«Մեր պետական կառույցների աշխատանքը այնքան նպատակահարմար չեմ համարում, որ մի տեսակ միևնույն է` տասը, թե տասնմեկ օր կհանգստանան»,-Aravot.am-ի հարցին` նպատակահարմար համարո՞ւմ է հանրապետության 11-օրյա հանգիստը` ամանորյա տոների կապակցությամբ, այսպես պատասխանեց «Էկոլուր» հ/կ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:
Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը կարծիք էր հայտնել, թե այդքան երկար հանգստանալով` մարդիկ սովորում են կոլեկտիվ ծուլությանը. «Պատկերացնո՞ւմ եք մի աղքատ երկիր, որը գոյատևելու խնդիր ունի և մի կերպ քարշ է տալիս իր գոյությունը 11 օր…… հանգստանում է։ Որքան անպատասխանատու, պոֆիգիստ ու հիմար պետք է լինել նման որոշումներ կայացնելու համար։ Կոլեկտիվ սովորում ենք ծուլությանը։ Մեզ աշխատել պետք չէ, մեր աշխատանքն էլ պետք չէ»:
Կոլեկտիվ ծուլությանը սովորելու դիտարկմանը տիկին Զառաֆյանն այսպես արձագանքեց. «Հարց է առաջանում, իսկ եթե դու աշխատում ես, չես հանգստանում, օգուտ բերո՞ւմ ես քո երկրին: Դա կլինի այն դեպքում, երբ դու կոնկրետ պետական մարմիններ ունենաս, որոնք աշխատում են ի նպաստ երկրի զարգացմանը: Ես նման մարմին մեր երկրում չեմ տեսնում: Եթե աշխատանքը չեմ տեսնում, ուրեմն հանգստի հարցը երկրորդական է»:
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նպատակահարմար չի համարում այդքան երկար հանգստանալը ու նշում. «Տղաս ընտանիքով Կանադայում է ապրում ու ասում է, որ հունվարի 5-ից հետո այնտեղ անցնում են աշխատանքային գրաֆիկի: Ուկրաինայում էլ է այդպես: Մեզ մոտ այս շռայլությունն ինչի՞ համար է, չգիտեմ: Ես էլ եմ դեմ, որ այսքան շատ հանգստանանք, մարդ ձանձրույթից մեռնում է: Վերևները պիտի ավելի խելամիտ լինեն: Այդքան երկար արձակուրդից մարդ արդեն բթանում է»:
Կարդացեք նաև
Ըստ Լևոն Թոքմաջյանի` դա նաև բխում է հայկական մենթալիտետից, երբ սուրբ ծնունդի տոնը վերածվում է «ուտել-խմելու տոնի»: Անվանի քանդակագործը նեղսրտեց. «Մենք հայ ենք և սիրում ենք ուտել-խմել: Դրա մեջ հեթանոսություն կա, որին ես դեմ եմ: Հետո, դա իմ ու քո ասելով չէ, վերևներում են որոշում է»:
Մեր հակադարձմանը` իսկ ո՞վ պետք է հաշվի առնի հասարակության կարծիքը, պարոն Թոքմաջյանն արձագանքեց. «Թող հաշվի առնեն, ես ի՞նչ անեմ, դու ի՞նչ ասես, իրոք այսքան հանգստանալ պետք չէ»:
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը կարծում է, որ պետական ապարատի երկար հանգստանալուց երկիրը միայն կարող է շահել ու մանրամասնում. «Բագրատյանը լավ կիմանա մեր տնտեսական համակարգը, որ ՀՀ բնակչության մեծ մասը գործազուրկ է, և նրանց վաղուց են ծուլությանը սովորեցրել: Մյուս կողմից էլ ինչքան քիչ աշխատի պետական ապարատը, այնքան ավելի մեծ օգուտ մեր երկրի համար, քանի որ այդ օրերին այդքան վնաս չեն բերի հանրապետությանը, ինչքան աշխատանքային օրերին: Եթե Բագրատյանի ասածը վերաբերվեր նորմալ տնտեսություն և պետական ապարատ ունեցող երկրին, ապա նա ճիշտ կլիներ, բայց մոռանում է` որտեղ է ապրում, որ բնակչության մեծ մասը գործազրկության է դատապարտված, իսկ պետական ապարատի մեծ մասը ավելի լավ է` չաշխատի»:
Մեր զրուցակիցները նաև նշեցին, որ չնայած պետական ապարատն այդքան երկար հանգստացել է, բայց իրենք, միևնույն է, աշխատել են:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այս երկիրը կարող է շահել միայն պետության դերակատար բթաորձերի հավերժական արձակուրդի դեպքում միայն: