Փետրվարի 3-ին՝ ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին օրը, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Ֆորմալ առումով անվստահության հարցը կբարձրացնի ՀԱԿ խմբակցությունը, իսկ նրան կաջակցեն ԲՀԿ, ՀՅԴ, հնարավոր է՝ նաև «Ժառանգություն» խմբակցությունները: Ըստ 168.am – ի, առայժմ ՀԱԿ հիմնավորումները պաշտոնապես հրապարակված չեն, բայց կարելի է ենթադրել, որ դրա հիմքում լինելու է տնտեսական իրական աճի բացակայությունը, աղքատության բարձր մակարդակը և այն նվազեցնելու կառավարության անկարողությունը, գների և եկամուտների տարբերության շարունակական մեծացումը, գործարարության համար պայմանների վատթարացումը, հարկային բեռի ավելացումը և այդ ամենի հետևանք՝ շարունակական արտագաղթը, որը վաղուց արդեն բնորոշվում է՝ որպես փախուստ: Քանի այս հիմնավորումները պաշտոնապես ներկայացված չեն, խորհրդարանի ոչ իշխանական խմբակցությունները չեն շտապում կարծիք հայտնել, թե ինչպիսին կլինի իրենց վերաբերմունքը ՀԱԿ նախաձեռնության նկատմամբ: Չնայած պարզ է, որ կառավարության գործունեության գնահատականը բոլորի համար էլ նույնն է, և այն բացասական է:
Հայտնի է, որ խորհրդարանում ներկայացված ոչ իշխանական ուժերը բավարար ազդեցություն չունեն կառավարությանն անվստահություն հայտնելու համար: Նրանք միասին ունեն ընդամենը 53 մանդատ, մինչդեռ անհրաժեշտ է ևս 13 պատգամավորի աջակցություն՝ խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար: Արդյո՞ք ՀԱԿ-ը հերթական քաղաքական ակցիան է կազմակերպում խորհրդարանում՝ փորձելով շահել կառավարությունից դժգոհ հասարակության համակրանքը, թե՞ այդ նախաձեռնությունը կարող է ունենալ նաև գործնական նշանակություն:
Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ կառավարությանը կարող են անվստահություն հայտնել ոչ միայն ոչ իշխանական պատգամավորները, այլ նաև նրանք, ում սովորաբար ընդունված է համարել կառավարության քաղաքական հենարանը` ՀՀԿ խմբակցությունը: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կառավարության ղեկավարի հասցեին հնչեցված քննադատությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց աջակցությունը հայտնեցին ոչ թե կառավարությանը և նրա ղեկավարին, այլ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նրանք համարում են, որ Ռոբերտ Քոչարյանը միանգամայն իրավացի է իր գնահատականների մեջ, և նա միակը չէ, ով քննադատում է կառավարության գործունեությունը:
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև