Լրահոս
Օրվա լրահոսը

Մազմանյանն ընտրել էր մի ուղի, որը պահանջում էր մշտապես լինել հասարակական ուշադրության կենտրոնում

Հունվար 09,2014 18:07

Խոր վշտով տեղեկացանք Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան մասին:

Անժամանակ ընդհատված ամեն մի կյանք մեծագույն ողբերգություն է, առավել ևս մարդու, ում վստահված է բնագավառի ապագան երաշխավորելու բարդ ու պատասխանատու գործը: Նրան սիրում էին ուսանողներն ու ընկերները, նա այն եզակի արվեստագետներից էր, ով չէր վարանում ծայրահեղ վիճակներից, փորձարարությունից ու ձախողումներից, փնտրում և գտնում էր օժտված մարդկանց ու տալիս աշխատելու հնարավորություն: Երիտասարդ սերնդի համակրանքը նախ և առաջ այս հատկանիշներով էր պայմանավորված: Արմեն Մազմանյանը զգում էր իր ժամանակը, գիտակցում արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը և հետևողական քայլերով իրականացնում դրանք՝ ըստ իր համոզումների ու ըմբռնումների: Նրա հետ կարող էին չհամաձայնել, հաճախ բանավիճել, բայց Մազմանյանն ընտրել էր մի ուղի, որը պահանջում էր մշտապես լինել հասարակական ուշադրության կենտրոնում, շարժել հանրային կարծիքը՝ չլինելով երբեք անտարբեր կամ չեզոք:

Արմեն Աղասու Մազմանյանը ծնվել է 1960 թ., Երևանում: 1978-83 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: Որոնող  բնավորությունը և ստեղծագործ խառնվածքը նրան մղում են կազմակերպչական գործունեության, ու նա մեկը մյուսի հետևից հիմնադրում է  “Գոյ”  թատրոն-լաբորատորիան,  «Գոյակ»  Մշակույթի զարգացման գործարարական ընկերակցությունը,  «Ազատ արվեստի ակումբը»,  «Հայարտ»,  «Ազատ թատրոն»  նախագծերը, ակտիվորեն մասնակցում  «Ազգային թատերական ստեղծագործական միավորում»  ՀԿ-ի հիմնադրման աշխատանքներին:

Ա. Մազմանյանը բեմադրել է տասնյակից ավելի պիեսներ, այդ թվում՝ Վ. Շեքսպիրի  «Ռոմեո և Ջուլիետը»  (1987), Լ. Պիրանդելլոյի  «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս»  (1989),  «Նժդեհյան ընթերցումները»  (2002), Գ.Նժդեհի  «Հայաստան և ճշմարտությունը»  (2004), Ալ. Գրիբոյեդովի  «Խելքից պատուհասը»  (2005), Պ. Վայսի  «Մարատ-Սադը» (2009), Տ. Գուերայի  «Մեղրը կամ յոթ ուղերձ նահանգապետին»  (2010): Նրա արտիստական խառնվածքը դրսևորվել է նաև բեմում և կինոյում (Համլետ, դերեր Մ.Դովլաթյանի  «Ընտրություն», Տ.Քյոսայանի  «Տղամարդկային գործ»  ֆիլմերում): Ա. Մազմանյանը եղել է նաև բազմաթիվ միջոցառումների, ցուցահանդեսների, հեռուստաշոուների և փառատոների հեղինակ, բեմադրիչ ու պրոդյուսեր:

Լինելով Արցախյան ազատամարտի մասնակից՝  «Մուշ»  զորամիավորման հրամանատար, նա հետագայում էլ ամուր է պահել իր կապը ՀՀ Զինված ուժերի հետ՝ այս անգամ գործի դնելով իր մասնագիտական կարողությունները և հանդես գալով որպես հայոց բանակին առնչվող նշանակալից միջոցառումների, տոնական հանդիսությունների կազմակերպիչ ու բեմադրող:

Արմեն Մազմանյանի կյանքի բեկումնային իրադարձություններից էր 2011 թ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը զբաղեցնելը: Նրա ղեկավարության օրոք արդիականացվում է տեխնիկական համակարգը, տեղի են ունենում կադրային և կառուցվածքային փոփոխություններ, ընդլայնվում են բուհի միջազգային համագործակցության շրջանակները, հիմք է դրվում կինոռեժիսորների բարձրագույն կուրսերին, հեղինակավոր արվեստագետների մասնակցությամբ կազմակերպվում են վարպետության դասեր ու վերապատրաստման դասընթացներ, որոնք հնարավորություն տվեցին ուսանողներին՝ ներկայացնել իրենց գործերը նաև արտերկրում:

Ընդամենն ամիսներ էին մնացել ԵԹԿՊԻ-ի 70-ամյա հոբելյանին, որը, ըստ Մազմանյանի մտահղացման, պետք է իմաստավորվեր երկու կարևորագույն իրադարձությամբ՝ Թատերական դպրոցների ռեկտորների միջազգային կոնֆերանսով և Թատերական դպրոցների միջազգային փառատոնով, բայց ավաղ…

Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Արմեն Մազմանյանի ընտանիքի անդամներին, ընկերներին և արվեստակիցներին: Համբերություն և մխիթարանք:

 

Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031