Խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինին նվիրված՝ Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից հրատարակված օրացույցը հարուցել է սոցիալական ցանցերի օգտատերերի վրդովմունքը: Հեղինակների կարծիքով, մինչդեռ, օրացույցը հիանալի նվեր է վետերանների և պատմության սիրահարների համար:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, համացանցում հայտնված օրացույցի էլեկտրոնային տարբերակը դարձավ կտրուկ քննադատության թիրախ: Իրենց մեկնաբանություններում օգտատերերը թվարկում են Ստալինի իշխանության օրոք տեղի ունեցած բռնության դեպքերը, մասնավորապես՝ մատնանշում այն փաստը, որ հենց նույն Ստալինն է ուղղափառ եկեղեցու հետևորդներին կտտանքների ենթարկել, իսկ եկեղեցիները քարուքանդ արել, ավերել:
Մոսկվայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հրատարակչության լույս տեսած օրացույցը, որը, ի դեպ, արժե 200 ռուսական ռուբլի, օնլայն տարբերակն էլ՝ 6 դոլար, ներկայացնում է Ստալինի կենսագրությունն ու փաստագրական տվյալներ լուսանկարների ուղեկցությամբ՝ վրացի մանուկից մինչև ալեհեր սովետական առաջնորդ:
Հայտնի ռուս պատմաբան Միխայիլ Բաբկինը, ով մասնագիտացած է Ռուս ուղղափառ եկեղեցու ուսումնասիրություններում, համացանցում տեղադրելով Ստալինի նկարը՝ մասնավորապես գրել է․ – «Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի և Ստալինի միջև կապը շարունակում է լինել սերտ և սուրբ»:
Կարդացեք նաև
Այս գրությանը հետևել են վրդովված օգտատերերի բազմաթիվ մեկնաբանություններ:
«Ռուս ուղղափառ եկեղեցին վաղուց վերածվել է բիզնես կառույցի և եկեղեցի-խանութներն էլ առաջարկում են կրոնական ծառայություններ», – գրել է օգտատերերից մեկը:
«Դա խայտառակություն է, խայտառակություն և վիրավորանք Ստալինի օրոք բոլոր մահացածների համար», – գրել է մեկ ուրիշը:
Լուսինե Մուսայելյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում