Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան. «Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը վաղ թե ուշ կդադարեցվի»

Հունվար 09,2014 17:04

Անցյալ տարեվերջին`դեկտեմբերի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանը: Վերջինս կալանավայրում անցկացրեց ինը ամիս:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Արայիկ Պետրոսյանի շահերի պաշտպան Նորայր Նորիկյանն ասաց, որ ինքը բացառում է, որ նախաքննության մարմինն այլ որոշում կայացնի, բացի իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումից: Պաշտպանի համոզմունքը հիմնված է նրա վրա, որ իննամսյա նախաքննությունից հետո, իր պաշտպանյալի նկատմամբ որեւէ «վերաբերելի ապացույց չի հայտնաբերվել, չի հիմնավորվել»:

Փաստաբանը ողջունում է նախաքննական մարմնի`սխալն ուղղելու քայլը, թեկուզ ինն ամիս անց: «Իրենք փուլ առ փուլ են փորձել այդ խնդրին լուծում տալ. սկզբից վերացրել են խափանման միջոցը, հետո`ստորագրություն հանրապետությունից չբացակայելու մասին ու նոր խափանման միջոց են ընտրել: Ես վստահ եմ, որ ինն ամիսը ողջամիտ ժամկետ էր անձի նկատմամբ ունեցած կասկածները ցրելու կամ դրանց հիման վրա ծանրակշիռ փաստեր հասարակությանը ներկայացնելու համար»,- ասաց Նորայր Նորիկյանը`հավելելով, որ ի սկզբանե Արայիկ Պետրոսյանի նկատմամբ չկային հիմնավոր փաստարկներ, որ նա առնչություն ունի կատարված հանցագործության հետ:

Թե նախաքննական մարմինն ի՞նչ մարտավարական խնդիրների հիման վրա է որոշել իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանքը «փուլ առ փուլ» վերացնել, Նորայր Նորիկյանն այդքան էլ էական չի համարում: Ասում է`ժամանակը եւ հետագա զարգացումները ցույց կտան: Բայց մի բանում վստահ է. «Այդ գործն Արայիկ Պետրոսյանի մասով որեւէ հեռանկար չունի եւ վաղ թե ուշ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է ընդունվելու»:

Հետաքրքրվեցինք`իրական մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ նախաքննական մարմնի քայլերը, իբրեւ փաստաբան ու նաեւ ինչ-որ իմաստով շահագրգիռ կողմ, իրենց բավարարո՞ւմ են: «Ժամանակը ցույց կտա»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ դեռեւս նոյեմբերի 24-ին գլխավոր դատախազության կողմից տարածված հայտարարությունը, որ այդ գործով նոր օպերատիվ քննչական խումբ է ստեղծվել ու հավաստիացումն այն մասին, որ ամեն ինչ արվում է հանցագործության ամբողջական բացահայտման մասին, իրենց հույս է ներշնչում: Համենայնդեպս, իրենք ուրախ կլինեն, որ իրական մեղավորները բացահայտվեն եւ իրենց հասանելիք պատիժը կրեն:

«Այդ առումով, մենք սպասողական վիճակում ենք, ինչպես հասարակության յուրաքանչյուր անդամ: Ուղղակի հույս ունենք, որ հանցագործությունը կբացահայտվի: Թե հիմա ի՞նչ ուղղությամբ կտարվի, ի՞նչ նոր վարկածներ առաջ կքաշվեն, դա արդեն նախաքննական մարմնի իրավասության շրջանակներում գտնվող հարց է»,- ասաց Նորայր Նորիկյանը:

Արձագանքելով մեր դիտարկմանը, որ ցավոք բազմաթիվ նախադեպեր ունենք, որ անգամ «ուչաստկովիի մակարդակի» սպանությունները Հայաստանում չեն բացահայտվում ու արդեն հույսերն էլ են մարում. այս իմաստով ինչպե՞ս կգնահատեք պետական մարմինների աշխատանքը, դեռ կարելի՞ է հույս տածել, որ այդ սպանությունը կբացահայտվի, փաստաբանն արձագանքեց. «Ես հասկանում եմ հարցի ենթատեքստը, բայց միանգամից ասեմ, որ մնացած չբացահայտված հանցագործությունները այս գործից տարբերվում են նրանով, որ դրանց մի մասի դեպքում որեւէ կասկածյալ չկար: Այս գործում, եթե ուշադրություն դարձնենք գործի խրոնոլոգիային, նույն օրը անհիմն կասկածների հիման վրա ձերբակալվել է եւ ինն ամիս մեղադրանք է առաջադրվել մի երիտասարդի, ով որեւէ առնչություն չի ունեցել այդ հանցագործության հետ: Ժամանակները փոխվում են, ես էլ լավատեսորեն եմ ուզում տրամադրվել, բայց ես հեռու եմ նաեւ այն մտքից, որ մեր կյանքը շատ լավ ու երջանիկ է: Կբացահայտվի`լավ: Չի բացահայտվի, ցավոք, մենք լուրջ խնդիր ունենք մեր դատաիրավական համակարգում եւ այդ հիվանդագին տրադիցիաները կարող են շարունակություն ունենալ, ինչը ոչ մի լավ ապագա մեզ չի կարող խոստանալ»:

Aravot.am-ին առայժմ չի հաջողվել այս առիթով ՀՅԴ-ից մեկնաբանություններ ստանալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031