Հատված ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից:
–Անցած տարվա դեկտեմբերի սկզբին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ավելի վաղ՝ նոյեմբերին, տեղի էր ունեցել երկու երկրների նախագահների հանդիպումը, որի ժամանակ կողմերը պայմանավորվել էին ակտիվացնել հանդիպումները: Երկու տարվա ընդմիջումից հետո բանակցությունների վերսկսումը նշանակո՞ւմ է, որ հայկական կողմը Սաֆարովի հետ կապված միջադեպը համարում է փակված:
-Սաֆարովի արտահանձնման բարոյական պատասխանատուն, ըստ իս, եղել եւ մնալու են հունգարական գործող իշխանությունները: Այն փակված չի կարող համարվել, քանի որ լիովին հակասում է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու քրիստոնեական, համամարդկային արժեքներին: Դրա հեղինակները պետք է ամաչեն, քանի որ ոտնահարել են եվրոպական կարեւորագույն արժեքները:
Ինչ վերաբերում է բանակցությունների վերսկսմանը, ապա դրա գերագույն նպատակը մեզ համար վերջնական խաղաղության հասնելն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման իրավունքի եւ անկախ պետականության միջազգային ճանաչման ճանապարհով: Գաղտնիք չէ, որ հակահայկական քսենոֆոբիան Ադրբեջանում միշտ էլ եղել է իշխանական ու հանրային հիվանդություն: Մենք չպետք է թույլ տանք, որ այդ հիվանդությունը դառնա տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության սպառնալիք:
–Կարելի՞ է հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց սպասել 2014-ին:
Կարդացեք նաև
-2014-ը կարծում եմ, որ կարեւոր տարի է լինելու նաեւ Ղարաբաղյան կարգավորման համար, քանի որ նոր հնարավորություն կա ավելացնելու հիմնախնդրի լուծման քաղաքական ու տնտեսական գործոնները, եւ դրանից պետք է փորձենք օգտվել:
Նախ եւս մեկ անգամ նշեմ, որ ԼՂՀ-ն պետք է գտնվի միեւնույն մաքսային գոտում Հայաստանի հետ մեկտեղ, եւ ԼՂՀ ու ՀՀ միջեւ մաքսային սահմաններ չպետք է լինեն: Սա սկզբունքային հարց է, որը Հայաստանի կայացրած որոշման հիմքերից մեկն է: Եթե մեզ հաջողվի եվրասիական ինտեգրման գործընթաց մուտք գործել մեր կողմից նախատեսվող սցենարով ու ժամկետներում, ապա դա զգալիորեն կուրվագծի հակամարտության կարգավորման ցանկալի ընթացքը:
-Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի դեմոկրատ պատգամավորներից մեկը օրինագիծ է ներկայացրել, որը Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: Նման օրինագծերը որքանո՞վ են նպաստում ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին:
– Իհարկե ցանկացած քայլ առ ԼՂՀ ճանաչում, փոքրիկ ձեռնարկներ են, որոնք մի օր անպայման տալու են ցանկալի արդյունքը: ԱՄՆ մի քանի նահանգներ արդեն ճանաչել են ԼՂՀ անկախությունը: Մոտ քառասուն նահանգներ արդեն ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Եթե Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանն ընդունի այդ օրինագիծը, դա եւս մեկ հաստատուն քայլ կլինի մեր համազգային նպատակի իրականացման ճանապարհին:
Դա թեեւ դեռեւս չի արտահայտում ԱՄՆ պաշտոնական տեսակետը, բայց ես հավատում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար եւ իրավացի պայքարը ոչ միայն դե ֆակտո, այլեւ դե յուրե գտնելու է իր միջազգայնորեն ընդունված ու ճանաչված լուծումը:
Նաիրա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում