Չգիտես ինչու՝ թե՛ ոստիկանությունը, թե՛ վարչապետը, թե՛ Կճոյանը, թե՛ Աշոտ Սուքիասյանը խոսում են Կիպրոսում գրանցված միայն մեկ՝ WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության մասին: Մինչդեռ խոսքը երկու ընկերությունների մասին է, ընդ որում՝ հիմնական գործարքները կատարվել են երկրորդ ընկերության «A.B.S. GLOBAL LIMITED»-ի միջոցով: Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացված վարկային գումարից Աշոտ Սուքիասյանը 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ում օֆշորային երեք ընկերությունների հաշվեհամարներին: Ըստ hetq.am– ի, այդ ընկերություններն են`
- «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ին` 7 մլն 20 հազար 450 դոլար,
- «WLISPERA HOLDINGS LIMITED» ՍՊԸ-ին՝ 350 հազար դոլար,
- «STR EMERALD LIMITED» ՍՊԸ-ին՝ 2 մլն դոլար:
«A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ի հաշվեհամարին Ա. Սուքիասյանը փոխանցել է 7 մլն 20 հազար 450 դոլար: Իսկ այդ ընկերության 66 տոկոս բաժնետերը եղել է WLISPERA HOLDINGS LIMITED-ը: Այսինքն՝ Աշոտ Սուքիասյանը, Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ Կճոյանը: Եվ այդ ընկերության շրջանառությունը, ըստ մյուս բաժնետերերից մեկի, եղել է 35 մլն դոլար: Աշոտ Սուքիասյանն այժմ դատական վեճի մեջ է Սիերա Լիոնեում գրանցված «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերության հետ: Վերջինս ունի ադամանդի եւ ոսկու հանքավայրեր: Այս ընկերության սեփականատերերը Աշոտ Սուքիասյանի հրավերով երկու անգամ եղել են Հայաստանում եւ հանդիպել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Եվ այս ընկերության շահերը դատարանում, ինչպես մի անգամ արդեն նշել ենք, ներկայացնում է Շերմոն Սիսիին: Վերջինիս Աշոտ Սուքիասյանը լիազորագիր է տվել «A.B.S. GLOBAL LIMITED»-ի գործերով որպես լիազոր ներկայացուցիչ հանդես գալու: Շերմոն Սիսիի հետ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Աշոտ Սուքիասյանը Երեւանում՝ կառավարության շենքում, հանդիպել են 2008 թվականի նոյմեբերի 7-ին:
«A.B.S. GLOBAL LIMITED»-ի մնացած 44 տոկոսի բաժնետերերը երեք ընկերություններ են, դրանց բաժնետերերից երկուսը՝ Սերգեյ Տրյուկազյուկն ու Ալեքսանդր Վալչիկովսկին, 2010-ի հուլիսին Երեւանում՝ կառավարության շենքում, հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Պատահականությունների» շարքը թափով աճում էր. կառավարությունը որոշում է զարգացնել ադամանդագործությունը Հայաստանում, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը «պատահաբար» իր մոտ է հրավիրում 23 կազմակերպությունների ներկայացուցիչների եւ նրանց ներկայացնում «պատահական» իր մոտ գտնվող ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին: Ներսես Երիցյանը հետո «պատահաբար» միջնորդում է «Ամերիաբանկի» ղեկավարներին, որ բանկը վարկավորի մի բիզնես ծրագիր: «Ամերիաբանկում» նստում եւ մի« պատահական» բիզնես ծրագիր են գրում: Բանկը որոշում է իր «պատահական գրած» բիզնես ծրագրով 12 մլն դոլար տալ Աշոտ Սուքիասյանին: Գրավադրվեց Փայլակ Հայրապետյանի ամբողջ ունեցվածքը՝ 30 մլն դոլար շուկայական արժեքով: Եվ ահա, միանգամայն «պատահական», այդ գույքն այժմ անցել է «Ամերիաբանկին»:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում