Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը ցուցադրեց հայ որբերի գործած քույր գորգը՝ կոչ անելով Սպիտակ տանը ցուցադրել Քուլիջի գորգը

Հունվար 09,2014 14:19

Բոստոն, Մասաչուսեթս- Նախորդ ամիս Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ցուցադրեց «Հայ որբերի գործած քույր գորգը» Համագումարի ամենամյա տոնական ընդունելության և ճեպազրույցի ժամանակ, – հայտնում է Համագումարը:  Հյուրընկալվելով Նոր Անգլիայի տարածաշրջանային խորհրդի կողմից` ամենամյա միջոցառումը անցկացվեց Հայկական մշակութային հիմնադրամում: Միջոցառմանը ներկա էին Համագումարի անդամները, ընկերներն ու աջակիցները ամբողջ Նոր Անգլիայից: Ծրագիրը բացեց մի նոր հեռանկար և մի յուրահատուկ պատմական երանգ հարյուրամյա խնդրին` Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց Ցեղասպանությանը և Թուրքիայի Հանրապետության պետական հովանավորությամբ ահաբեկման և ցեղասպանության ժխտման գլոբալ արշավին:

Համագումարի խորհրդի անդամ Լու Էն Օհանյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց իրենց շարունակական աջակցության համար: Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ներկայացրեց կազմակերպության գործունեությունը Վաշինգտոնում, ներառյալ Քուլիջի գորգը պատշաճ կերպով ցուցադրելուն ուղղված ջանքերը: Արդունին կարևորեց Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսականներ` հանրապետական Դեյվիդ Վալադաոյի և դեմոկրատ Ադամ Շիֆի ջանքերը, ովքեր նախաձեռնեցին ավելի քան 30 կոնգրեսականների կողմից նամակի ստորագրումը, որով կոչ էին անում նախագահ Օբամային հրապարակայնորեն ցուցադրել այդ հույժ կարևոր գորգը:

Արդունին պատմեց լսարանին, որ Համագումարը կոչ է արել ամերիկյան վարչակազմերին` սկսած նախագահ Բիլ Քլինթոնից, թույլ տալ գորգի պաշտոնական ցուցադրությունը և աշխատել է Կոնգրեսում հայկական հարցերին աջակցող խմբի հետ, որպեսզի գորգը ցուցադրեն ոչ միայն Սմիթսոնյան ինստիտուտում, այլև Սպիտակ Տանը և Կոնգրեսում: Վերջերս էլ կոնգրեսական Ադամ Շիֆը խնդրեց նախագահ Օբամային թույլատրել Քուլիջի գորգի ցուցադրումը Կապիտոլիումում պլանավորած մի միջոցառմանը:

Արդունին խոսեց նաև Ազգային անվտանգության խորհրդատու Էնթոնի Բլինկենի կողմից Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանին ուղղված նամակի մասին: Շերմանն առաջիններից էր, ով հոկտեմբերին դիմեց նախագահ Օբամային` կոչ անելով թույլատրել գորգի ցուցադրումը: Բլինկենն իր նամակում կրկնում է Սմիթսոնյան ինստիտուտին գորգը չտրամադրելու վերաբերյալ վարչակազմի հիմնավորումները, նշելով, որ  «չի բացառում ապագայում գորգի ցուցադրության հնարավորությունը»:

Համագումարի խորհրդի անդամ Վան Գրիգորյանը ներկայացրեց Մերձավոր Արևելքի Հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսյանին: Վերջինս լսարանին ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածների կյանքի պատմությունը, ամերիկյան փրկարարական ջոկատի ազնիվ ջանքերը և որոշ որբերի, որոնք փրկվեցին Մերձավոր Արևելքի Հիմնադրամի կողմից, որն այդ տարիներին կոչվում էր Մերձավոր Արևելքի Նպաստամատույց:  Նա նաև պատմեց Ղազիրի մանկատան և դրա տնօրեն Յակոբ «Պապա» Կյունցլերի անձնուրաց զոհաբերության մասին` ցուցադրելով գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսի 1920-ական թվականների ֆիլմից հատվածներ, որտեղ պատկերված էր կյանքը Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի որբանոցներում և փախստականների ճամբարներում: Ղազիրի մանկատունը կառուցվել ու գործել է Մերձավոր Արևելքի Հիմնադրամի կողմից և դեռ գործում է որպես դպրոց մինչ օրս:

Վերջերս հրատարակված «Նախագահ Քալվին Քուլիջը և հայ որբերի գործած գորգը» գրքի հեղինակ դոկտոր Հ. Մարտին Դերանյանը ներկայացրեց «քույր գորգը» և պարզաբանեց, թե ինչպես նա ծանոթացավ այդ գորգի պատմությանը ու ինչով է այն կարևոր: «Այս պատմությանն առաջին անգամ ավելի քան քառասուն տարի առաջ իմ ուշադրությունը հրավիրեց Ալիս Յերնազյան Հայկը, ում ծնողների հետ իմ մայրը մտերիմ է եղել Թուրքիայի Ուրֆա քաղաքում տեղի ունեցած Ցեղասպանության ժամանակ՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին», նշում է հեղինակն իր գրքում, շարունակելով՝ «Հենց Ուրֆայում է Յակոբ «Պապա» Կյունցլերը, որը հիշատակվում է որպես «Հայ որբերի հայր», փրկում իմ մորը 1916թ. ու օգնում նրան հասնել Հալեպ»:

«Համագումարը կոչ է անում վարչակազմին հպարտորեն և պատշաճ կերպով ցուցադրել Հայոց պատմության այս թանկարժեք մասնիկը, քանի որ այս պատմական գորգը խորհրդանշում է Ամերիկայի մարդասիրական միջամտության պանծալի էջը և Ամերիկայի ու հայ ժողովրդի միջև հարատև կապերը»,- հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ամերիկայի հայկական համագումարի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031