Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին տրամաբանական կապ

Հունվար 10,2014 13:27

2014-ի առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք իրար հետ արտաքուստ կապ չունեն, բայց իրականում, իհարկե, ամեն ինչի մեջ կարելի է, ի վերջո, որոշակի տրամաբանություն տեսնել:

1. Կյանքից հեռացել են մշակութային հայտնի գործիչներ Ջիմ Թորոսյանը, Արմեն Մազմանյանը, Լեւոն Խեչոյանը: Քանի նրանք ապրում էին, նրանց ստեղծագործությունը, հասարակական գործունեությունը ոմանց դուր էր գալիս, ոմանց՝ ոչ: Այսօր, երբ նրանք չկան, այդ ամենը, բնականաբար, վերաիմաստավորվելու է: Ոչ միայն՝ «գնա մեռի, արի սիրեմ» տրամաբանությամբ, այլեւ նրանով, թե ինչ են այդ մարդիկ իրենց կյանքում հասցրել անել, ոչ թե՝ ինչ են ասել այս կամ այն առիթով: Այդ ասածները, եթե այսօր չեն մոռացվել, ապա վաղը հաստատ կմոռացվեն՝ 2-3 ամսից, հետագա տարիների եւ տասնամյակների ընթացքում մարդիկ քննարկելու են միայն Թորոսյանի նախագծած շենքերը, Մազմանյանի բեմադրած ներկայացումները, Խեչոյանի գրած գրքերը: Գուցե այսօր ապրող արվեստագետների նկատմա՞մբ էլ վերաբերմունքը նույնը պետք է լինի:

2. Մտավորականների թեման սկսեցին դերասաններ Տիգրան Ներսիսյանն ու Արմեն Էլբակյանը, որոնք Սուրբ ծննդյան օրը կաթողիկոսի եւ նախագահի գլխին ամպհովանի պահեցին եւ արժանացան ընդդիմադիր համացանցային ակտիվիստների կատաղի հարձակումներին: Իմ կարծիքով՝ հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարներին, ով էլ նրանք լինեն, պետք է վերաբերվել մի կողմից՝ խիստ քննադատաբար (որպեսզի տեսնեն իրենց բազմաթիվ սխալները), մյուս կողմից՝ հարգանքով (դա հարգանք է ոչ թե տվյալ անձանց, այլ այն պետության հանդեպ, որի քաղաքացին ես դու, եւ այն հավատքի, որին դու պատկանում ես): Սակայն ամպհովանի պահելու ավանդույթը ես, ճիշտն ասած, չեմ ընկալում: Դա ինձ հիշեցնում է տեսարան աֆրիկյան ցեղերի կյանքից, երբ ցեղի առաջնորդի գլխին առավել մկանուտ ցեղակիցները արմավենու ճյուղեր էին պահում եւ երբեմն թափահարում՝ ճանճերին քշելու համար: Հասկանում եմ, որ այդ զուգահեռը խիստ սուբյեկտիվ է եւ ուրիշների մոտ կարող է չառաջանալ, բայց ամբողջ այդ արարողությունը, կարծես թե, հակասում է «Քեզ համար կուռքեր մի՛ ստեղծիր» պատվիրանին:
3. Վերջապես, ամենաակտիվ ընդդիմադիր պատգամավորներից մեկը՝ Զարուհի Փոստանջյանը, 5 ամսով մեկնել է Հայաստանից` «Տաֆթս» համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի դասընթացներին մասնակցելու: Ինքնին այդ երեւութը նորմալ է եւ նույնիսկ ողջունելի՝ երիտասարդ պատգամավորը ցանկանում է կատարելագործել իր իրավական եւ դիվանագիտական գիտելիքները: Այստեղ կա միայն մի նրբություն. Զարուհի Փոստանջյանը, ինչպես եւ վերջին 20 տարում բոլոր ընդդիմադիր գործիչները, բազմիցս հայտարարել է, որ այս իշխանության օրոք երկիրը կործանվում է, պետությունը վերանալու եզրին է եւ այլն: Ինչպե՞ս է նա կարողանում երկարատեւ բացակայել երկրից, եթե պահն այդքան օրհասական է: Նման «ալարմիզմը» եւ ակադեմիական գիտելիքներ ստանալու ձգտումն իրար փոքր-ինչ հակասում են:
Համենայնդեպս, ՀՀԿ-ական ցրված պատգամավորները կարող են հանգիստ թողնել իրենց քվեարկության քարտերը սեղաններին՝ 5 ամիս դրանք այլեւս ոչ ոք չի հավաքի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Շարքը հետաքրքիր է, բայց ոչ զարմանալի…քանի դեռ կան մարդիկ, որոնք մեր Նահագահին համեմատում են Դանկոյի հետ, այդ շարքը դեռ շատ կհամալրվի:

