«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
– Պարոն Ղուկասյան, Ձեր քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո Գյումրիի քաղաքապետարանին չի հաջողվում ավարտել համայնքի հաշվեկշռում գտնվող գույքագրումը, ավելին՝ շուրջ 100 օբյեկտ չեն հայտնաբերվում։ Ի՞նչ գույքի մասին է խոսքը, սրանք Ձեր՝ քաղաքապետ եղած ժամանակների՞ց եկած խնդիրներ են:
– Ես չգիտեմ՝ ով ինչ է ման գալիս, ով ինչ է ուզում գտնել: Երբ մենք եկանք, մեկ փաստաթուղթ չենք ունեցել և ստեղծել ենք մի հսկայական բազա՝ շատ նորմալ վիճակում: Մեկ տարի է՝ գույքագրում են անում, և չգիտեմ՝ ինչ են ման գալիս, ուղղակի պետք է աշխատելու ձև սովորեն, փնտրեն, գտնեն, բոլորն էլ իրենց տեղում են: Բացի այդ, արխիվների փաստաթղթերը չայրեն, թողնեն մնա տեղը, և ամեն ինչ կերևա. մենք հսկայական արխիվ ենք թողել: Հետո պետք է մասնագետներին չկրճատեն. երբ կրճատում են, չեն հասկանում՝ ինչ են անում:
– Նշվում է, որ 99 տարի ժամկետով վարձակալության է հանձնվել «Արագած» մարզամշակութային համալիրը: Այս մասին ի՞նչ կասեք:
Կարդացեք նաև
– Եթե գնաք ուշադիր նայեք, կտեսնեք՝ ամեն ինչ արված է ի շահ մեր քաղաքի, ի շահ մեր ժողովրդի: Եվ երբ այսօր քաղաքում պտտվում եք, այսքան կառուցապատում եք տեսնում, այդ սկզբունքով է արվել:
– Կարծում եք՝ մասնագետների կրճատո՞ւմն է պատճառը, որ չեն կարողանում գտնել հարյուր օբյեկտները:
– Այսքան բան ասացի, էլ ի՞նչ է պետք:
– Ամանորը ինչպե՞ս եք տոնել, հնարավո՞ր է՝ 2014-ին վերադառնաք քաղաքականություն:
– Ես զզվում եմ քաղաքականությունից, ես այն ժամանակ էլ մշտապես աշխատել եմ և հիմա էլ աշխատում եմ, կուսակցական ընդհանրապես չեմ ուզել լինել, և ինձ համար հանգիստ իմ երկրին, իմ ժողովրդին պիտանի ձևով, Աստծուն հաճելի աշխատում եմ, որ ապրեմ:
Ամենակարևորը, եթե դուք ուզում եք իմ և ներկայիս քաղաքապետի աշխատանքը գնահատեք, գրեք, հարցրեք ժողովրդին, օբյեկտիվ պատասխան կստանաք: Բայց դուք չեք ուզում ժողովրդին հարցնեք և միտումնավոր Ձերն եք թելադրում: Բոլորի գնահատականը ժողովուրդն է, հարցրեք՝ ով եմ ես իմ աշխատած ժամանակահատվածում, ով է ինձնից առաջ եղել, ով՝ ինձնից հետո…
– Իսկ ասֆալտապատում չնկատեցի՞ք քաղաքում:
– Եթե ուզում եք խորությամբ իմանալ, ապա երկրի բյուջեից 300 միլիոն գումար հատկացվեց, կենտրոնական հատվածը ասֆալտապատվեց: Իմ օրոք ասֆալտապատվել է 57 հսկայական և մեծ փողոց: Մեր քաղաքում տարբերությունները հարցրեք ժողովրդին, կասեն, թե ինչպես գերեզմաններ տանելիս դագաղներից ննջեցյալները վայր էին ընկնում: Ամբողջ ՀՀ-ում, չհաշված Երևանը, մասնավորի կողմից իմ օրոք իրականացվել է 100 միլիարդ դրամի շինարարություն, իսկ հիմա շինանյութի խանութները փակվում են, վարպետները գնում են, քանի որ շինթույլտվություն չեն տալիս, ինչո՞ւ, չգիտի՞… ամբողջ քաղաքը պարալիզացվել է, մասնավորի կողմից շինարարություն չի իրականացվում: Մինչդեռ յուրաքանչյուր քաղաքապետի պարտականությունն է փոքր և միջին բիզնեսը խթանելը: Իսկ հիմա հազարավոր գործեր կան դատարաններում, ինչպես, օրինակ, մեկ քառակուսի մետր պակաս է կառուցածը, ավարտական ակտ չեն տալիս… մի քիչ հետաքրքրվեք, հարցրեք, կտեսնեք. մնացածը ամոթ է, որ ասեմ:
– Պարոն Ղուկասյան, նշեցիք, որ Դուք քաղաքականությամբ չեք ուզում զբաղվել և չեք ուզում կուսակցական լինել, բայց շատերը հենց կուսակցության միջոցով են առաջ գնում:
– Թող գնան այդպես էլ ապրեն, աշխատեն, ես քաղաքականություն չեմ ուզում վերադառնալ, ինձ պետք չէ, չեմ սիրում քաղաքականությունը, ես ավելի հետաքրքիր ձևով եմ իմ օրերն ապրում, հիմա հավիտենականության մասին ավելի շատ եմ մտածում, քան կարիերայի և պաշտոնի:
Մանրամասները կարդացեք՝ «1in.am»-ի կայքում: