Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Գյումրու ծննդատունը թաղվել պարտքերի մեջ. (Տեսանյութ)

Հունվար 09,2014 21:16

«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ –ի՝ տարբեր հիմնարկներին` էլցանցին, գազի գրասենյակին, դեղորայք մատակարարող կազմակերպություններին ունեցած պարտքը կազմում է մոտ 46 միլիոն դրամ: Ծննդատան նորանշանակ տնօրեն Վարդան Սարգսյանի ներկայացմամբ, ըստ հաշվապահական հաշվետվությունների, կրեդիտորական պարտքը կազմում է մոտ 37 միլիոն դրամ, իսկ դեբիտորական պարտքը` մոտ 9 միլիոն:

Նորանշանակ տնօրենի ասելով, պատճառները հիմնականում օբյեկտիվ են, բանն այն է, որ նվազել է ծննդաբերության թիվը, 1/3-ով կրճատվել է պետականորեն Գյումրու ծննդատանը հատկացվող գումարը, մինչդեռ թանկացել է գազը, էլեկտրաէներգիան, դեղորայքը, աշխատակիցների թվաքանակն էլ մնացել է անփոփոխ: Վարդան Սարգսյանը նշում է, որ Գյումրու ծննդատան պարտքերի կուտակման գործում դերակատարություն է ունեցել մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող Ավստրիական մանկական հիվանդանոցում մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ստեղծումը:

«Եթե հաշվի առնենք, որ Շիրակի մարզի, հատկապես Գյումրի քաղաքի բնակչության թվի աճ չկա, ընդհակառակը նվազում է բնակչությունը, ծննդաբերության ընդհանուր թվի նվազեցման միտում կա, ապա այդ նոր բաժանմունքի ստեղծումը միանշանակ ի վնաս մեզ եղավ»,- ասաց տնօրենը`խոստանալով գոտիները պինդ ձգել և մի կերպ գլուխ հանել այս ամենից: Նրա ասելով, հնարավոր է սահմանափակեն գազի, լույսի սպառումը, խնայվի որոշակի դեղորայք, աշխատավարձը կրճատվի, իսկ որ ամենաողբերգականն է այս մարզի համար, հնարավոր է աշխատանքից ազատեն ծննդատան որոշակի աշխատակիցների, որոնք կդառնան փաստացի գործազուրկ:

Նկատենք, որ չնայած պետությունը թույլատրել էր Գյումրու ծննդատան քթի տակ մի նոր ծննդատուն հիմնել, այսպիսով՝ մրցակցություն ստեղծելով, ու կրճատել է Գյումրու ծննդատանը հատկացվող գումարը, այդուհանդերձ հարկ չի համարել Գյումրու ծննդատան գերհագեցած կոլեկտիվը թեթևացնել ի հաշիվ նոր բացված ծննդատան: Այսինքն` Գյումրու ծննդատանից ընդամենը 1-2 աշխատակից են տեղափոխվել «Մոր և մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական նորաբաց բաժանմունքում աշխատանքի, իսկ այս ամենը վատ վիճակի մեջ է դրել մարզի այսպես ասած մայր ծննդատանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031