Արդեն քանի տարի է` ձևավորվել է գեղեցիկ մի ավանդույթ. Սուրբ Ծննդյան և Հարության տոներին Հայրապետական հանդիսավոր թափորով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճար է մտնում ՀՀ Նախագահի և առաջին տիկնոջ հետ միասին, իսկ ամպհովանին, համեմատաբար իբրև հին ավանդույթ, կրում են ազգային-եկեղեցական կյանքում վաստակ ունեցած Հայ Եկեղեցու զավակները:
Այս գեղեցիկ ավանդույթը, սակայն, այս անգամ անհասկանալիորեն բուռն քննարկումների և զանազան մեկնաբանությունների տեղիք տվեց: Զարմանքս մեծ եղավ, երբ որոշ լրատվական կայքերի միջոցով մեծ աղմուկ բարձրացվեց Սուրբ Ծննդյան Պատարագին ամպհովանակիրների` մասնավորաբար Տիգրան Ներսիսյանի և Արմեն Էլբակյանի շուրջ: Տարօրինակ էր, որ ամպհովանի կրելը որոշ անձեր արհեստականորեն վերածել էին քաջության և ստրկամտության փորձաքարի: Անհասկանալի տվյալ վարկածով էլ ամպհովանի կրողները ստրկամիտներ են, հետևաբար պետք է եզրակացնել, որ նրանք էլ, ովքեր «խրոխտաբար» կհրաժարվեն ամպհովանի բռնելուց, քաջեր են: Այս տարօրինակ համադրությամբ հասարակությունը բաժանվում է քաջերի և ստրկամիտների: Դիպուկ է ասված Ավետարանում. «մժղուկները քամում եք և ուղտերը կուլ եք տալիս»: Կարևոր չէ, թե մարդը ինչ վաստակ ունի, ինչ ծառայություն է մատուցել ազգին, այլ այն, թե կրե՞լ է ամպհովանի, թե՞ ոչ, այս է որոշ մարդկանց տրամաբանությունը: Հիմա հարց է առաջանում, արդյոք ստրկամի՞տ էին Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեք Մանուկյանը և ուրիշ նշանավոր անձեր, ովքեր եղել են ամպհովանակիր: Եվ հերոսները նրա՞նք են, ովքեր այսօր քար են նետում ամպհովանակիրների վրա: Եկեք անկողմնակալորեն չափենք ամպհովանակիրների վաստակը մեր ժողովրդի կյանքում և նրանցը, ովքեր այսօր քննադատում են ամպհովանի կրողներին: Հետևությունները թողնում եմ ընթերցողներին, թե ովքե՞ր են քաջ և ազգի նվիրյալ, ովքեր շաղակրատող և բանսարկող:
Բնավ չպիտի անդրադառնայի այս հարցին, եթե այն վերաբերեր միայն ամպհովանի կրելուն: Ըստ իս` հարցն ավելի աշխարհայացքային է և ցույց է տալիս կրոնի և եկեղեցու նկատմամբ որոշ անձերի վերաբերմունքի աղճատվածությունը: Ամպhովանու վերաբերյալ իրենց արտահայտած կարծիքներով մարդիկ վերաբերմունք են արտահայտում Հայ Եկեղեցու և հոգևոր արժեքների նկատմամբ: Եկեղեցական ձևավորված ավանդույթի մասին կարծիք են արտահայտում մարդիկ, որոնց համար ամպհովանի կրելը զուտ արտաքին և բեմական մի տարր է և ոչ թե սրբազան ավանդույթի մաս:
Անիմաստ աղմուկ բարձրացնելու փոխարեն, լավ կլիներ, որ նրանք իրենց միտքը սևեռեին Սուրբ Ծննդյան կարևոր խորհրդի վրա, առավել ևս այդ առիթով Հայրապետական պատգամի վրա, որը միանշանակ արդիական է մեր օրերում և նաև շատ դիպուկ բնութագրում է նման մտայնությունների հետևանքները. «Այսպիսի մտայնությանց մեջ սուտը քողարկվում է ճշմարտության դիմակով, բանավեճը դառնում է վիճաբանություն, քննարկումը վերածվում քամահրանքի ու դատապարտության խոսքի, որոնցից հեռանում է Աստծո ճշմարտության Հոգին, Աստծո իմաստությունը, և մենք դժվարանում ենք, այո, նույնիսկ դադարում ենք տեսնել բարին, արդարը, ու մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը և գալիքի հույսն ու լավատեսությունը»:
Կարդացեք նաև
Իսկապես նման մտայնությունները` ինչպես Վեհափառ Հայրապետն է իր պատգամում անդրադառնում, դժվարացնում են և երբեմն էլ պատճառ են դառնում, որպեսզի մարդիկ դադարեն տեսնել բարին: Ահա սա է պատճառը, որ նրանք գեղեցիկ այս ավանդույթի մեջ բարին չեն տեսնում և չեն նկատում նաև եկեղեցու և պետության խորհուրդը: Նրանց հոռետեսությունը վերաբերում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այլ նախաձեռնություններին, որոնց կողքին ամպհովանու վերաբերյալ հնչած անհեթեթ մեկնաբանությունները, պարզապես ամոթ են և պատիվ չեն բերում դրանց հեղինակներին:
ՊԱՐԹև աբեղա ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՄԻԱԲԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
Այստեղ խոսքն արժանապատվությանն ամենևին չի վերաբերում, խոսքն այն մասին է, թե ով է կանգնած ամպհովանու տակ: