Մայրաքաղաքի բնակչության կողմից բարձրացվող հարցերին ծանոթանալու, դրանց հնարավորին արագ լուծումներ տալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առաջարկներ ստանալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարները 2013 թվականին բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել:
Անցյալ տարվա մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ ժամանակահատվածի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 30422 հեռախոսազանգ: Քաղաքապետարանի իրավասության շրջանակում գրավոր ընթացք ստացած 7100 հեռախոսահամարներով բարձրացված հարցերը մեկօրյա ժամկետում կատարվել են:
Նույն ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 4160 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերին սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ են տրվել:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 1789 հեռախոսազանգերով ներկայացված հարցերն անմիջապես ընթացք են ստացել և կարգավորվել:
Տարվա կտրվածքով ներկայացվող հարցերի գերակշիռ մասը եղել են կոմունալ-կենցաղային բնույթի:
Երևանի քաղաքապետարանում գործող թեժ գծի հեռախոսահամարները շուրջօրյա հերթապահությամբ աշխատել են նաև տոնական օրերին և ստացված 267 հարցադրումներին օպերատիվ կերպով համապատասխան լուծումներ են տրվել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն