Հայաստանում 2014թ. հնարավոր է հասնել իշխանափոխության։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Իշխանափոխություն կարող է լինել, եթե քաղաքական դաշտում ձեւավորվի լուրջ կոնսոլիդացված կենտրոն։ Եթե բեւեռ ձեւավորվեց քաղաքական դաշտում , ապա լուրջ հետեւանքներ կունենա իշխանության համար։ Թե ինչպիսին կլինեն հետեւանքները, ես չեմ ուզում կանխատեսումներ անել։
Այս տարի լուրջ խնդիրներից մեկը Սահմանադրության փոփոխությունն է, եթե իշխանությունը կարծր դիրքորոշումներ ունենա այդ հարցի շուրջ, ապա նա կարող է ակամայից կոնսոլիդացնել ողջ քաղաքական դաշտը։ Եթե իշխանությունը ոչ ռեալիստական պատկերացումներով շարժվի, ապա ես չեմ բացառում ֆորսմաժորային իրավիճակներ»,-ասաց պարոն Բոզոյանը։
Քաղաքագետի խոսքով, այս տարի բոլորի ուշադրության կենտրոնում Սահմանադրության փոփոխության հարցն է։
«Իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներն ավարտել, նրանք առաջարկել են սահմանադրության իրենց պատկերացրած փոփոխությունները։ Այդ ժամանակ հասարակությանը պարզ կդառնա, թե ինչ են իշխանությունները պատրաստվում անել։ Փոփոխվելո՞ւ է Սահմանադրությունը, թե՞ չի փոփոխվելու, եթե փոփոխվելու է, ապա ինչ մակարդակի է փոփոխվելու, որովհետեւ շատ խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը նախագահական համակարգը ցանկանում է փոխել պառլամենտականի, որպեսզի հետագայում կարողանա վերարտադրվել»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