Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի անվտանգության պետի «կոնֆիդենցիալ» դիմումը հայտնվել է «կոնտրագենտների՞ն»

Հունվար 09,2014 17:36
femida

ՀՀ դատական երկու ատյաններում ավարտվել են Վարդան Բուռնազյանի ՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման համար Հրաչյա Հարությունյանի դեմ գործով քննությունները:

Հայցվորը պահանջել էր հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հատուցել 3.700.000 ՀՀ դրամ նյութական վնասը, որից մեկ միլիոնը՝ որպես վիրավորանքի հետեւանքով առաջացած, իսկ 2 միլիոնը զրպարտության , 700 000 դրամը՝ փաստաբանական ծառայության համար վճարված գումարը:

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության անվտանգության եւ վարչակարգի դեպարտամենտի պետ Հրաչյա Հարությունյանը ՀՀ վճռաբեկ դատարան բողոք է բերել:

Գործի նախապատմությունը հետեւյալն է. բողոքաբերն իր էլեկտրոնային փոստով դիմում է ուղարկել ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ ԲԲ ընկերությանը: Դիմումը հրապարակային չի եղել: Այն ստացել է նշյալ ընկերության ներքին անվտանգության տնօրինության տնտեսական անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Յու.Մորդվինցեւը: Ըստ բողոքաբերի, այդ ստորաբաժանումն իրավասու էր փակ ռեժիմով ստուգել քաղաքացիների կողմից դիմումները, որոնք կապված էին իրավախախտումների, կոռուպցիայի հետ:

Անցյալ տարվա հուլիսի 11-ին Յու.Մորդվինցեւը Երեւանում գտնվելու ժամանակահատվածում զանգել է Հրաչյա Հարությունյանին, ներկայացել, ցանկություն է հայտնել դիմումի հետ կապված հանդիպել նրան:

Առանց երրորդ անձի ներկայության տեղի է ունեցել հանդիպում, Հարությունյանը ստորագրել է էլեկտրոնային նամակի տակ՝ Յու.Մորդվինցեւի խնդրանքով:

Հրաչյա Հարությունյանն իր վճռաբեկ բողոքում տեղեկացնում է. «Այդ ժամանակ Մորդվինցեւի կողմից ներկայացված դիմումը փոխանցվել է ձեռքից ձեռք առանց միջնորդի», եւ որ ինքն անձամբ մինչ այդ չի ճանաչել զրուցակցին:

Հուլիսի 18-ին նշյալ ընկերության անվտանգության պատասխանատու Դ.Կուզնեցովը «կոնֆիդենցիալ» դրոշմակնիքով դիմել է Հայաստանի Էլեկտրական ցանցերի գլխավոր տնօրենի տեղակալ, անվտանգության տնօրեն Գ.Մաքսիմովին, խնդրելով ստուգել դիմումում նշված տեղեկությունները:

Ըստ բողոքաբերի տրամաբանության, այդ դիմումը եղել է գաղտնի նամակագրության շարքում:

Դիմումը փոխանցվել է հայցվոր Վարդան Բուռնազյանին, որն ըստ իր վերադասի հանձնարարության, պետք է ստեղծեր հանձնաժողով՝ անվտանգության վերահսկողության աշխատակիցներից, սակայն բողոքաբերի տեղեկացմամբ, դիմումը հայտնվել է «հայցվորի հետ փոխկապակցված կոնտրագենտներին»:

Այդ դիմումն ըստ հայցվորի, որը հայտնի է դարձել իրեն ստուգող հանձնաժողովից եւ Գ.Մաքսիմովից (ի դեպ, վերջինը երրորդ անձ չի ներգրավվել այս գործով) առիթ է հանդիսացել, որ հայցվորը վիրավորանքի եւ զրպարտության համար դիմի դատարան: «Պատասխանող Հ.Հարությունյանի եւ ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ ԲԲ ընկերության ներկայացուցիչ, դիմումի հասցեատեր Յու.Մորդվինցեւի դեմ առ դեմ հանդիպմանը ինչպես կարելի է վերջինիս ներկայացնել որպես «երրորդ անձ», երբ դա եղել է բացառապես երկու անձանց հանդիպում»,-մեզ հետ զրույցում հարցնում էր Հ. Հարությունյանը:

14 էլեկտրոնային էջից բաղկացած դիմումում բողոքաբերը վիճարկում է իր դիմումի հրապարկային լինելու, դրանում, բնականաբար, ոչ հրապարակային արտահայտությունների ու տեղեկությունների հարցը: Ըստ հայցվորի, 5 աշխատակիցներ տեղեկացվել են նշյալ դիմումի մասին, իսկ ըստ պատասխանողի, հայցվորը դատարաններում չի ներկայացրել գոնե մեկ ապացույց, թե այդ տեղեկությունները տրամադրել է ինքն այդ 5 աշխատակիցներին:

Ի դեպ, վերաքննիչ դատարանը «մեղադրել է» Հրաչյա Հարությունյանին, թե նա «գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել», սա այն դեպքում, երբ էլեկտրոնային նամակագրության գաղտնիությունը երաշխավորված է հենց պետության Մայր օրենքի՝ Սահմանադրության կողմից: Պատասխանողը պահանջում է բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 20-ի որոշումը, եւ ուժի մեջ թողնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031