Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական օրերին կլինիկա են դիմել պայթուցիկներից ու հրավառություններից բազմաթիվ տուժածներ. «Հայկական ժամանակ»

Հունվար 09,2014 10:53
hravarutyun

Շատ ընտանիքներ, որոնք Ամանորի ընթացքում հույս են ունեցել ճայթուկների ու հրավառությունների միջոցով տոնական տրամադրության ապահովել, ստացել են հակառակ արդյունքը։ Այդ օրերին, շատերը նույնիսկ հունվարի 1-ի գիշերը ստիպված են եղել բուժհաստատությունների դռները բախել՝ մարմնական վնասվածքները չեզոքացնելու ակնկալիքով։

Գրանցվել են նմանատիպ տասնյակ դեպքեր։ «Շտապբուժօգնություն» ընկերության տվյալներով, սակայն, դրանք անհամեմատ քիչ են։ Ճայթուկներից ստացած վնասվածքների կապակցությամբ այս ծառայությունում ընդունվել է ընդամենը երկու կանչ։

Ինչպես փոխանցեցին առողջապահության նախարարությունից, դեկտեմբերի 31-ին 35-ամյա մի տղամարդ աչքի վնասվածքով տեղափոխվել է Երեւանի՝ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա։

Հունվարի 4-ին 8 տարեկան տղա երեխան ձեռքի այրվածքով տեղափոխվել է այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոն։

Բայց շատերը հիվանդանոց են տեղափոխվել՝ առանց շտապօգնություն հրավիրելու։ Ակնաբուժական կլինիկայի ընդունարանից մեզ փոխանցեցին, որ տոնական օրերին իրենց է դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 4 հոգի։ «Առաջին անհետաձգելի բուժօգնությունը ստացել են, բուժումը նշանակվել է, գնացել են տուն։ Ժամանակի ընթացքում պետք է բուժում ստանան»,- տեղեկացրին կլինիկայի ընդունարանից՝ հավելելով, որ տվյալ բժիշկը գործուղման մեջ է եւ տուժածների վիճակի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ հնարավոր չէ։

Համալսարանական թիվ 1 կլինիկայից պարզեցինք, որ դեկտեմբերի 31-ին իրենց է դիմել 6 մարդ։ «Բավականին ծանր վնասվածքներ էին՝ ձեռքի մեջ սալյուտները պայթելու հետեւանքով։ Երկու հոգու մոտ մատների անդամահատում է տեղի ունեցել։ Այսինքն՝ անդամահատված հատվածը բացակայել է։ Վերականգնման ենթակա չի եղել։ Մի դեպքում երկու մատի եղունգային ֆալանգներն են եղել, իսկ մյուս դեպքում, որը մի քիչ ավելի ծանր է, մի մատը անդամահատված է, մյուս մատը վերականգնման փուլում է։ Մնացածի մոտ համեմատաբար ավելի թեթեւ վնասվածքներ են եղել»,- մեր զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանը։

Տուժողները բոլորը արական սեռի ներկայացուցիչներ են՝ այդ թվում 8 եւ 17-ամյա տղաներ։ Առավել ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը դեռեւս բուժհաստատությունում է։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031