէս ճանաչել ու գնահատել համազգային խնդիրներում միջազգային մակարդակով սփիւռքի ցուցաբերած սատարորդական (լոբբիստական) դերը, նաեւ աշխարհում մեր ազգային մշակոյթի ներկայացնելն ու տարածելը, երկրի համար ներդրումային հարցերում օտարներին ներգրաւելը, ինչպէս նաեւ նիւթական լայն աջակցութիւնը հայրենիքին ու Արցախին: Սրանք վկայում են պետութեան եւ հայրենի մտաւորականութեան մի որոշ, փոքր խաւի կողմից արեւմտահայերէնի եւ արեւմտահայութեան պահպանման կարեւորութեան գիտակցման մասին: Վերջին մէկ եւ կէս տասնամեակում մեր պետութեան ղեկավարների յայտարարութիւնները, թէ՝ առանձին Հայաստանը, ըստ սպորտային տերմինաբանութեան, մի քաշային կատեգորիա է, իսկ սփիւռքի հետ միասին այլ՝ աւելի բարձր քաշային կատեգորիա, փաստում են սփիւռքահայութեան պահպանման եւ նրա կեանքի հնարաւորինս երկարաձգման համար քաղաքական նոր վարդապետութեան (դոկտրինայի) ձեւաւորման սկզբնաւորումը: Այս ամէնը կարելի է համարել որպէս հետեւանք՝ սփիւռքի հետ միասնականութեամբ «Մէկ ազգ, մէկ հայրենիք»` թէեւ առայժմ կէսկատար, կարգախօսի: Միաժամանակ, սրան զուգահեռաբար հետեւեց դատապարտումը խորհրդային նախկին տարիներին մշակուած ու արմատաւորուած անիրաւ գործելակերպի այն քաղաքականութեան, որն արհամարհում էր ազգի միւս կէսը կազմող հատուածի գոյութեան փաստի կարեւորութիւնը, հանդէս բերելով նաեւ այդ նոյն հատուածի կերտած հերոսական պատմութեան ու գիտութեան, հարուստ գրականութեան ու թատրոնի, երաժշտութեան ու երգի, նկարչութեան (ներառեալ մանրանկարչութեան) ու արուեստի միւս ճիւղերի դրսեւորումների նկատմամբ գիտակցուած մի լռութիւն: Ցաւօք, դեռեւս այսօր էլ հայրենիքում կան գրական արեւմտահայերէնի խնդրի նկատմամբ արհամարհանք, անհասկացողութիւն եւ անտարբերութիւն ցուցաբերողներ, որովհետեւ հայրենիքում դեռ գործնականում ըստ արժանւոյն չի քարոզւում արեւմտահայերէնի եւ արեւմտահայերի տեղն ու դերը մեր ազգային պատմութեան կեանքում:

