Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Այս արժեքները եզակի են, բազմատիրաժ չեն»․ (Տեսանյութ)

Հունվար 08,2014 19:37

«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Ժամանակին Երեւանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող այս շինությունը տարիներ շարունակ չի շահագործվում, եւ «Զվարթնոցի» ներկայիս կառավարիչը՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը, այն բանից հետո, երբ կառուցեց նոր շինությունը, քանիցս շեշտել է, որ նախկին շինության պահպանումը չափազանց թանկ հաճույք է, եւ իրենք մտադրված են քանդել այն:

Մենք փորձեցինք ճարտարապետ, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից ճշտել՝ ի՞նչ է հնարավոր անել նման դեպքերում. երբ որեւէ շինության նոր սեփականատերը կամ կառավարիչը նպատակահարմար չի գտնում պահպանել այդ կառույցը, պնդելով, որ չունի այդքան միջոցներ:

Ըստ պարոն Մինասյանի՝ հարկավոր է նախապես, մինչեւ սեփականաշնորհելը ուսումնասիրել այդ բոլոր խնդիրները, ճշտել հարցերը, եւ դնել պայմաններ՝ նոր սեփականատիրոջ կամ երկարամյա կառավարիչի առջեւ: Մեր հարցին՝ եթե, այնուհանդերձ, այդ «նախապեսը» չի արվել, ի՞նչ է հնարավոր անել հետո, երբ սեփականատերը հայտարարում է, որ չունի միջոցներ՝ այդ շինությունը պահպանելու համար: Ճարտարապետը կարծում է, որ լուծում միշտ էլ հնարավոր է գտնել. «Միշտ էլ կարելի է գտնել տարբերակ՝ շինությունը պահպանելու համար: Եթե անգամ այդ կառույցը չեն շահագործելու այն նպատակի համար, որի համար կառուցվել է, միեւնույն է, կարելի է պահպանել այն, եւ դրա համար հնարավոր է գտնել միջոցներ: Չգիտես ինչու, մեզ մոտ մտածում են, որ ավելի լավ է քանդել եւ նորը կառուցել, քան հինը վերականգնել: Եթե այդպես լինի՝ մեր ամբողջ քաղաքը քանդման ենթակա է»: Ճարտարապետը նկատեց, որ ի տարբերություն Հայաստանի, արտասահմանում աշխատում են ցանկացած շենք, շինություն պահել, պահպանել՝ օգտագործելով հնարավոր բոլոր ռեսուրսները: Կոնկրետ «Զվարթնոցի» մասին նա ասաց՝ «պետք է նայել, թե այդ շենքը ինչքան ռեսուրս ունի պահպանվելու: Եթե չի կարող շահագործվել որպես օդանավակայան, պետք է տեսնել, թե ի՞նչ է հնարավոր անել»:

Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ լուծում է այս պահին, իրերի այս դրության պարագայում տեսնում ճարտարապետը: Եթե կառավարիչն անդրդվելի է եւ չի ուզում պահպանել շենքը, ի՞նչ մեխանիզմ կա նրան ստիպելու: Ըստ պարոն Մինասյանի՝ պետք է կառավարությունը իր ձեռքը վերցնի այս հարցը՝ հասկանալով, որ այն ուղին, որ որդեգրել է Հայաստանը՝ անկախությունից ի վեր՝ անընդհատ կորցնելով եւ քանդելով արժեքներ, շենքեր, շինություններ, ոչ մի տեղ չի տանում:

Մեր հարցին՝ բայց արդյոք կառավարությունը ունի՞ համապատասխան միջոցներ, որպեսզի կարողանա պահպանել այդ թանկարժեք շինությունը, ճարտարապետը պատասխանեց. «Կառավարությունն էլ չունի: Բայց միշտ կգտնվեն նրանք, ովքեր ունեն այդ միջոցները եւ պատրաստ են ներդնել: Պետք է թափանցիկ լինի ամեն ինչ, պետք է մրցույթ իրականացվի, լինեն մի քանի առաջարկներ՝ շենքի վերաշահագործման համար, որեւէ լավ ծրագիր է պետք ընտրել այդ կառույցը տալու համար: Եթե մի գնորդ է լինում, ոչ թե մի քանիսը՝ հնարավորությունը փոքրանում է, իսկ մի քանիսի թափանցիկ մրցույթի դեպքում կարելի է ընտրել լավագույն առաջարկը»:

Նա հիշեց, թե ինչպես նույն Էռնեկյանը, ով հիմա նաեւ օդանավակայանի կառավարիչն է, առանց որեւէ մրցույթի պատրաստվում էր գնել ԱԳՆ շենքը եւ այն վերածել հյուրանոցի: Սակայն ինքն էլ հասկացավ, որ դրա համար չափից դուրս շատ փոփոխություններ եւ ձեւափոխումներ է հարկավոր անել շենքում, եւ հրաժարվեց այդ մտքից: Ըստ Մ.Մինասյանի՝ ամենայն հավանականությամբ ԱԳՆ նախկին շենքում կտեղակայվի որեւէ թանգարան, որը շատ լավ տարբերակ կլինի:

Պարոն Մինասյանը զգուշացնում է, որ ի տարբերություն գրքերի, շենքերը եւ շինությունները բազմատիրաժ չեն, արվեստի եզակի եւ չկրկնվող արժեքներ են, եւ եթե ոչնչացվում են, ոչնչացվում են անդառնալիորեն:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031