Երբ տեղեկանում ես, թե ֆուտբոլային աստղերը որքան են վաստակում, ակամայից ինքդ՝ քեզ հարց ես տալիս. որտե՞ղ կարելի է ծախսել այդ գումարները: Սակայն ֆուտբոլիստները գիտեն, թե ինչպես վարվել դրանց հետ: Ճիշտ է, հասարակ մահկանացուի համար դրանք հաճախ նույնն են, ինչ փողերը քամուն տալը:
«Վերդերում» 2 միլիոն եվրո ստացող հոլանդացի Էլջերո Էլիան 85 դյույմանոց էկրանով վերջին արտադրության Camsung S9 հեռուստացույց է գնել, որը հատուկ պատվանդանի հետ միասին կշռում է 85 կգ եւ արժի 35 հազար եվրո:
Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որ հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, արտասովոր ու փայլփլուն խաղակոշիկների սիրահար է: Բանը հասել է այնտեղ, որ նա Swarowski քարերով ֆուտբոլի խաղակոշիկներ է պատվիրում, որոնց մեկ զույգի վրա գնում է թանկարժեք ֆիրմայի 4000 բյուրեղ: Այն կարելու համար պահանջվում է առնվազն հիսուն ժամ եւ յուրաքանչյուր զույգն արժե 3700 եվրո:
Կարդացեք նաև
«Բավարիայի», ՄՅՈՒ-ի եւ «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Դիտմար Համաննը որոշ ժամանակ առաջ տառապում էր խաղամոլությամբ: Մի անգամ նա խաղատանը թողել է 200 հազար ֆունտ ստերլինգ, իսկ ավելի ուշ հայտարարել, թե խրված է պարտքերի մեջ, որի ընդհանուր գումարը 600 հազար ֆունտ է:
Անգլիայի առաջնության առաջատար ակումբների խաղացողներ Մեսութ Օզիլը, Ջեկ Ուիլշերը, Մատյե Ֆլամինին, Թեո Ուոլքոթը, Ֆրենկ Լեմպարդը, Ջոն Թերրին, Մայք Ռիչարդսը եւ Նանին շրջում են 170 հազար եվրո արժեցող «Ferrari 458» ավտոմեքենաներով:
Դեւիդ Բեքհեմը իր ընտանիքի համար Լոնդոնի արեւմտյան հատվածում 79 միլիոն եվրոյով շքեղագույն առանձնատուն է գնել, որում բացի սովորական սենյակներից հատուկ տարածքներ կան Վիկտորիա Բեքհեմի հագուստն ու կոշիկները պահելու համար: Ավելին, շենքն ունի նաեւ այսպես կոչված Panic Room: Դա ձայնամեկուսացված հատուկ սենյակ է, որտեղ կարելի է առանձնանալ առօրյա հոգսերից, ինչպես նաեւ ապահով պատսպարվել, եթե տունը կողոպտիչներ են ներխուժել:
Սակայն բոլորին գերազանցել է ժամանակակից ֆուտբոլի ամենավտանգավոր հարձակվողներից մեկը՝ Զլատան Իբրաիմովիչը: Նա որսի մեծ սիրահար է եւ իր հաճույքներն անկաշկանդ վայելելու նպատակով գնել է Շվեդիայի՝ մեծությամբ երրորդ կղզին՝ Դավենսոն, որն զբաղեցնում է 500 հա մակերես:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ըստ Eurosport.ru-ի