Փետրվարի սկզբներին կապանցիները մտադիր են երթ անցկացնել՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատության: Երթը նախատեսված էր անցկացնել դեռեւս հունվար ամսին, սակայն հետաձգվեց փետրվար ամիս, որպեսզի երթին կարողանան մասնակցել այս պահին Երեւանում քննություններ հանձնող կապանցի ուսանողները: Նախնական տվյալներով՝ երթին կմասնակցեն ոչ միայն կապանցի ուսանողները, այլեւ՝ երկրի ներկայիս իրավիճակով մտահոգ քաղաքացիները: «Ստացվում է այնպես, որ ներկա պայմաններում ամեն գիտակից քաղաքացի այսօր պոտենցիալ քաղբանտարկյալ է, քանի որ պայքարելով իր իրավունքների ու ազատությունների համար կարող է դառնալ քաղբանտարկյալ: Մենք դեմ ենք այս երեւույթին, մեր պայքարն ուղղված է սրա դեմ», – ասաց Կապանի բնակիչ Գեւորգ Գասպարյանը, ով ցանկանում է Հայաստան առանց քաղբանտարկյալների տեսնել, եւ անպայման մասնակցելու է անցկացվելիք երթին: Զրուցակցիս խոսքով՝ այսօր մարդիկ ավելի ազատ են արտահայտվում, քան նախկինում, քանի որ այսօր պայքարի են դուրս եկել 1988-ականների երիտասարդությունը:
«Այն ժամանակ մարդիկ ուրիշ ձև էին մտածում եւ միայն հեռուստացույց էին նայում, իսկ հիմա գիտակցել են, որ պետք է պայքարել, քանի որ պայքարը կյանք է, իսկ լռությունը՝ մահ: Ամեն մեկս պետք է գիտակցենք, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք բան փոխել այս երկրում», – հավելեց Գեւորգ Գասպարյանը եւ կոչ արեց կապանցիներին միասնական դուրս գալ փողոց եւ մասնակցել անցկացվելիք երթին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Համ երթ է պետք համ հեղափոխություն: