Ծիսական ավանդույթի համաձայն, կաթողիկոսը Վեհարանից Մայր Տաճար գալիս է հայրապետական թափորի ուղեկցությամբ, ամպհովանու ներքո: Ըստ որում, մեր եկեղեցին հայրապետական ամպհովանին գործածում է Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության (Զատիկի) տոների ժամանակ:
Ահա, այս անգամ էլ, պատարագի սկզբում հայրապետական խաչվառազարդ թափորը Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ու առաջին տիկնոջը ամպհովանիով առաջնորդել է Մայր Տաճար: Ամպհովանակիրները այս անգամ եղել են սուդանահայ բարերար Հրաչ Մարտիկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, արվեստաբան Հրավարդ Հակոբյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը:
Ճիշտ է, մաղձոտածները դատափետում են միայն դերասաններին, ինչը միգուցե պայմանավորված է նրանց ավելի ճանաչված լինելու հանգամանքով: Առայժմ նկատենք միայն, որ այս ծիսական ամպհովանին Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավերեւում պահելը մեծագույն պատիվ է, որին կարող է արժանանալ Հայ Առաքելական եկեղեցու որեւէ հավատացյալ, հայ ժողովրդի որեւէ զավակ:
Հայտնի է նաեւ, որ Վեհափառ հայրապետն ինքն է ընտրում, թե կոնկրետ դեպքում ովքեր լինեն ամպհովանակիրները: Սովորաբար ամպհովանակիրներ են ընտրվում ամենատարբեր բնագավառների ներկայացուցիչներ, ավելի հաճախ՝ գիտնականներ, մտավորականներ, արվեստագետներ, բարերարներ, բարձրաստիճան զինվորականներ, պետական պաշտոնյաներ:
Կարդացեք նաև
Տարբեր տարիներին, ըստ որում տարին երկու անգամ՝ Սուրբ Ծննդյան եւ Զատիկի տոներին, ամպհովանին պահել են տարբեր մարդիկ: Օրինակ, անցյալ տարի, Սուրբ Ծննդյան տոնին ամպհովանակիրներն են եղել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը, երգիչ-երգահան Վահան Արծրունին, Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը եւ ԳԱԱ փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը: Իսկ ասենք, Զատիկին հայրապետական թափորի ամպհովանին կրում էին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը:
Այսքան մանրամասն նշում ենք զուտ նրա համար, որ հասկանալի լինի՝ ոչ մի արտառոց, անսովոր, առաջին անգամ կատարվող բան այս ամենի մեջ չկա: Ավելին՝ բացառությամբ ամպհովանակիրների, նույնն են նաեւ ծիսական թափորի գլխավոր գործող անձինք՝ կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ նախագահ Սերժ Սարգսյանը: Արտառոցն այն վայնասունն ու զազրախոսաթաթավ մաղձանետումն է, որ արձանագրվեց այս տարի:
Այնուհանդերձ հակված ենք կարծելու, որ ամպհովանին պահելու պատրվակով Արմեն Էլբակյանի ու Տիգրան Ներսիսյանի նկատմամբ իրականացված «արշավը» որոշակի շրջանակների կողմից ուղղորդված քայլ էր: Հակառակ պարագայում, ինչպե՞ս է, որ անցած տարիներին ոչ մի նման թիրախավորված դրսեւորում չէր նկատվել ոչ մեկի հանդեպ, իսկ երեկ, մյուս օրը՝ մեկ էլ հանկարծ այդ երկու սիրված դերասաններն ընկան «մաղձամիջոցների» հարվածի տակ: Նրանց անձով հազիվ թե դա պայմանավորված լինի:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում