Ամանորյա տոներին սննդային լուրջ թունավորումներ չեն եղել։ Կանչերը հիմնականում գրանցվել են սրտանոթային, շնչառական և այլ հիվանդությունների պատճառով։
Ինչպես նշեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը
«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ, այս տարի դեկտեմբերի 30–ից մինչև հունվարի 7–ը, Երեւանում գրանցվել է 6851 կանչ , ինչը 879–ով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված կանչերից։ Այս տարվա կանչերից 1139 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ինչը 206–ով ավել է անցյալ տարի հիվանդանոց տեղափոխվածների քանակից։ Թ. Ստեփանյանը նշում է նաև, որ Երեւանում այս տարի ամենաշատ կանչերը եղել են հունվարի 4–ին՝ 830 կանչ։ Այս տվյալը 104–ով ավել է անցյալ տարվա ամենաշատ կանչեր գրանցված օրվանից՝ հունվարի 7–ից։
Ըստ Թ. Ստեփանյանի, ՀՀ Առողջապահության նախարարության չափորոշիչի համաձայն՝ 30.000 բնակչին բաժին է ընկնում «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ –ի 1 մեքենա։ Այսօր «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ –ն Երեւանում ունի 35 մեքենա, որոնք բազմաթիվ կանչերի պատճառով միշտ չէ, որ հասցնում են շատ արագ տեղ հասնել։
Այդ պատճառով այժմ ՀՀ Առողջապահության նախարարության հետ միասին մշակվում է մի ծրագիր, որի շնորհիվ պետք է պարզ դառնա, թե որ կանչերն են , որ իրոք շատ շտապ են՝ մարդու կյանքին վտանգ են սպառնում և որ կանչերն են, որ այդքան էլ շտապ չեն՝ լուրջ վտանգ չկա։ Ըստ Թ. Ստեփանյանի այս ծրագրի իրականացումից հետո «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ–ի աշխատանքը ավելի արդյունավետ կլինի։
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