  2. Armen Sarkissian says:

    Ի վիճակի է, արդյոք, մարդը, ստիպել ինքն իրեն, որ ինչ որ մեկին, անկախ նրանից, թե վերջինս ով է, հարգել? Հարգանքը, ինչպես և սերը, զզվանքը, ատելությունը և այլն, կամ կա, կամ ոչ: Մարդ արարածը չի կարող ղեկավարել իր զգացմունքները (խոսքը անկեղծ, genuine, զգացմունքի մասին է). ճիշտ հակառակը: Մյուս կողմից հարգանքի արժանանում են, այլ ոչ թե արհեստականորեն տեղադրում, ինչպես, օրինակ, ատամը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալություն, հաջորդ խմբագրականը կսկսեմ հենց Ձեր հարցից:

    • Հրանտ Պապիկյան says:

      Մարդ արարածը հենց դրանով էլ տարբերվում է մյուս արարածներից, որ ոչ միայն ԿԱՐՈՂ է, այլ նաև պարտավոր է կառավարել իր զգացմունքները, եթե իհարկե ուզում է տարբերվել…
      Երբ խոսքը գնում է որոշակի ստատուս ունեցող մարդկանց մասին, ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԸ պարտավոր է հարգել ոչ թե տվյալ մարդուն, այլ նրա ստատուսը, քանի որ մարդը պետք է գիտակցի, որ ինքը նաև ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ արարած է, եթե իհարկե ուզում է հասարակության մասնիկը լինել, այլ ոչ թե մարգինալ մեկը…
      Նախագահը, կաթողիկոսը իմ համար անձիք չեն, այլ իմ հայրենիքի խորհրդանիշներ` ինչպես դրոշը, զինանշանը…: Ես կարող եմ հիացած չլինել նրանց կերպարմերով` որպես անձեր, քննադատել նրանց այս կամ այն որոշումը, բայց չհարգել նրանց որպես իրենց ստատուսի կրողներ, նշանակում է քեզ դուրս դնել հասարակությունից, հայրենիքից…
      Իսկ ինչ վերաբերվում է ամենայն հայոց կաթողիկոսի կամ ՀՀ Նախագահի հասցեին անպարկեշտ արտահայտություն անողներին, անունը փոքրատառով գրողներին և այլ մանկամիտ “պայքարի” ձևեր օգտագործողներին, ես նրանց ոչ թե քաղաքացի, հայ կամ ՄԱՐԴ եմ համարում, այլ ընդամենը ` ԱՐԱՐԱԾ, և ցավոք սրտի այդպիսիք քանի գնում շատանում են` իրենց պլինտուսի մակարդակի դաստիարակուությամբ չտարբերելով խոսքի ազատությունը խոսքի սանձարձակությունից…

  3. կայծակ փալանճեան says:

    Չը զարմանաք եթէ ինչոր չափով տարբեր նկատառումներ մատուցեմ….մենք միշտ էլ ունեցել ենք ՄՏԱՒՈՐԱԿԱՆՆՆԵՐ,Արւեստակէտներ եւ ընդհանրապէս մշակոյթով բարձր հարդակի-մակարդակի անձեր…սակայն ,մեր մէջ բացակայում էր եւ Է…քաղաքականա-գէտը, վերջինի գործադրած(ինչպէս միւսներ)ի ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆ*-ը:Ասել է Դիվանագէտ-ոչ թէ մի միայն քաղաքական գործչի ՏԻՊԱՐ,յանձինս այդ յամարձակ -կուռ բնաւորութեան տէր Զարուհի փոստանջեանի:
    Կարծիքովս -սխալ տեղկատւութիւն է նրա ՄՆեր Թաֆթ եւ Ֆլէչեր գնալու Հինկ ամսվայ վերաբերեալ Լուրըղղղ
    Այս առաւօտ Հայաստանի ՉՈՐՍ Հեռուստատեսներից չեմ յիշում որը…. յայտնեց նա ՀՐԱՒԻՐՎԵԼ Է ՍԹՐԱԶԲՈՒՐԿ,ՖՐԱՆՍԱՅ :Եւ այդ յիշեալ կազմակերպութեան կողմիզ,քանզի Հովիկ Աբրահամեան նրան զրկել էր մաս կազմելու Հայկական Ներկայացչութեամն ի Սթրազբուրկ:
    Յետով Զարուին արդեօք այդքան Անկլերէն գիտէ ,դասընթացքներին ՄՆեր յետեւելու…
    Յարգանք այդ Կին-աղջնակին -մերօրեայ Ժան դը Արռքին……(իր կողքին էի մէկ անգամ երբ Ռասֆի Հովանիսեանն էր խօսում Ազատ.Հրապարակում…..

