Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմակուսակցական Հայաստան – 5

Հունվար 10,2014 12:16

 Նախորդ հատվածներում հետևողականորեն կարմիր կամ չգիտեմ ինչ գույնի թելի պես անցկացնում էինք այն միտքը, որ Հայաստանում ներկան ու մանավանդ ապագան կուսակցություններին և կուսակցականներին է պատկանում, և շատերիս համար ավելի քան անհասկանալի ու անըմբռնելի է, թե ինչու քաղաքական հակումներ ու նկրտումներ ունեցող որոշ մարդիկ Հայաստանում ոչ թե կուսակցություններ են հիմնադրում, այլ` հասարակական կազմակերպություններ:

Պարզից էլ պարզ է, որ դրանց մեծ մասը շուտ թե ուշ վերածվելու են կուսակցության և քաղաքական հավակնություններ են ներկայացնելու` իրենց մասնակցությունը բերելով զանազան տրամաչափի ու մակարդակի գյուղական, քաղաքային ու քաղաքական ընտրություններին:

Առավել հասկանալի ու ընկալելի են անցած տարում ծայր առած ու բավական առաջացած քաղաքացիական շարժումները` հիմնականում երիտասարդների մասնակցությամբ: 2013-ը ցույց տվեց, որ շատ դեպքերում քաղաքացիներն ու նրանց դեռևս անանուն միավորումները շատ հաճախ ավելի ակտիվ ու ներգործուն են, քան` կուսակցություններն ու կուսակցականները:

Դա առավել համոզիչ կերպով երևաց անցյալ ամառ, երբ անկուսակցական ակտիվիստների ու մանավանդ երիտասարդ ակտիվիստների ջանքերով կանխվեց հասարակական տրանսպորտի թանկացումը: Եվ նմանապես կենսաթոշակների հարցի հետ կապված էին մեր երիտասարդ քաղաքացիները կուսակցություններից ու կուսակցականներից ավելի ակտիվ, ինչպես նաև` Մաքսային միության ու «Հայռուսգազարդի» հետ կապված հարցերում:

Եվ համոզված եմ, առաջիկայում էլ առաջիկա խնդիրների հետ կապված են ակտիվ լինելու, որովհետև էս քաղաքացիական ու ապակուսակցական գործընթացները շարունակելի ու անդառնալի են, և ապակուսակցական լինելով` ամենևին էլ ապակուսակցական չեն:

Եվ համոզված եմ, առաջիկա տարում նոր զարգացումներ ու նոր ձևավորումներ են ունենալու, և առաջիկա տարում մեր արդեն ձևավորված երիտասարդներն ավագներիս ու տարեցներիս համար ավելի հաճախ են օրինակ հանդիսանալու:

Ու չնայած երիտասարդների քաղաքացիական ակտիվության ու գործողությունների մասին զանազան ու իրարամերժ մեկնաբանություններ են եղել ու լինում, այդուհանդերձ, նրանք, ինչպես տեսնում ենք, որևէ նեգատիվ մեկնաբանությունից հուսահատվողն ու հուսալքվողը չեն: Եվ եթե նորից փորձեն տրանսպորտը կամ որևէ այլ բան թանկացնել, վերստին հույսներս իրենց վրա է լինելու, այլ ոչ թե` մեզ վրա կամ կուսակցությունների:

Եվ եթե մեզ համար իրենց էդ պայքարը որոշակի ելք ու միջոց է, իրենց համար պարզապես կյանք ու ապրելու ձև է: Եվ ապրելու իրենց էդ ձևն իրենք անձամբ են հայտնաբերել` իրենց ու մեզ համար: Եվ եթե իրենց պայքարի պատմությունից առաջ Հայաստանի քաղաքացին ապրելու որևէ ձև ու եղանակ չուներ, հիմա, կարող ենք ասել, արդեն ունի:

Եվ եթե իշխանությունները, ընդդիմությունն ու բոլորս ոչ թե անուններ կպցնելով զբաղվենք, այլ միանգամայն կառուցողաբար վերաբերվենք պայքարողների ու հատկապես պայքարող ջահելության պայքարին, արդյունքն ու պտուղները միանգամայն երևելի ու երևացող կլինեն, ընդ որում` հենց իշխանության, ընդդիմության ու բոլորիս համար երևելի կլինեն:

Իսկ ինչ վերաբերում է անձամբ քաղաքացիաբար պայքարողներին, նրանցից շատերը, կարծում եմ, իրենց սկսած էդ պայքարից անձնական ակնկալիքներ առանձնապես չունեն էլ: Եվ եթե ունեն էլ, էդ ակնկալիքն ու տեսլականը մեր պետության ու հանրապետության անկախության ապահովությունն ու ապահովագրությունն է. անկախություն, որի մասին բոլորս խոսում ենք տոնական օրերին, իսկ տարվա մնացած օրերին մոռանում ենք:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031