Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը Շանթ Հարությունյանի քաղաքական հետապնդումների մասին

Հունվար 09,2014 12:59

«Քննությունը շարունակվում է, եւ եթե որեւէ մեկը քննիչի կամ դատախազի որեւէ որոշում գտնում է ոչ իրավաչափ՝ կարող է բողոքարկել»,-այսօր կառավարությունում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքանո՞վ են իրավաչափ կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառվող գործողությունները, հարազատների հետ նրա տեսակցությունների արգելքը՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Հարցին, թե գլխավոր դատախազը հերքո՞ւմ է, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, պարոն Կոստանյանը պատասխանեց. «Ես ընդամենը կարող եմ փաստել, որ ցանկացած անձ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվել, եթե համապատասխանաբար դատարանը ճանաչեց վերջինիս մեղավոր այդ արարքի համար»:

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին, որտեղ դատավորների կաշառքների ծավալների մասին է նշվել, ընդ որում՝ գլխավոր դատախազը զեկույցի հրապարակումից հետո ՄԻՊ ղեկավարին հորդորել էր կոնկրետ փաստեր ներկայացնել, Գեւորգ Կոստանյանն ասաց. «Ցանկացած երեւույթ իր հիմքում պետք է ունենա փաստեր: Երեւույթը չի լինում եթերային, հիմնված է լինում որեւէ փաստի վրա: Փաստերի ներկայացման մասին է խոսքը, որ այդ փաստերին պետք է գնահատական տրվի, առավել եւս, որ քրեական գործ է հարուցվում փաստի առթիվ, ոչ թե երեւույթի կապակցությամբ»:

Լրագրողների այն հարցին էլ, որ մամուլում հնչել են դատավորների անուններ, որոնք ներգրավված են կոռուպցիայի մեջ, մի՞թե դրանք փաստեր չեն, Գեւորգ Կոստանյանն ասաց. «Ինչ վերաբերում է մամուլում ներկայացված այդ անուններին, ապա յուրաքանչյուր այդ դեպքի կապակցությամբ, որի մասին մամուլում կամ կոնկրետ փաստաբանների կողմից հայտարարություններ են եղել՝ դրանց վերաբերյալ մենք մանրամասն հաղորդագրություն ներկայացրեցինք եւ յուրաքանչյուր փաստաբանի ներկայացրած տվյալի կապակցությամբ վերլուծություններ ներկայացրեցինք: Առավել եւս՝ ես կարծում եմ՝ բոլորդ հնարավորություն ունեցել եք նաև գնահատելու, որ որեւէ փաստաբան կամ որեւէ հայտարարություն չի եղել, որ տեղի է ունեցել կաշառքի փաստ կամ կոռուպցիոն այլ դրսեւորման փաստ: Եվ այն հանգամանքը, որ փաստաբանը ներկայացնելով իր դիրքորոշումը հարցի հետ կապված, ընդամենը նշվում է հետեւյալը՝ քանի որ իմ կարծիքով որոշումն ապօրինի է, հետևաբար քննիչը և դատախազը կամ կաշառք են վերցրել, կամ անգրագետ են, կամ վերեւից հանձնարարական են ստացել: Այսինքն՝ այդ հանգամանքների հետ կապված որևէ փաստ այնուամենայնիվ չեն ներկայացրել: Չնայած դրան, ներկայացված բոլոր հարցադրումների հետ կապված առնվազն նյութեր նախապատրաստվել են թե հատուկ քննչական ծառայությունում, թե այլ մարմիններում եւ կայացվել են համապատասխան որոշումներ, ընդ որում, որոշումներ, որոնց մեծ մասն անգամ բողոքարկված չեն եղել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031