  4. Armine G says:

    1. «Գնա մեռի, արի սիրեմ»ը միշտ էլ ակտուալ է մնում որպես հայկական իմաստնություն: Այն ոչ մի դեպքում փոփոխման ենթակա չէ:
    2. Ճանճ քշելը կամ ամպհովանի պահելը ինքնահռչակ և ժողովրդի սերը չնվաճած ղեկավարների համար առնվազն ստրկամտություն և շողոքորթություն է: Ներսիսյանն ու էլբակյանը գոնե իրենց հայրերի պատիվը բարձր պահելու համար չպետք է իջնեին այս աստիճան:
    3. Զարուհին հեռվից էլ կարող է ծավալել իր պայքարը: Կարևորը նրա համարձակությունն ու հնարամտությունն է: Իսկ մի գուցե նա ստիպված է՞ եղել ժամանակավոր հեռանալու: Այս մասին մտածե՞լ եք:

  5. Maxim says:

    Շատ ճիշտ համեմատություն է, հատկապես աֆրիկական վայրի ցեղերի մասին։ Սակայն հարգելի՝
    Արամ Աբրահամյան, Զարուհի Փոստանջյանի 5 ամիս բացակայությունը միանշանակ կրկնակի, գուցե և տասնակի բարիք կբերի մեր ժողովրդին, քանի որ նա գնացել է վերապատրաստման։ Համոզված եմ, որ Դուք նույնպես այդ կարծիքին եք։ Իսկ կիսագրադետ, ագահ ու թալանչի կեղծ Նժդեհականների ընտրության քարտերը հավաքեն թե՛ ոչ, ինչպես տեսնում ենք, ոչ մի նշանակություն
    չունի, միևնույնն է՝ իրենց սև գործը անում են։ Մեր երկրի վիճակը իրոք օրհասական է, բայց դա չի
    նշանակում, որ կարող է աշխարհի քարտեզի վրայից անհետանա։ Եթե իհարկե համեմատվենք աֆրիկական վայրի ցեղերի հետ, գուցե և այնքան էլ օրհասական չէ, բայց ինչպես մեկի տատն էր ասում,՝ մենք դրա համա՞ր ենք հավաքվել, կամ ավելի ստույգ՝ դա՞ է մեր նպատակը։
    Զարուհի Փոստանջյանը՝ իմ հարազատն է, իմ զավակներիս քույրը, ,,թեպետ պարտադիր էլ չի որ ինձ երբևէ ճանաչի,,։ Նա ամբողջ Հայ ազգի նվերն է աստծու կողմից, նա մեծ բարի լույս է այսօրվա խավարում։ Նրա հետ չկա համեմատություն՝, որպես կանացի էակ, եթե առասպելները մի կողմ թողնենք, և իրականությանը նայենք բաց աչքերով։ Ցավոք մեր ժողովուրդը այսօր մորթապաշտ է դարձել, պաշտոնապաշտ ,,նկատեցի որ պաշտոն բառի արմատը նույնպես պաշտել բառից է, մի գուցե պատահակա՞ն չի,, և խոզի բուդապաշտ, 5 հազար դրամով վաճառվող։ Հույսով եմ, որ այս խավարը կցվրվի, լույսի շողերի ուժով, որից ամենավառը կլինի՝ Զարուհին։

    • Սիմակ Բարխուդարյան says:

      Լիովին համամիտ լինելով Ձեր հետ, կուզեի շեշտել այստեղ արտահայտվողների մտածելակերպի դեֆորմացիան, պարզից էլ պարզ է, որ վատ բանը լավ տեղ դնելով չի լավնանում, այլ ընդհակառակը, էդ լավ տեղն էլ է վատացնում: Իսկ Զարուհուն անձամբ չճանաչելով կուզենայի, որ ազգիս մեծամասնությունը, գոնե միայն տղամարդիք, նրա կեսի չափ տղամարդ լինեին ու սիրեին իրենց երկիրն ու ժողովրդին: Հասկացեք վերջապես ժողովուրդ, էսքան հնարամիտ ազգը իրավունք չունի էս վիճակը տասնամյակներով հանդուրժի, սա ազգովին լուծելու միջոցով միայն կշտկվի…

  6. Ընթերցող says:

    Տիկին Փոստանջյանի մասին ձեր արված ակնարկի հետ լիովին համաձայն եմ: Կացանկանյի ես ել հարցնել, այս երկրում պատգամաորն էլ բան չուներ անելու, որ գնում է հինգ ամսով արտասահման սովորելու: ավելի ազնիվ չեր լինի մարնդատը ցած դնել, որ իրեն փոխարիներ մի մարդ, որ խորհրադարանում կաշխատեր: Թե հիմա պատգամաոր լինելու “քյարն” էլ իր համար դա է: Եթե կարողանար Սյունիքում հանք գներ եժան գնով դա կաներ: իրավունք ունեմ հիմա տիկին Փոստանջյանի անկեղծության վրա կասկածել թե ոչ?

  7. Արսեն says:

    Արամ Աբրահամյանին։
    Տրամաբանական կապ կլիներ, եթե կասկածներ լինեին, որ Ջիմ Թորոսյանին կամ Արմեն Մազմանյանին կամ Լեւոն Խեչոյանին «վերացրել են» ռեժիմի հրամանով։ ( մեկին վերացրել են, մյուսները «խելոքացել են» և ամպհովանի են պահոմ, Ձարուհին էլ «թռել» է)։
    ՈՒնեք այպիսի կասկածներ?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031