Յիշենք, որ աշխարհաբար գրական լեզուների առաջացման հարցում, ժամանակի առումով, առաջնութիւնը պատկանում է հէնց արեւմտահայ գրական լեզուին: Այդ լեզուաճիւղի շնորհիւ է նաեւ, որ մինչեւ այսօր պահպանուել է մեսրոպեան հիմքով դասական ուղղագրութիւնը: Այս գրական լեզուն իր ժամանակ եղել է ազգի մեծամասնութեան լեզուն եւ հնչել է մեր պատմական հայրենիքի տարածքի 2|3 մասում, ինչպէս նաեւ ի տարբերութիւն արեւելահայերէնի, աշխարհում ունեցել է աւելի լայն ճանաչում ու տարածում՝ գործածուելով Մերձաւոր Արեւելքից մինչեւ Ամերիկաները, Հնդկաստանից մինչեւ Եւրոպաները, համարուելով նաեւ այդ երկրներում հայերէնը գիտականօրէն ուսումնասիրող հայագիտական կեդրոնների եւ օտար լեզուագէտների լեզուն: Գնահատենք փաստը, որ Արեւմտեան Հայաստանի հող ու ջրից են ծնուել ազգ կերտող Ս. Մաշտոցն ու պատմահայր Խորենացին, սրբացուած Նարեկացին ու դեռ չսրբացուած Անդրանիկը, Մխիթարեան հայագէտները եւ ազգային մտաւորական ընտրանիի (էլիտար խաւի) շատ ու շատ ուրիշ ներկայացուցիչներ: Արեւմտահայերէնով ստեղծուել է եւ ստեղծւում է համաշխարհային մակարդակի մշակոյթ ու գրականութիւն: Թուարկելը երկար կը լինի:
Կորցնելով արեւմտահայերէն գրական լեզուն, կորցնելու ենք նաեւ այդ լեզուն կրող ժողովրդին, որովհետեւ ապացուցումից վեր (աքսիոմատիկ) ճանաչուած ճշմարտութիւն է, թէ՝ լեզուն ապրում է, եթէ կայ այդ լեզուն կրողը եւ հակառակը՝ լեզուն կրողը յարատեւում է, քանի դեռ ունի իր լեզուն: Կորցնելով արեւմտահայերին ու արեւմտահայերէնը՝ մենք կորցնելու ենք մեր ինքնութիւնը փաստող ընդհանուր արժեհամակարգի շատ կարեւոր հատուածներ՝ մեր պատմութեան, մշակութային հարստութեան եւ ազգագրական անկրկնելի ու ինքնատիպ ժառանգութեան մի կարեւոր մասը: Կորցնելով արեւմտահայ գրական լեզուն, կորսուելու են մեր լեզուի ամենաճոխ ու գեղեցիկ բառերն ու դարձուածքները, աւելի քան կիսով չափ աղքատանալու է հայոց բառապաշարը (բառային ֆոնդը), արդիւնքում արեւելահայերն (ու աշխարհը) զրկուելու են մեր լեզուի գունագեղութեան ու բազմազանութեան անսպառ գանձարանին հաղորդակից լինելուց:

Գրական արեւմտահայերէնին սպառնացող առաջին վտանգը անշուշտ գալիս է սփիւռքի դանդաղ ձուլման իրողութիւնից (օտար միջավայր, օտարալեզու դպրոց, հայ եկեղեցու՝ մանաւանդ Էջմիածնական թեմի, օտարալեզու արարողութիւններ, հայերի ընտանիքներում օտարախօսութիւն): Երկրորդ մեծ վտանգը, թող զարմանալի չկարծուի, գալիս է երիտասարդական խմբերով Հայաստան այցելած, հայերէնի դասեր ստացած ու ետ վերադարձածներից, եւ յատկապէս հայրենիքից արտագաղթած մեր հայրենակիցների գռեհիկ ու ժարգոնային արեւելահայերէնից, որով արդէն խօսել են սկսել նոյնիսկ նրանց հետ շփուող սփիւռքահայ երեխաները:

Առաջարկուող հայեցակարգում կը փորձենք Ազգային Ակադեմիայի՝ Հրաչեայ Աճառեանի անուան լեզուի հաստատութեան նորաստեղծ արեւմտահայերէնի բաժնի գործունէութեան ծիրից ներս քննարկման ներկայացնել (որպէս կարծիք) այս խնդրի շուրջ կատարուելիք աշխատանքների որոշ ուրուագծումներ:

Առնուելիք քայլեր՝
Միջնորդութիւններ
իշխանութիւններին

Սփիւռքի հանդէպ նոր մօտեցումների քաղաքականութեան հռչակումը, սակայն, չամրապնդուեց իրական կեանքում լեզուական եւ ուղղագրական նոր ու ճկուն ծրագրուած քաղաքականութեամբ: Հետեւաբար արեւմտահայերի ժառանգների՝ սփիւռքահայութեան յարատեւումը կամ սփիւռքի գոյութեան հնարաւորինս երկարաձումը պարտադրում է վերը յիշուած խնդրի լուծման ուղիներ որոնող պետական-քաղաքական հայեցակարգ մշակելու առաջնահերթութիւն:

Սփիւռքի եւ սփիւռքի միջնորդութեամբ օտարների կողմից Հայաստանին ու Արցախին բոլոր հարցերում սատարելու դիմաց սփիւռքի նկատմամբ հայրենիքի «պղատոնական» սէրը պէտք է փոխարինել նրանց (եւ հայրենիքի) շահերին առաւել համապատասխանող բարոյական աջակցութեան գործնական ու յստակ քաղաքականութեամբ: Նկատենք, որ սփիւռքը այսօր նիւթական՝ հագուստի, ուտելիքի եւայլնի օգնութեան կարիք չունի: Սփիւռքին պէտք է օգնել բացառապէս՝ ինքնապահպանական, կամ որ միեւնոյնն է, լեզուապահպանական հարցերում: Եթէ իրերի դրուածքի ընդունուած կարգին հետեւելու լինենք, մենք պիտի մտահոգուենք նախ՝ արեւմտահայերէնը պահպանելու ուղիների փնտրտուքով, ապա այդ ճիւղը զարգացնելու խնդիրներով եւ յետոյ՝ կիրառման հարցերով: Սակայն մեր դէպքում իրավիճակի սրութիւնը հարկադրում է, որ մենք արեւմտահայերէնի վիճակի այս ճգնաժամային պահին լեզուի պահպանման ջանքերը զուգակցենք յընթացս կանոնարկումներով եւ անմիջապէս կեանքում գործուն կիրառումով, որովհետեւ ժամանակը աշխատում է ոչ մեր օգտին:

