Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Ներքին կարգով հրահանգված է ՀՀ քաղաքացիներին վերաբերվել որպես ՄՄ անդամ երկրի քաղաքացիների». «Հայոց աշխարհ»

Հունվար 10,2014 12:07

Հատված պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ հարցազրույցից:
   –Վերջին շրջանում հայաստանյան արեւմտամետները մի նոր տակտիկա են որդեգրել, հայտարարում են, թե հայռուսական հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում, ՌԴ վարչակազմը չի վստահում Հայաստանի իշխանություններին, չկա փոխադարձ շահերի հարգում, կան միայն վասալային հարաբերություններ: Լինելով ռուսական շրջանակների հետ համագործակցող քաղաքական գործիչ, ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Ասվածը իրականության հետ ոչ մի կապ չունի: Վստահաբար կարող եմ ասել, որ իրականությունը գլխիվայր ներկայացնելով՝ ոմանք ընդամենը անձնական շահագրգռություններ են հետապնդում:

Իսկ հայ-ռուսական հարաբերությունները հարկավոր է գնահատել ոչ թե խոսքերով, այլ գործերով: Հայաստանը դեռ Մաքսային միությանը չանդամակցած, Ռուսաստանն արդեն իսկ գնաց քայլերի, օրինակ, իջեցրեց գազի սակագինը, ընդառաջ քայլեր արվեցին նաեւ աշխատանքային ներգաղթյալների հարցում:

Տեղեկացնեմ, որ այսօր ներքին կարգով հրահանգված է ՀՀ քաղաքացիներին վերաբերվել որպես ՄՄ անդամ երկրի քաղաքացիների, նվազեցվել են այն պահանջները, որ սահմանված են երրորդ երկրների քաղաքացիների հանդեպ: Այսինքն՝ մեզանում արդեն իսկ գործում են ՄՄ անդամ երկրների համար նախատեսված շահեկան օրենքները: Նման օրինակները շատ են, որոնք փաստում են հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող վստահության մասին:
Ինչ վերաբերում է վասալային հարաբերություններին, դա կեղծ քարոզչություն է: Չնայած եղել են փուլեր, երբ հայ-ռուսական հարաբերություններում սառեցում է նկատվել, բայց անգամ այդ դեպքում Հայաստանի երեք նախագահների եւ ՌԴ նախագահների միջեւ մշտապես եղել են գործընկերային ու ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Ասվածս հաստատում են 23 տարիներին ստորագրված հայ-ռուսական երկկողմ բազմաթիվ փաստաթղթերը:

Վերջապես Ռուսաստանը որպես գերտերություն որքան էլ տարբեր հարցերում աջակցել է մեզ, սակայն երբեք մեր առջեւ չի դրել պահանջներ, երբեք չի պարտադրել, օրինակ, օրենսդրական փոփոխություններ, տրամադրելով վարկեր` պահանջներ չի դրել, թե ինչպես դրանք օգտագործել, գերտերություններից ամենանվազագույն միջամտությունն է ունեցել մեր երկրի ներքին կյանքին: Սրանք անժխտելի փաստեր են:

Մինչդեռ իրողությունն այլ է Արեւմուտքի պարագայում. փոքր գումարի դիմաց մեր առջեւ մշտապես պահանջներ են դրել` օրենսդրական, ներքաղաքական հարթությունից մինչեւ ԼՂ հիմնախնդիր: Գուցե հարկ է հիշեցնել, որ հայաստանյան օրենքների նախագծերը ոչ թե Ռուսաստան, այլ Վենետիկի հանձնաժողով են ուղարկվում: Թող ընթերցողն ինքը համարժեք հետեւություն անի` Ռուսաստանի հետ հարաբերություննե՞րն են վասալային, թե՞ Եվրոպայի, Ռուսաստանն է կայսերապաշտական քաղաքականություն վարում, թե՞ Եվրոպան:
Այսօր մեր երկիրը գնում է ինտեգրացիոն ճշգրիտ ուղիով, ու ժամանակը դրա ճշմարտացիությունը եւս կապացուցի:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031