Անձին հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացն այսուհետ դյուրինացվելու է, կարիքների գնահատման նոր չափորոշիչներ են ներդրվում:
Այսօր կառավարությունը հավանություն է տվել «Անձի բազմակողմանի գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման» հայեցակարգին:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարության այս տարվա 3 գերակա ուղղություններից մեկը հենց այս հայեցակարգի իրականացումն է լինելու:
Նախարարի խոսքերով` «Հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրումը նշանակում է սուբյեկտիվ մոտեցումների հնարավորինս նվազեցում, նոր չափորոոշիչների մշակում ու հաստատում, որը թույլ կտա անձի կարիքների բազմակողմանի գնահատում, եւ այդ գնահատված կարիքների հիման վրա սոցիալական աջակցության համապատասխան ծրագրերի իրականացում»:
Կարդացեք նաև
Մանրամասն` տեսանյութում
Նախարարության այս տարվա գերակա ուղղություններից մեկն էլ, ըստ նախարարի, զբաղվածության նոր մոդելի ներդրումն է. «Անցյալ տարի Ազգային ժողովում ընդունվեց զբաղվածության մասին նոր օրենքը. նախատեսված է 2014 թվականին մեկ տասնյակից ավելի զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացում եւ աշխատաշուկայում մրցունակ անձանց համար աշխատանքի տեղավորման, աշխատանքով ապահովման ծրագրեր:
Մյուսը ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման շարունակությունն է, այսինքն` նոր փուլի իրականացում, 2013 թվականին ձեւավորված 18-19 մեկ պատուհանով գործող կենտրոնները եւս 10-ով կավելանան: Նախատեսվում է սոցիալական աշխատողի վերապատրաստում, սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման շարունակությունը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