Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային տոմսերով միայն կարելի է հաշվել 1 ուղեւորի ծախսը

Հունվար 09,2014 13:35

Մինչեւ այդ համակարգը չներդրվի, տրանսպորտի ուղեվարձի  թանկացման մասին չի կարող խոսք լինել

Այժմ Հայաստանի Հանրապետությունում ամենաքննարկվող թեման սպառողական գների բարձրացումն Է՝ հատկապես կապված Երեւանի ներքաղաքային տրանսպորտային միջոցների ուղեվարձերի հետ։

2013 թվականի հուլիս ամսին Երեւանի քաղաքապետարանի կողմից որոշում ընդունվեց ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձերը բարձրացնելու մասին:
Այդ որոշման գործողությունը տեւեց ընդամենը մի քանի օր։ Բնակչության եւ վերադաս մարմինների ճնշումների ներքո այն բեկանվեց։ Բեկանման պատճառներից գլխավորն այն էր, որ տրանսպորտային կազմակերպությունների կողմից չէին ներկայացվել հիմնավորող հաշվարկներ։ Հավանական է, որ այդ հաշվարկները մինչ օրս գոյություն չունեն։
Այս հարցին պատասխան տալու համար ներկայացնենք օտար երկրների եւ քաղաքների փորձը։
Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանի Հանրապետությունը եւ Վրաստանի Հանրապետությունը համարյա նույն կարգի հանրապետություններ էին։ Նույն կարգի էին նաեւ նրանց մայրաքաղաքները՝ Երեւանը եւ Թբիլիսին։ Մեր կարծիքով՝ վերջին տարիներին Վրաստանի Հանրապետության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ այնտեղ լրջորեն պակասեցին ներքին օղակներում կոռուպցիոն երեւույթները։ Բիզնեսի զարգացման եւ ներդրումների ավելացման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ (ներդրումներ կատարվեցին նաեւ ՀՀ քաղաքացիների կողմից)։ Թբիլիսի քաղաքը նույնպես լուրջ ձեռքբերումների է հասել, մասնավորապես՝ ներքաղաքային տրանսպորտի ասպարեզում։ Այստեղ բոլոր ներքաղաքային տրանսպորտային միջոցներում, ներառյալ ավտոբուսներում եւ միկրոավտոբուսներում, տեղադրված են էլեկտրոնային սարքեր, որոնց միջոցով ուղեւորները հատուկ չիպերի միջոցով կատարում են ուղեվարձի վճարումներ։ Այստեղ ուղեվարձի գծով գոյություն ունեն զեղչեր ուսանողների, մանկավարժների, անապահով խավի եւ թոշակառուների համար, ինչպես նաեւ անվճար երթեւեկության իրավունք առաջինից մինչեւ տասներկուերորդ դասարանի աշակերտների համար։ Եթե ուղեւորները մեկուկես ժամվա ընթացքում օգտվում են տրանսպորտային միջոցներից երկրորդ անգամ, այսինքն՝ նրանք, ովքեր կատարում են տրանսպորտային միջոցի տեղափոխում, ապա այն իրականացվում է անվճար։ Եթե քաղաքային ավտոբուսից եւ միկրոավտոբուսից օգտվում է նույն օրվա ընթացքում 3 անգամ եւ ավելի, ապա նրանց ուղեվարձը նույնպես զեղչվում է։

Հետաքրքիր է նշել, որ Թբիլիսիում, ի տարբերություն Երեւանի, միկրոավտոբուսները աշխատում են դիզելային, այսինքն՝ ավելի թանկ վառելանյութով, իսկ վարորդները աշխատում են ամսական 15 օր։

Երեւան քաղաքի ներքաղաքային տրանսպորտի երթուղագծերը, որոնք հիմնականում տնօրինում են պաշտոնատար անձինք եւ մեծահարուստները, այդ գծատերերը հիմնականում չունեն միասնության գիշերային կայանատեղիներ եւ տեխնիկական սպասարկման ծառայություններ։ Այսօրվա դրությամբ Երեւանի ներքաղաքային տրանսպորտի (միկրոավտոբուս, ավտոբուս, տրոլեյբուս) ֆինանսական հարցերը լուծվում են հետեւյալ կերպ. կանգառներում կամ երեկոյան ընթացքում վարորդը ուղեվարձը հավաքում է անձամբ, ինչպես այն կատարվում էր դարեր առաջ։ Օրվա վերջում առաջացած ամբողջ հասույթը բաժանվում է երթուղին սպասարկողների միջեւ, այդ թվում՝ նաեւ գծատիրոջ։ Բաժանումից հետո գումարի մնացորդը վարորդի օրվա աշխատավարձն էր։ Վարորդները այդ պայմաններում աշխատում են օրական 8-12 ժամ, հաճախ առանց հանգստյան օրերի։
Այս հարցը երկար ժամանակ կքննարկվի, քանի դեռ ներքաղաքային տրանսպորտի հարցերով զբաղվող լուրջ ընկերություններ չեն ձեւավորվել։ Այդ ընկերությունները, բացի իրենց սպասարկման հարցերից, պետք է զբաղվեն նաեւ հարցերի տնտեսագիտական հիմնահարցերով։ Տնտեսագիտական հարցերով զբաղվող ծառայությունները պետք է կատարեն ուղեւորի տեղափոխման ինքնարժեքի հաշվարկ։ Ուղեւորափոխադրումների ինքնարժեքի կառուցվածքի մեջ գլխավոր բաղադրիչն ամորտիզացիոն հատկացումներն են եւ վարորդի աշխատավարձը։ Վառելիքը, մանավանդ բնական գազի պայմաններում, համեմատաբար փոքր է։ Գազի գնի բարձրացումը մոտ 20 %֊ով (132 դրամից մինչեւ 155 դրամ՝ 1000 խմ համար) չէր կարող բերել ուղեվարձի 100%-ով թանկացման։

Ելնելով վերոհիշյալից՝ առաջարկվում է բոլոր ներքաղաքային տրանսպորտային միջոցների մեջ տեղադրել էլեկտրոնային սարքեր՝ ուղեվարձերի ճշգրիտ գանձման համար, ստեղծել մասնագիտացված ներքաղաքային տրանսպորտային խոշորացված ընկերություններ, որոնք կմատուցեն լիարժեք ծառայություններ, մասնագիտացված ընկերությունները, բացի ամեն ինչից, կունենան նաեւ վարորդների աշխատանքի եւ հանգստի գրաֆիկներ, էլեկտրոնային սարքերի պայմաններում հնարավոր կլինի ռեալ հաշվել 1 ուղեւորի վրա կատարված ծախսերը, այսինքն՝ ինքնարժեքը, հարկումը կկատարվի լիարժեք, եւ վերջապես դրանից հետո միայն կարելի է խոսել գների բարձրացման մասին։

Վ. ԿԱՐՃԻԿՅԱՆ
դոցենտ, տնտեսագիտության
թեկնածու

Լուսանկարները`rus.delfi.ee-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031