Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հոգեհանգստյան արարողությունը

Հունվար 09,2014 17:39
mayr ator

Հունվարի 8-ին Երևանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հոգեհանգստյան արարողությունը: 

Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր խոսքն ուղղեց սգակիր ընտանիքին և ներկաներին:

«Խորը ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ և արժանավոր զավակ, վաստակաշատ ճարտարապետ, ակադեմիկոս տիար Ջիմ Թորոսյանի մահվան մասին:
…Լուսահոգի Ջիմ Թորոսյանը ճանաչված է Հայաստանում և Հայաստանից դուրս որպես ճշմարիտ մտավորական, տաղանդաշատ և երախտավոր ճարտարապետ: Նրա նախագծած շենքերը, համալիր կառույցներն ու կոթողները զարդարում են քաղաքամայր Երևանը, հայրենի մեր երկրի տարբեր քաղաքներ և կրում են մեծ ճարտարապետի հայրենանվեր ու ազգասեր ոգու վառ կնիքը:
Մենք մասնագետ չենք ճարտարապետության բնագավառի, և Մենք չէ, որ պիտի գնահատական տանք շնորհալի ճարտարապետի արվեստին, սակայն այսօր, երբ վերջին հանգրվան ենք ուղեկցում նրան, ցանկանում ենք փոխանցել Մեր տպավորությունները և զգացումները, որ ունեցել ենք հոգելույս Ջիմ Թորոսյանի հետ Մեր շփումների և հարաբերությունների ընթացքին: Մեր հանդիպումներում մշտապես զգացել ենք խոհեմազարդ մտավորականի վեհանձնությունը, օրինակելի բարեկրթությունը, ազնվությունն ու պարկեշտությունը, ում հետ մտերմությունը ուրախություն էր պատճառում և խորին հարգանք ու բարեկամական բարի զգացումներ ներշնչում: Նա կենսուրախ էր ու լավատես և միշտ լեցուն նոր մտահղացումներով: Բարեհիշատակ Ջիմ Թորոսյանն ապրում էր ստեղծագործական մշտական երկունքի մեջ և իր նախագծերը ստեղծում էր ազգային արժեքների խորը ընկալումով: Արդիականի և ազգայինի բարձրաճաշակ համադրությամբ ու բարձր վարպետությամբ նա ձգտում էր միշտ կատարելության հասցնել իր աշխատանքները` կերտելով նոր ժամանակների հայ ճարտարապետության հիանալի կոթողներ: Առանձնահատուկ գրավչություն ունեն հանգուցյալի բացառիկ տաղանդով ստեղծված, ոգի, ներշնչանք ու քաջալերություն հաղորդող նրբաճաշակ զարդաքանդակները: Ջիմ Թորոսյանի շնորհաց դրոշմն են կրում նաև նրա նախագծած եկեղեցական կառույցները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքը և բացօթյա խորանը, Սուրբ Վարդան-Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանը, Գևորգյան Հոգևոր Ճեմարանի նոր մասնաշենքը, Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին, ստալինյան բռնատիրության տարիներին նահատակյալ հոգևորականաց հուշապատը: Գովարժան է մեծանուն հայորդու տասնամյակների մանկավարժական բեղուն գործունեությունը: Նրա ոգու և շնչի ներքո ճարտարապետների նոր սերունդներ են կրթվել, ովքեր շարունակելու են լուսահոգի Ջիմ Թորոսյանի ավանդներով ստեղծագործել ու արարել` ի շինություն մեր հայրենի երկրի:
Ջիմ Թորոսյանը ճարտարապետական իր մեծ ավանդի ու վաստակի համար արդարորեն արժանացել է բազմաթիվ պարգևների: Անվանի ճարտարապետի կուրծքը զարդարել ենք նաև Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ պատվո բարձր շքանշանով` ի գնահատություն նրա գովարժան ներդրումի` որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի ատենապետ, և հայ մշակույթին ու ճարտարապետությանը մատուցած երախտարժան ծառայությունների համար:

Ցավալի կորստի այս պահին ի խորոց սրտի Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Ողորմածն Աստված մեր ժողովրդի վաստակաշատ զավակի հոգու հանգստության և խաղաղության համար և հայցում, որ Բարեգութ Տերը երկնից լուսեղեն խորաններում ընդունի անմահ հոգին նորոգ հանգուցյալ սիրելի Ջիմ Թորոսյանի: Եվ թող մխիթարիչ Սուրբ Հոգին սփոփի վշտացյալ սրտերը սգակիր Թորոսյան ընտանիքի անդամների, հարազատների և մտերիմների:
Խունկ, աղոթք և օրհնություն լուսահոգի Ջիմ Թորոսյանի պայծառ հիշատակին», – ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031