Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարի առաջ մեզ մոտ տղամարդկանց 60%-ից ավելին էր ծխում

Հունվար 09,2014 17:50

Մոտ տասը տարի է Հայաստանում գործում է «Ծխելու դեմ պայքարի պետական ծրագիր», որով առողջապահության ոլորտի պատասխանատուները միլիոններ ծախսելով, պայքարում են ներկա եւ ապագա սերունդների առողջությունը ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքներից պաշտպանելու համար:

Չնայած սրան, օրերս «Գլոբալ թայմս» թերթը` վկայակոչելով «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի հանդեսի» 2012թ. հետազոտության արդյունքները գրել է, որ Հայաստանը տղամարդկանց ծխելու ցուցանիշով երրորդն է աշխարհում, այսինքն` մեր երկիրը դասվել է աշխարհի ամենածխող երկրների շարքին: Ըստ նույն աղբյուրի, 2012-ին Հայաստանում ծխում էր տղամարդկանց 51,5 տոկոսը, որից առաջ էր միայն Ինդոնեզիան եւ Արեւելյան Թիմորը, որտեղ տոկոսային հարաբերակցությունը 57 եւ 61 էր՝ համապատասխանաբար:

Aravot.am-ը Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Ալեքսանդր Բազարչյանից, որը նաեւ ծխելու դեմ պայքարի ծրագրի համակարգողն է, հարցրեց, թե ինչո՞վ է պայմանավորված այդքան բարձր ցուցանիշը: Պարոն Բազարչյանը վստահեցնելով, որ հրապարակված թվերը համապատասխանում են իրականությանը, ասաց, որ, այդուհանդերձ, նման «ռեյտինգներին» պետք չէ լուրջ վերաբերվել` առաջին տեղում ենք, երկրորդ կամ երրորդ. «Իհարկե շատ վատ է, որ 51% է տղամարդկանց ցուցանիշը, եւ դա, իրոք, բարձր ցուցանիշ է, բայց հարցը դա չէ, օրինակ կանանց շրջանում այդ նույն տարածվածությունը այդ նույն ռեյտինգներով, շատ ցածր է, բայց կանանց ծխելն էլ ենք մենք հիմա համարում լուրջ խնդիր Հայաստանում: Ես չեմ կարող ասել ուրիշ երկրների վիճակագրությունն ինչպիսին է, բայց քանի որ այս հետազոտության նախնական գիտական զեկույցը չեմ տեսել, չեմ կարդացել 2012 թվականի իրենց հրապարակած զեկույցում իրենք որ երկրի, որ թվերն են հաշվարկել, որովհետեւ պարզ է, որ աշխարհով մեկ չի կատարվել այդ հետազոտությունը եւ իրենք ստացել են երկրներից ստացված տվյալները, վերլուծել են եւ տպագրել են ինչ-որ մի ձեւի ցանկով` ով ինչքան է ծխում եւ այլն:

Ինչ վերաբերում է 51 %-ին, ապա տասը տարի առաջ մեզ մոտ տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործումը 60 տոկոսից ավել էր, հետեւաբար, որոշ չափով դրական տենդենցներ, նույն իրենց տպագրած վիճակագրության համաձայն, մեզ մոտ կա, իհարկե, կարող էր լինել ավելի լավ, ասենք 40 %: Իրականում ես խիստ կասկածում եմ, որ էլ երկրներ չկան եւ ընդամենը 3-4 երկրներ են, որոնցում 50 տոկոսից ավելի են ծխողները, որովհետեւ տարբեր հետազոտություններ տարբեր բաներ են վկայում: Ռուսաստանում էլ, Խորհրդային միության երկրներում էլ բոլոր տեղերում մոտավորապես պատկերը նույնն է, հետեւաբար, դա ինչ-որ մի վարքագիծ է, որը բնորոշ է Խորհրդային միության երկրներին եւ, դրանով է պայմանավորված, ծխախոտի նմանատիպ համաճարակային պատկերը մեր տարածաշրջանում»: Ալեքսանդր Բազարչյանի ներկայացմամբ, կան երկրներ, որտեղ ուղղակի կրոնական պատկանելությունից ելնելով է ծխողների ցուցանիշը ցածր:

Նշենք, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» առողջ ապրելակերպի ծրագրի շրջանակներում իրականացնում է նաեւ հակածխախոտային ծրագրեր: Մեր հարցին, թե 2012 թվականին որքա՞ն գումար է ծախսվել ծխախոտի դեմ պայքարի համար, հիմնադրամից հայտնեցին, որ գումարները հատկացվում է առողջ ապրելակերպի ուղղության համար եւ կոնկրետ հակածխախոտային ծրագրերի մասով առանձին թվային տվյալ չկա: Տեղեկացանք, որ 2012-2013 թթ-ին հիմնադրամն իրականացրել է երեք ծրագիր:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031