Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանի` «արդարության դեմ մեղանչելն» ու Շանթ Հարությունյանի հացադուլի դադարեցումը

Հունվար 10,2014 12:25

«Շանթ Հարությունյանը հյուծված էր, մեր այցից 2-3 օր հետո տեղափոխվեց հիվանդանոց, նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Իսկ հենց նոր տեղեկացա, որ Շանթ Հարությունյանը դադարեցնում է հացադուլը»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, հասարակական դիտորդական խմբի անդամ Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ տարեվերջին հասարակական դիտորդական խմբի անդամները հանդիպեցին «Կենտրոն» ՔԿՀ, հանդիպում ունեցան հացադուլ հայտարարած Շանթ Հարությունյանի հետ:

Արթուր Սաքունցը Շանթ Հարությունյանին համարում է քաղաքական բանտարկյալ ու մանրամասնում. «Այն հիմնավորումները, թե իբր նա խախտել է հասարակական կարգը, բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մարդիկ եղել են քաղաքացիական հագուստով և սադրել են: Որևէ քաղաքացի պարտավոր չէ և չի կարող իմանալ, որ քաղաքացիական համազգեստով անձը ոստիկան է: Իսկ ինչպե՞ս գնահատել այն, որ այդ անձը բռնի գործողություններ է կատարում խաղաղ երթի մասնակիցների նկատմամբ, և ոստիկանությունը գործողություններ չի իրականացնում: Շանթը նախապես զգուշացրել էր, որ եթե բռնություն գործադրվեր իրենց նկատմամբ, իրենք պատասխանելու են»:

Ըստ Արթուր Սաքունցի` Շանթ Հարությունյանին տեսակցությունների և հեռախոսազանգերի` արգելանքի որոշումը ևս ապօրինի է և հետապնդում է Շանթին իր համախոհներից, հարազատներից ու հասարակությունից մեկուսացնելու նպատակ:

Մեր դիտարկմանը, թե ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի ընդունում, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ,  պարոն Սաքունցն այսպես արձագանքեց. «Արդարադատության նախարարը բավականին հետ է մնացել ԵԽ ի անդամ երկրի իրավական գործընթացներից, քանի որ պիտի հիշեցնեմ, որ ԵԽԽՎ-ն արդեն ընդունել է չափորոշիչներ, որոնց հիման վրա անձը կարող է քաղբանտարկյալ համարվել: Նա ուշադիր պիտի սերտի ԵԽԽՎ փաստաթղթերը, հատկապես այն երկրի համար, որը ԵԽ անդամ է»:

Արթուր Սաքունցը այսպիսի եզրահանգում է անում. «Ելնելով ՀՀ տխուր պրակտիկայից` կարող եմ վստահորեն ասել, որ արդարադատության նախարարը տվյալ դեպքում մեղանչում է արդարության դեմ»: Պարոն Սաքունցը հարց է բարձրացնում` «այդ դեպքում հացադուլավոր քաղբանտարկյալի համար, որի իրավունքն է հացադուլ անելը և պետությունը պարտավոր է` հանձինս արդարադատության նախարարի` պատշաճ պայմաններ ապահովելը, ինչո՞ւ չեն ապահովվում այդ պայմանները»: Նա մատնանշեց այն, որ պետք է հացադուլ հայտարարած բանտարկյալը գտնվի առանձին և այլ ազատազրկվածների հետ չանցկացնի հացադուլը, որոնք սնունդ են ընդունում. «Բայց նման բան չի իրականացվում: Վահեն դեկտեմբերի 28-ից հացադուլը անցկացնում է խցում, որտեղ կան բանտարկյալներ, որոնք սնունդ են ընդունում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031