Հետեւաբար, մենք պիտի ձգտենք լեզուական այս ազգօգուտ գործում ներգրաւել թէ՛ Հայաստանի իշխանութիւններին եւ թէ սփիւռքի համայնքային-ազգային կազմակերպութիւններին՝ միջնորդութիւններ ներկայացնելով նրանց՝
Ա) Պաշտօնապէս ընդունելու՝ ԳԱԱ Հր. Աճառեանի անուան լեզուի հաստատութեան (ինստիտուտի) արեւմտահայերէնի նորաստեղծ բաժնի գործունէութեան գերակայութիւնը արեւմտահայերէնի բոլոր հարցերում, նաեւ ճանաչել այդ բաժնի աշխատանքներին սփիւռքում աջակցող՝ լեզուական կից կառոյցի (սփիւռքեան խմբի) իրաւազօրութիւնը, զօրաւիգ լինելով (կամ մասնակցելով) խմբի կողմից ներկայացուած խորհրդատւութիւնների կատարմանը, չբացառելով համագործակցութիւնը արեւմտահայերէնին առնչուող հարցերով գործող այլ լեզուական կառոյցների հետ:
Բ) Աջակցելու հայրենի եւ սփիւռքի կազմակերպութիւնների ու անհատ բարերարների օգնութեամբ անհրաժեշտ հիմնադրամի ստեղծմանը՝ սատարելու համար արեւմտահայերէնի ծրագրուած զարգացմանը նպաստող միջոցառումները (ուսումնասիրութիւններ, գործուղումներ եւ կապեր, հրատարակչական գործ, գիտաժողովներ, կրթական հարցեր եւայլն):
Գ) Հայցելու հայրենի պետութեան անմիջական աջակցութիւնը՝ սփիւռքի հայկական դպրոցների հարցում: Մեր պատկերացումով Հայաստանի իշխանութիւնները պէտք է պաշտօնապէս դիմեն մեծ կամ փոքր հայկական գաղութներ ունեցող արտասահմանեան երկրներին՝ հայաշատ համայնքներում տուեալ պետութեան միջոցների հաշուին՝ առանց ուսման վարձի, բայց ուսուցիչներին աշխատավարձ վճարելով, պահել հայկական դպրոցներ (կամ իրենց դպրոցներում հայկական դասարաններ)՝ տւուեալ երկրի պետական ծրագրերին զուգահեռ դասաւանդելու համար բացառապէս մայրենի լեզու եւ հայոց պատմութիւն՝ Հայաստանի աշխարհագրութեան հետ միասին, ընդգրկելով հայ համայնքի բոլոր երեխաներին: Այս հարցի կարեւորութիւնը բխում է այն իրողութիւնից, որ, մի կողմից ոչ բոլոր ծնողներն են ի վիճակի վճարելու իրենց բոլոր զաւակների ուսման բարձր վարձը, իսկ միւս կողմից համայնքները չեն կարողանում լիարժէք վճարել որակեալ ուսուցչին: Արդիւնքում հայ ծնողների մեծ մասը իրենց զաւակներին ղրկում են տուեալ երկրի տեղական «պետական» դպրոցները, ինչը նպաստում է արդէն հայաթափուած յաջորդ սերունդ ունենալուն: Միաժամանակ, սոյն կէտի տիրոյթում նշուած կրթական հարցերի կազմակերպման միջոցառումներում պէտք է յատուկ արժեւորել ազգիս վաստակաշատ Մելգոնեան վարժարանի ունեցած եւ ունենալիք փեթակային դերը՝ արեւմտահայերէնի պահպանման, զարգացման, ուսուցման ու տարածման գործում եւ ըստ այդմ՝ հայրենի իշխանութիւնների ուշադրութեանը յանձնելու հետեւեալ փաստարկումները.
—Քանի դեռ կայ եւ լինելու է հայ սփիւռքը, իսկ նրա գոյատեւման եւ հայկական ինքնութեան պահպանման հիմքը եղել է եւ է՚ լեզուապահպանումը,
— Նկատի առնելով, որ հայրենիք– սփիւռք միասնականանացման կարգախօսով արդէն պետական հայեցակարգ է հռչակուած եւ պետականօրէն գիտակցւում է այդ որդէգրուած քաղաքականութեան իրականացման համար (վերը նշուած) արեւմտահայերէն գրական լեզուի եւ սփիւռքի պահպանման ու յարատեւման գործօնը (ինչպէս օրինակ՝ սփիւռքում գործող հայագիտական որոշ կեդրոնների եւ հայրենիքի համագործակցական պարտաւորութիւնները),
— Շնորհակալութեամբ գնահատելով բազում տասնամեակների ընթացքում ՀԲԸՄ-ի, սփիւռքի այլ բարերարների դերը Մելգոնեանի պահպանման գործում, ինչպէս նաեւ այդ վարժարանի տարբեր սերունդների շրջանաւարտների եւ նրանց ուսուցիչների ունեցած վաստակը սփիւռքում արեւմտահայերէնի ուսուցման ու տարածման ասպարէզում,
–Հաշուի առնելով, որ հայրենիքում ու ներքին (նախկին Խորհրդային) սփիւռքում այսօր նոյնպէս ունենք ազգային բարերարների նորաստեղծ, գործուն փաղանգ, հետեւաբար հնարաւոր համարել հայրենիքի պատկան մարմիններին ներկայացնելու պետութեան հոգածութեան ներքոյ եւ այդ նոր բարերաների սատարումով Միլգոնեանը վերաբացելու առաջարկ:
–Միաժամանակ, հայրենի իշխանութիւնների միջոցով հասնել այն բանին, որ արտասահմանեան հայագիտական կեդրոնների հետ համագործակցող հաստատութիւնների գործակցութիւնը, նաեւ «Արի տուն» ծրագրով սփիւռքի երեխաների հայերէնի դասերի ուսուցումը կամ ուսանողների պատրաստումը հայրենիքում, իրականանան միայն արեւմտահայերէնով:

Շարունակելի

ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ
(«Մեսրոպեան Ուխտ»
լեզուապահպանական միութիւն)
15 Յուլիսի 2013 Ռոտ-Այլըմտ (ԱՄՆ)

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031